Սահմանամերձ Մխիթարաշենը շարունակում է ապրել. համայնքապետ

ԱՀ Ասկերանի շրջանի Մխիթարաշեն համայնքը 80 բնակիչ ունի:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մխիթարաշենի համայնքապետ Մխիթար Առստամյանը: Նրա խոսքով՝ Մխիթար Սպարապետի անունով կոչված գյուղը Արցախի հին բնակավայրերից է. հենց այստեղ է Սպարարպետի զորքը ջախջախել պարսիկներին:

«Ազատ բնակֆոնդից 10 տուն ունենք, որոնք վերանորոգումից հետո կարող ենք տրամադրել տեղահանված մեր հայրենակիցներին: Համայնքապետարանի շենք չունենք, մեր գործունեությունը ծավալում ենք գյուղի առանձնատներից մեկում: Գյուղում գործում է բուժկետ, որը կառուցվել է 12 տարի առաջ, ունենք նաև հանդիսությունների սրահ. շենքը վերանորոգման կարիք ունի: Գյուղամիջյան ճանապարհների վիճակը ևս բարվոք չէ։ Դպրոց չունենք, 13 աշակերտ հաճախում է հարևան Շոշ գյուղի դպրոցը: Մանկապարտեզ ևս չունենք. մանկապարտեզի ենթակա երեխաների թիվը շատ քիչ է: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ»,- պատմել է Մ. Աստամյանը՝ կարևորելով, որ բնակիչներն ամուր են կառչած իրենց հողից։

Նա ցավով է տեղեկացրել, որ մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը գյուղն ուներ 80 հա վարելահող, որից 77 հա֊ը անցել է թշնամու տիրապետության տակ: