«Այս խորհրդարանը բացարձակ կտրված է մեր ազգային խնդիրներից, մեր ժողովրդի պրոբլեմներից». Միքայել Նահապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը

– Այսօր գումարվեց նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը: Հետևելով, թե ինչպես են «ռադիկալ ընդդիմություն» հռչակած ուժերն իրենց պահում, ինչպիսի՞ ԱԺ ենք ունենալու, ինչքան կյանք է ունենալու այս խորհրդարանը՝ ձեր կարծիքով:

– Ես հիմա չէի ուզենա այդպես կտրուկ կանխատեսումներ անել, թե ինչքան կյանք կունենա խորհրդարանը: Ես ավելի շատ կուզենամ անդրադառնալ նրան, թե ինչ արդյունք կունենա այս ԱԺ-ն: 

Որքան երկար տևի այս ԱԺ-ի գործունեությունը այն տրամաբանության մեջ, որ այն հավելյալ արժեք չի ստեղծում, չի կենտրոնանում մեր հիմնական մարտահրավերների վրա, խորացած է ներքաղաքական ինտրիգների մեջ, այնքան մեծանալու են հանրային ապատիան, երկրի հետ ապագա չկապելը, արտագաղթի պլանները: 

Այսինքն՝ ինքն ստեղծելու է մի վիճակ, որ նույն ԱԺ-ն գոյության պրոբլեմ է ունենալու: Ոչ թե իրեն չեն թողնելու, որ մնա ու շարունակի, այլ ուղղակի իրավիճակը կառավարելու պրոբլեմ է ունենալու: 

Հանրային տրամադրությունները բավականին պրոբլեմ են լինելու թե՛ երկրի զարգացման, թե՛ ընդհանուր վիճակը կայուն պահելու համար: Սա այն է, ինչը ես տեսնում եմ: Ես չգիտեմ՝ ինչքան կտևի այս վիճակը, ինչքան երկար՝ այնքան ավելի վատ: 

Այս խորհրդարանը բացարձակ կտրված է մեր ազգային խնդիրներից, մեր ժողովրդի պրոբլեմներից: 

– Այն քայլերը, որոնք այսօր ԱԺ-ում անում է խորհրդարանական նոր ընդդիմությունը, որքանո՞վ են բխում հանրային շահերից, և որքանով էին միտված իրենց անձնական շահերին: Նրանք Սյունիքի կալանավորված համայնքապետների նկարներով շապիկներ էին կրում: Ի՞նչ պայքարի ենք ականատես լինելու խորհրդարանում:

– Խոշոր հաշվով այդ համայնքապետներն իրենց ընկերներն են, քաղաքական թիմակիցներն են, լավ են անում, որ պայքարում են նրանց ազատության համար: Մյուս կողմից՝ իրենք հարց են բարձրացնում, թե որքանով է այդ գործընթացն օրինական, և այդ հարցը հնչելու իրավունք ունի: 

Այդ առումով որևէ տարօրինակ բան չեմ տեսնում, բայց պետք է նաև հաշվի առնենք, որ այդ մարդիկ խնդիր ունեն, քանի որ անընդհատ ասել են՝ հաղթելու ենք, երկրում իշխանությունը փոխվելու է, հետո գնացել, նստել են մի խորհրդարանում, որտեղ իրենք այդ կարգավիճակով չպետք է լինեին ըստ իրենց հայտարարությունների: 

Նրանք հայտարարում էին, թե չեն մասնակցի Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին, ու երբ այդ տեքստը փոխելու անհրաժեշտություն առաջացավ, ասացին՝ դե հաղթելու ենք, դրա համար ենք մասնակցում: Հիմա իրենք պետք է իրենց ընտրազանգվածին բացատրեն, թե այդ մարդկանց օգուտն ինչն է, որ գնացել, էնտեղ նստել են: Այսինքն՝ նրանք շոուով, մեծ հանդիսավորությամբ ԱԺ մուտք գործելու խնդիր ունեին: 

Ես կարծում եմ՝ այս վիճակի մեջ, այնուամենայնիվ, որոշակի փոփոխություն կլինի առաջիկա շրջափուլից հետո, տոնայնությունը կփոխվի: Ներկայիս ագրեսիվությունը որոշակիորեն կմեղմանա, բայց միևնույն է, ես այս ԱԺ-ից որակյալ քաղաքական պրոդուկտ չեմ սպասում: 

– Այսօր մեր սահմաններին անհանգիստ է, մենք փաստացի չհայտարարված պատերազմի մեջ ենք, իսկ խորհրդարանը կարծես թե այդ իրականության հետ աղերս չունեցող քայլեր է անում: 

– Այո՛, խորհրդարանը կտրված է այդ իրավիճակից և չի կարողանալու դրան լուծում տալ, բայց, ընդհանուր առմամբ, այնպես չէ, որ խորհրդարանից դուրս բոլորն ադեկվատ են ստեղծված իրավիճակին, որ ԱԺ-ն էլ դրանից կտրված է: 

Ընդհանուր առմամբ, մեր հասարակական, քաղաքական դաշտը, պետական կառավարման դաշտը պրոբլեմ ունեն իրավիճակը հասկանալու, լուծումներ գտնելու: Ինչքան այդ պրոբլեմը պահպանվի, այնքան մենք երկար ենք անվտանգության խնդիրներ ունենալու: 

Երբ նայում եմ, թե հասարակական, քաղաքական դաշտում ինչ են մարդիկ խոսում, ու կապ չունի՝ ընդդիմադիր, իշխանամետ, թե խորհրդարանական, ոչ խորհրդարանական, բացարձակ աբսուրդի թատրոն է: 

Մարդիկ լուրջ դեմքերով բանավիճում են, թե որն է ճիշտ՝ ՀԱՊԿ-ին դիմելը, թե ՀԱՊԿ-ից դուրս գալը և Արևմուտքին ապավինելը: Ինչ-որ խրոխտ աջակիցներ ասում են՝ այո՛, պետք է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խորացնել, և դրա հետ են կապում մեր անվտանգությունը: 

Մյուս կողմից ասում են՝ ո՛չ, պետք է ՀԱՊԿ-ին ոչ ասել, դուրս գալ այդ կառույցից, Ֆրանսիան հենա արդեն ռազմական աջակցություն է խոստացել, ասել է՝ գալիս եմ օգնության: 

Այն մթնոլորտում, որտեղ մարդիկ իրենց անվտանգային խնդիրների լուծումները կապում են գոյություն չունեցող գործոնների հետ, էդ ժողովուրդը չի կարող անվտանգ ապրել: 

Քանի դեռ մեր հասարակական, քաղաքական դաշտում այդ մոտեցումը չի պատժվում, հանրային պարսավանքի չի արժանանում, քանի դեռ խայտառակ չեն անում այն մարդկանց, որոնք այդ տեքստերն ասում են, մենք այդքան ժամանակ վտանգի մեջ ենք ապրելու, այդքան ժամանակ մեր սահմանները վտանգի մեջ են լինելու: 

Ի վերջո, պետք է լրջանալ ու հասկանալ, թե մենք այդ հարցերը ոնց ենք լուծելու սեփական ուժերով: Որովհետև ոչ ոք մեզ հետախուզություն ու հակահետախուզություն չի նվիրելու, ոչ մեկը մեր սահմանների անվտանգությունն ապահովող ուժեր չի նվիրելու: 

Եթե ինչ-որ մեկը մեզ այդպիսի ուժեր տրամադրի, անպայման մենք դրա համար շատ թանկ ենք վճարելու: Դա է այս աշխարհում ապրելու օրենքը: Ով որ ժողովրդին առաջարկում է գտնել բարի պապիկ, այդ մարդուն պետք է խայտառակ անենք, չթողնենք, որ հանրային կյանքում խոսի:

Վերադառնալով ձեր սկզբնական հարցին, ասեմ, որ մեր ամբողջ հասարակական, քաղաքական դաշտը Ձմեռ պապի փնտրտուքի մեջ է: Բանավեճը միայն այն մասին է, թե ով է ավելի լավ Ձմեռ պապ: Իրականության մեջ Ձմեռ պապ գոյություն չունի: 

– Փաստորեն, մենք ԱԺ-ում ունենք երեք քաղաքական ուժեր, որոնք գոնե արտաքին քաղաքական ճակատում ունեն նույն պատկերացումները: Սա խնդրահարո՞ւյց է, թե ոչ:

– Դա բերում հանգեցնում է նրան, ինչ ես ասում եմ. մեր կյանքը կառավարում են մարդիկ, որոնք մեր կյանքից բացարձակ կտրված են, ամպերի մեջ են ապրում: Օրինակ՝ դուք ձեր տան վերանորոգումը կվստահեի՞ք մեկին, որը գար, ասեր՝ գիտե՞ս ինչ, աշխարհի ամենաորակյալ պատերը սարքում են ամպիկներից: 

– Կառավարությունն արդեն ձևավորվում է, փոխվարչապետ և մի քանի նախարարներ նշանակվել են: Սա հույս ներշնչո՞ւմ է, որ ինչ-որ որակական որևէ փոփոխություն կարող ենք ակնկալել: 

– Չեմ կարծում, որ տեսանելի առաջընթաց կլինի, ու սա ընդդիմադիր տեքստ չի, որ ասում եմ: Աշխարհի ամենալավ նախարարներն էլ մեզ մոտ վիճակն էականորեն չեն փոխի, որովհետև մեզ մոտ այդ մոլորությունը կա, որ գոյություն ունեն լավ նախարարներ, որոնք կգան ու իրավիճակը կփոխեն և հրաշքներ կգործեն: 

Իրականությունն այն է, որ մենք տարբեր մակարդակի 50 հազար պետական կառավարչի պակաս ունենք: 

Մենք չունենք կրթություն, մենք չենք սարքում կառավարիչներ, մենք չունենք նորմալ կադրեր, չունենք մարդիկ, որոնք կգրեն պետական կառավարման ռազմավարություն, կդնեն խնդիրներ, կաշխատեն այդ խնդիրները լուծելու ուղղությամբ: Ոչ մի նախարար մեզ այդ հարցում օգուտ չի տալու: 

Այլ հարց է, որ կարող է նորմալ մարդիկ նշանակեն նախարար, որոնք գոնե այդ ուղղությունը վերցնեն և այդպիսի կադրեր սկսեն ձևավորել: 

Մանե Հարությունյան

MediaLab.am