Փաշինյանը հստակեցրեց՝ ինչ հարցերի է պատրաստվում անդրադառնալ Հանրապետության հրապարակում հավաքի ընթացքում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին ամենակարևոր խնդիրը համարում է ժողովրդի և քաղաքացիական իշխանության պահպանումը՝ ընդգծելով, որ այն, ինչ տեղի է ունենում, ինքը որակում է որպես ռազմական հեղաշրջման փորձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում:

«Դուք գիտեք, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ իմ վրա և փորձել եմ ամեն ինչ անել, որ բոլոր հարցերին ես ինքս պատասխանեմ: Բայց մենք եկել ենք մի փուլի, որտեղ, ցավոք, մեր որոշ բարձրաստիճան զինվորականների հարցեր տալուց չենք կարող խուսափել, որովհետև,եթե մենք ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մենք մեր մի քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ: Բայց մեր հարգելի և սիրելի մի քանի գեներալների դուր չի գալիս, որ մենք, հանրությունը, քաղաքացիական իշխանությունը, կառավարությունը կարող են իրենց հարցեր ունենալ մի քանի դրվագների վերաբերյալ: Բայց դա անխուսափելի է: Դա չի նշանակում, որ այդ հարցերի պատասխանների արդյունքում պիտի անպայման ինչ-որ բաներ տեղի ունենան: Բայց մենք պիտի իմանանք մի շարք հարցերի պատասխաններ, կոնկրետ մարտական, ռազմական դրվագների հետ կապված պատասխաններ: Պիտի հասկանանք, թե ինչ կապեր են գոյություն ունեցել որոշ բարձրաստիճան սպաների և որոշ քաղաքական շրջանակների միջև, ովքեր էին, որ պատերազմի ընթացքում կապվում էին բանակի հետ և փոխանակ ասեն ձեր մարտերը տարեք, անընդհատ հորդորում էին, որ պետք է իշխանության խնդիրը լուծել: Էլ չեմ ասում նոյեմբերի 9-ի, ըստ էության, հեղաշրջման փորձը, երբ պարզվեց կան շրջանակներ, ովքեր ուզում են հարձակվել կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների վրա, հաշվեհարդար տեսնել, որպեսզի նաև պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը ի հայտ չգա»,- նշեց վարչապետը:

Նա հավելեց, որ այս հարցերի շուրջ է քաղաքացիներին հրավիրում Հանրապետության հրապարակ: «Նախ ուզում եմ կոչ անել պահպանել հանդարտություն, այսինքն՝ որևէ կտրուկ գործողություն չանել, ուղղակի որպես քաղաքացիական խաղաղ հավաքի մասնակից գալ Հանրապետության հրապարակ: Նաև ուզում եմ կոչ անել մեր զինվորականներին, որ շարունակեն իրականացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության իրենց գործառույթները և որևէ դեպքում զգոնությունը չկորցնել, ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ մեր զինվորների վերահսկողության տակ է, և պետք չէ թույլ տալ ծառայողական գործընթացներին հակասող որևէ գործողություն»,- ասաց Փաշինյանը:

Նա կարևոր համարեց արձանագրել, որ անթույլատրելի է, որ զինված ուժերը, բանակը զբաղվեն քաղաքականությամբ և հանդես գան քաղաքական գնահատականներով: «Խոսքը մեր ոչ բոլոր զինվորականների մասին է, նրանց մեծ մասը պարզապես վերադասի հրամանն են կատարել: Ես ուզում եմ ընդգծել, որ նրանց վերադաս է նաև պաշտպանության նախարարը, նրանց վերադաս է նաև վարչապետը և զինվորականները պարտավոր են ենթարկվել օրինական հրամաններին և հրահանգներին, որոնք տրվում են վերադասի կողմից»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Նա  հույս և համոզմունք հայտնեց, որ այս իրավիճակը կհաղթահարվի  ՀՀ օրենսդրության սահմանված կարգով և ձևով: «Այսինքն՝ մենք առաջիկայում զինված ուժերի գլխավոր շտաբի  նոր պետ և պետի նոր տեղակալներ կնշանակենք: Այժմ պաշտպանության նախարարին հրահանգված է կատարել իր բոլոր գործառույթները, իրականացնել իր ծառայողական պարտականությունները և զինված ուժերի բնականոն գործունեությունն ապահովել: Բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ մեր անելիքների մասին խոսելու և ձեր առաջ ելույթ ունենալու, մի շարք հրատապ և հետաքրքրող հարցերի անդրադառնալու»,- եզրափակեց  Փաշինյանը: