Մոտ ապագայում լրջորեն սրվելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունները, խոստումներ են տրվել, եւ եկել է հատուցման պահը. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ պետք է վստահ լինենք, որ պահպանվում են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Եվ որ ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշումը Թուրքիայի վրա և պահպանի նույն դիրքորոշումը Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հարցում: Ինչպե՞ս եք գնահատում այս ակտիվացումը:

– Իրականում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սահմանների նկատմամբ ոտնձգությունները մտահոգում են մի շարք այլ երկրների նույնպես՝ ԱՄՆ-ին, Իրանին և այլն, և եթե Արցախի դեպքում կար Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, ապա Հայաստանի դեպքում այդպիսի հանդուրժողականություն, բնականաբար, չի լինելու, և բոլոր երկրներն էլ մտահոգված են, այդ թվում՝ Իրանը և ՌԴ-ն: Այնպես որ, այս առումով մեր խնդիրներն ավելի քիչ են:

– Օրերս էլ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն սկսել վերջնական և համապարփակ կարգավորման հասնելու կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա։ Այս ակտիվացումը ինչո՞վ է պայմանավորված:

– Կարծում եմ՝ այո՛, ամերիկյան կողմը մտահոգված է տարածաշրջանում Ռուսաստանի ապակառուցողական քայլերից: Իրականում Ռուսաստանը այս վերջին պատերազմի ամենագլխավոր շահառուներից մեկն էր Թուրքիայի և Ադրբեջանի հետ և, օգտագործելով Հայաստանի դժվար վիճակը, ավելի ամրապնդեց իր դիրքերը Հարավային Կովկասում, որ մի քանի տարի փափագում էր տարածաշրջանում խաղաղապահներ տեղակայել:

Եվ շատ հաճախ Ռուսաստանը հայտնի գործողություններն անում էր Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և այս երեք երկրները միասին ամեն ինչ անում էին, որ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դերը նվազեցնեն:

Եվ օգտվելով առիթից, որ Թրամփը իզոլացիոնիստական քաղաքականություն էր վարում, ըստ էության՝ դուրս էր եկել տարածաշրջանից, նրան առանձնապես չէին հուզում տարածաշրջանային խնդիրները, այդ երկրներն ամրապնդեցին իրենց դիրքերը Հայաստանի հաշվին: 

Այժմ Բայդենի վարչակազմը պետք է վերականգնի ԱՄՆ-ի սասանված դիրքերը ամբողջ աշխարհում, և, բնականաբար, իրենք այդ առումով պետք է քայլեր ձեռնարկեն, և, կարծում եմ՝ մոտ ապագայում մենք դրան ականատես կլինենք:

– Ռուս քաղաքագետ Դուգինը ասում է, որ Մոսկվան կատարեց իր խոստումը, օգնեց Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը. հերթը Բաքվինն է՝ միանալ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին: Մյուս կողմից՝ այսօր ԵԱՏՄ երկրները քննարկել են Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Ինչպե՞ս եք գնահատում:

– Մեկ բան ակնհայտ է, որ Ռուսաստանը այն չափով չաջակցեց մեզ, ինչպես մենք կցանկանայինք, և, կարելի է ասել՝ Ռուսաստանի չեզոքությունը կամ մեր օգտին չգործելն ակնհայտ է, որ գին ունի, և Ադրբեջանը պետք է գին վճարի, և բազմաթիվ վերլուծաբանների, այդ թվում՝ իմ կարծիքով, այդ գինը պետք է լինի Ադրբեջանի ԵԱՏՄ ներգրավելու գինը:

Եվ դրա համար Ռուսաստանը ամբողջ պատերազմի ընթացքում մեզ էական աջակցություն չցուցաբերեց, ավելին՝ պատերազմի ընթացքում վարչապետը քանի անգամ դիմել է ՌԴ նախագահին և հարցրել՝ ի՞նչ է պետք, որ պատերազմը դադարի, Ռուսաստանի նախագահը ասել է, որ միայն Լավրովի պլանի իրագործում, այն է՝ 7 շրջանների հանձնումը Ադրբեջանին և ռուս խաղաղապահների տեղակայումն Արցախում:

Եվ օրերս շատ ուշագրավ էր Մոսկվայում հայ իրավաբանների հետ հանդիպման ժամանակ, երբ վարչապետը հայտարարեց, որ ստատուս քվոն կարողանում էին պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ այն Ռուսաստանի շահերից էր բխում, և երբ Ռուսաստանի շահերից չէր բխում, այլևս մենք չունեինք այն վճարվելիք գինը, որը կարող էինք վճարել և պահպանել:

Դա ակնհայտորեն գալիս է վկայելու այն մասին, որ ՌԴ-ն 2016-ից սկսած Հայաստանի վրա ճնշումներ է գործադրել, որպեսզի Հայաստանը Ադրբեջանին հանձնի 7 շրջանները: Եվ սա հենց այնպես չէ, ակնհայտ է, որ սա գին ունի, և այդ գինը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամակցությունն է:

– Այս ուղղությամբ Հայաստանը պե՞տք է կոնկրետ քայլեր ձեռնարկի:

– Առայժմ շախմատային խաղ է գնում, Հայաստանն իր համաձայնությունն է տալիս, որ Ադրբեջանը մասնակցի խորհրդի նիստի աշխատանքներին, բայց դրա դիմաց Ադրբեջանը պետք է գերիներին վերադարձնի:

Եվ չնայած Ալիևը Պուտինին խոստումներ է տվել, որ կներգրավի Ադրբեջանը ԵԱՏՄ կազմի մեջ, սակայն առիթներ է փնտրում, որ դրժի խոստումը և չիրականացնի, դրա համար էլ Ադրբեջանը չի վերադարձնում գերիներին՝ այսպիսով արհեստականորեն ստեղծելով նոր կոնֆլիկտ, որպեսզի խուսափեն տրված խոստումներից:

Եվ շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Կարծում եմ՝ մոտ ապագայում լրջորեն սրվելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Ակնհայտ է, որ Ադրբեջանը որոշակի խոստումներ է տվել Պուտինին՝ պատերազմի ժամանակ Հայաստանի կողմը չբռնելու, և հիմա եկել է հատուցելու ժամանակը: 

Մանե Հարությունյան

MediaLab.am