Հուլիսի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
Արտգործնախարարները քննարկեցին հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն իր կիպրացի գործընկերոջը մանրամասն տեղեկատվություն տրամադրեց Ադրբեջանի սադրիչ գործողությունների, այդ թվում վերջինիս կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորման վերաբերյալ: Այս առնչությամբ Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտեց Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան:
Հայաստանի և Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցերի:
Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը խիստ անհանգստացնող գնահատեց հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Թուրքիայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանի ագրեսիային՝ որպես տարածաշրջանում անկայունության հրահրման և անվտանգության խաթարմանն ուղղված թուրքական իշխանությունների գործելակերպի հերթական արտահայտություն:
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։