«Ավետիս». Հանքափորների գործադուլը՝ Վրաստանի նոր իշխանությունների առաջին մարտահրավեր

«Ավետիս». Հանքափորների գործադուլը՝ Վրաստանի նոր իշխանությունների առաջին մարտահրավեր
«Ավետիս». Հանքափորների գործադուլը՝ Վրաստանի նոր իշխանությունների առաջին մարտահրավեր

Բանվորները դժգոհ են վարձատրությունից եւ աշխատանքային պայմաններից, մինչդեռ հանքի նոր սեփականատերերը պնդում են, որ 6 ամիս առաջ են ստանձնել հանքաարդյունաբերական ընկերության ղեկը, եւ իրենց անելիքները դեռ շատ են:
Վրաստանի արեւմուտքում շուրջ 3 000 հանքափորներ գործադուլ են հայտարարել՝ աշխատավարձի բարձրացում եւ աշխատանքային պայմանների բարելավում պահանջելով: Գործադուլը նախանշում է այն դժվարությունները, որոնց բախվելու է երկրի նոր կառավարությունը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստանում էր բարելավել աշխատանքային պայմանները:
Մինչ Չիատուրայում աշխատող 2 700 հանքափորները պատրաստվում են կրկին բողոքի ցույց անցկացնել, կառավարության կողմից կազմավորված հանձնաժողովը կուսումնասիրի ստեղծված իրավիճակը: Ուկրաինացիների կողմից գնված «Georgian Manganese» ընկերությունը եւ բանվորները համաձայնվել են ընդգրկվել հանձնաժողովի կազմի մեջ, որը պետք է ուսումնասիրի գոյություն ունեցող տարաձայնությունների առարկան:

Հանքագործները պահանջում են 100 տոկոսով բարձրացնել իրենց աշխատավարձը, բարելավել աշխատանքային պայմանները եւ պատշաճ պաշտպանիչ հագուստ տրամադրել`կոչ անելով «Georgian Manganese» ընկերությանը հրապարակել այս պահանջների կատարման ժամկետները:

Ընկերությունն ընդամենը 6 ամիս առաջ է գնել Չիատուրայի հանքերը, որտեղ խորհրդային տարիներին մանգանի արտադրությունը առաջատար դիրքերում էր:

Հանքափորների միջին աշխատավարձը կազմում է 250-400 լարի`150-ից 240 դոլար, իսկ հանքերի առավել վտանգավոր գոտիներում աշխատող բանվորների աշխատավարձը հասնում է 700 լարիի:

Հանքաարդյունահանողների գործադուլը սկսվեց Բիձինա Իվանիշվիլու գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի՝ հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Իվանիշվիլին խոստացել էր բարելավել աշխատանքային պայմանները, եւ հանքափորները բացեիբաց ընդունում են,որ իրենց գործադուլի նպատակն է ստիպել նոր կառավարությանը կատարել այս խոստումը:

«Նախկինում չէինք համարձակվում գործադուլ անել, որովհետեւ վախենում էինք, որ մեզ պարզապես կազատեին աշխատանքից: Այժմ հույս ունենք, որ նոր կառավարությունն այդպես չի վարվի եւ կաջակցի մեզ», – IWPR-ին ասաց 53-ամյա հանքափոր Գայոզ Յոբաշվիլին:

Չիատուրա նահանգը Վրաստանի խորհրդարանում ներկայացնող, «Վրացական երազանք» դաշինքի պատգամավոր Մալխազ Ծերեթելին հայտարարել է, որ կառավարության պաշտոնյաներն արդեն իսկ հանդիպել են ընկերության ներկայացուցիչների եւ աշխատակիցների հետ:

«Վրացական երազանք» դաշինքի կազմում գտնվող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Թինաթին Խիդաշելին հոկտեմբերի 18-ին հանդիպել է ընկերության սեփականատերերի հետ եւ փոխանցել է գործադուլի մասնակիցներին նրանց առաջարկը:

«Միայն ընտրություններում մեր տարած հաղթանակը դեռեւս չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է: Մեր պարտավորություններն ընտրողների նկատմամբ այսքանով չեն ավարտվում. մենք անպայման կլուծենք այս խնդիրները: Ներդրողը պատրաստ է 25 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, բայց այս գումարը պետք է վճարվի այն խրախուսական գումարներից, որոնք որոշ հանքափորներ ստանում են, իսկ մյուսները՝ոչ», – հայտարարել է նա:

Գործադուլի մասնակիցները, սակայն, մերժեցին այս առաջարկը՝խոստանալով շարունակել բողոքի ցույցերը: 20 հանքափորներից բաղկացած մի խումբ անգամ 3 օր շարունակ հանքերից մեկում նստացույց էր անում:

«Եթե անգամ գործադուլն ամիսներ տեւի, մենք չենք պատրաստվում հեռանալ: Մենք կմիանանք բողոքի ցույցերին հանքերում՝ ի նշան աջակցության նստացույց անողներին… մեզ ահաբեկել են ու մեզ հետ վարվել այնպես, կարծես ստրուկ լինեինք, այս ամենին պետք է վերջ տալ», – ասում է գործադուլի կազմակերպչական կոմիտեի անդամ Գուլթամզե Չուբինիձեն:

Հանք այցելող լրագրողներին բանվորները պատմում են, որ իրենց աշխատանքային պայմանները պարզապես սարսափելի են: Նրանք չունեն պաշտպանիչ հագուստ, հանքաարդյունահանման սարքավորումները խորհրդային արտադրության են, անգամ լվացվելու հարմարանքներն են հնացած ու վատ վիճակում:

«Ամեն օր դժբախտ պատահար է լինում, բոլոր սարքերը կոտրված են, բժշկական օգնություն չեն տրամադրում, մեր հագած երկարաճիտք կոշիկները պատռված են ու ջուր են ներծծում: Մեզ շներից էլ վատ են կերակրում: Հանքի սեփականատերերը մեր հաշվին հարստանում են, իսկ մեզ 350 լարի են վճարում: Այդ գումարով կարելի է ընդամենը մի քանի օր ապրել: Այստեղ բոլորը բանկերին պարտք են»:

Հանքաարդյունաբերական ընկերությունն իր հերթին պնդում է, որ աշխատավարձի 100 %-անոց բարձրացումն այս պահին անհնար է, քանի որ ընկերությունն իրեն պարզապես չի կարող դա թույլ տալ:

«Georgian Manganese» ընկերության տնօրեն Վլադիմիր Լոզինսկին հայտարարել է, որ երբեւէ տեղյակ չի եղել աշխատանքային պայմանների մասին եւ կոչ է արել հանքափորներին անանուն կարգով ներկայացնել իրենց դժգոհությունները համատեղ հանձնաժողովին:

Ընկերությունը պնդում է, որ որոշակի ջանքեր է գործադրում իրադրությունը բարելավելու համար՝միաժամանակ ընդգծելով, որ բոլորովին վերջերս է ստանձնել Չիատուրայի հանքերի ղեկավարությունը:

«Մենք անում են այն ամենը, ինչ կարող ենք: Մեր ղեկավարական թիմը բոլորովին վերջերս է սկսել իր աշխատանքները եւ ցանկանում է, որպեսզի Չիատուրան դառնա Վրաստանում ամենալավ աշխատանքի վայրը», – հայտարարել է Լոզինսկին:

Իսկ ընկերության մամլո քարտուղար Մակա Կվարացխելիան նշում է, որ ընկերության անելիքները շատ են.

«Ես անկեղծորեն ուզում եմ, որպեսզի հանքափորների ամսական աշխատավարձը հասնի 1500-1600 լարիի, բայց ընկերությունը պետք է նախ աշխատի, որպեսզի կարողանա նման աշխատավարձ վճարել: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, 3,5 միլիոն արժողությամբ սարքավորումներ են արդեն գնվել եւ գործարկվել: Մենք մի շարք նոր պայմանագրեր ենք ստորագրել, հետեւաբար նոր սարքավորումներ կլինեն ապագայում»:

«Մենք չենք պատրաստվում մեր աշխատակիցներին թողնել ոտաբոբիկ կամ անպաշտպան ձեռքերով: Ղեկավարությունը միայն վեց ամիս առաջ է սկսել աշխատել, եւ մենք պարզապես ֆիզիկապես չէինք կարող հասցնել ավելին, քան արդեն արել ենք: Բոլոր խնդիրներին լուծում կտրվի», – հավելել է ընկերության մամլո քարտուղարը:

Թեա Զիբզիբաձե

Հոդվածն արտատվպում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)