Freedom House-ը մտահոգություն է հայտնում Փաշինյանին վիրավորելու համար Facebook-ի օգտատիրոջ դեմ քրեական գործի առնչությամբ. Ազատություն

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկնաբանությունում վիրավորած ֆեյսբուքյան օգտատիրոջ դեմ վերջերս հարուցված քրեական գործի առնչությամբ, հայտնում է Ազատությունը։

Կազմակերպությունն իր հաղորդագրությունում նշում է, որ դա տեղի է ունեցել կառավարական պաշտոնյաներին «ծանր վիրավորանք» հասցնելը քրեականացնող օրենսդրական փոփոխությունների՝ խորհրդարանի կողմից ընդունվելուց երկու ամիս անց, և «նշանավորում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի, այդ թվում՝ արտահայտվելու ազատության հստակ նահանջ»։

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում «անմիջապես դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս հակասահմանադրական օրենսդրության կիրառումը»։

Մոտ մեկ շաբաթ առաջ հաղորդվեց, որ Հայաստանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Facebook-ում վարչապետի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար, իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում մեկնաբանության հեղինակի ինքնությունը պարզելու ուղղությամբ։