Հայ-վրացական բարեկամությո՞ւն, թե՞ խնդիրներ. Սաակաշվիլու այցը տարբեր տեսակետների առիթ է տվել

Հայ-վրացական բարեկամությո՞ւն, թե՞ խնդիրներ. Սաակաշվիլու այցը տարբեր տեսակետների առիթ է տվել
Հայ-վրացական բարեկամությո՞ւն, թե՞ խնդիրներ. Սաակաշվիլու այցը տարբեր տեսակետների առիթ է տվել

Հունվարի 22-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի այցը, որին ուղեկցում էին Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն և էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին, տարաբնույթ քննարկումների և ենթադրությունների տեղիք է տվել:
Աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն ու Միխեիլ Սաակաշվիլին այցելել են «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, Երևանի գիտաարտադրական կենտրոն, որտեղ մասնակցել են հայ-վրացական աշակերտական առաջին առարկայական օլիմպիադայի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների մրցանակաբաշխությանը:
Չնայած երկու երկրների միջև վերջին ժամանակներում գոյություն ունեցող խնդիրներին և տարաձայնություններին, ինչպիսին, օրինակ` Ջավախքի հարցն է, հանդիպման ժամանակ Սարգսյանն ու Սաակաշվիլին իրար հանդեպ գովեստի խոսքեր են շռայլել և խոսել «հայ-վրացական դարավոր բարեկամության մասին»:

Հայաստանի ընդդիմությունը համոզված է, որ Սարգսյան-Սաակաշվիլի հանդիպման մեջ տրամաբանություն փնտրելն անիմաստ է:

«Ցանկացած երկրի հետ հարաբերությունները այս իշխանության վարած արտաքին քաղաքականության հետևանքով ստացել են խեղաթյուրված բնույթ»,- «Մեդիալաբին» ասում է ՀԱԿ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:

Իշխող Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, ով մշտապես հանդես է եկել Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականության քննադատությամբ, սակայն, կարծում է, որ հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի և Վրաստանի իշխանությունների տեսակետները մշտապես նույնն են եղել. այն է, որ այդ հարաբերությունները բարիդրացիական են, ջերմ և բարեկամական:

Շիրակ Թորոսյանի խոսքով` միաժամանակ, երկուստեք ընդունվում է, որ այդ հարաբերություններում կան նաև խնդիրներ:

«Ո´չ մեր, ո´չ Վրաստանի իշխանությունները դա չեն հերքել, ուղղակի Վրաստանի իշխանությունները փորձել են կոծկել այդ խնդիրները կամ բացահայտ հայտարարել են, որ իրենք պատրաստ չեն այդ խնդիրների լուծմանը: Օրինակ` հայկական եկեղեցուն կարգավիճակ տալու հարցը»,- ասում է իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Շիրակ Թորոսյանի խոսքով` այդ ամենից զատ, որպես հարևաններ, Հայաստանն ու Վրաստանը պետք է բարիդրացիական հարաբերություններ ունենան, թեև ունեն տարբեր արտաքին քաղաքական կողմնորոշումներ:

«Բայց ամեն դեպքում հարաբերությունների իրական ջերմացումն ու ամրապնդումը կարող են լինել այն ժամանակ, երբ Վրաստանի իշխանություններն իրենց մեջ ուժ կգտնեն քննարկելու հայ-վրացական հարաբերություններում առկա խնդիրները»,- ասում է ՀՀԿ ներկայացուցիչը:

Շիրակ Թորոսյանը նաև հավելում է, որ Հայաստանի իշխանություններն էլ իրենց հերթին պետք է մշտապես պահանջեն, որ Վրաստանի իշխանություններն այդ խնդիրները դարձնեն օրակարգային:

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, սակայն, «Մեդիալաբի» հետ զրույցում պնդում է, որ հայ-վրացական հարաբերությունները համենայնդեպս Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն, և դրա ընկալումը կա թե´ իշխանությունների, թե´ ընդդիմադիր ուժերի մոտ` անկախ նրանց քաղաքական ուղղվածությունից:

Բայցևանպես, ըստ փորձագետի` իշխանության կողմից միշտ որոշակի կոնյունկտուրային հարցեր կան հայ-վրացական հարաբերությունների դաշտում, և դրանք պայմանավորված են «հայ-ռուսական հարաբերությունների դեֆորմացված վիճակով»:

«Եվ շատ դեպքերում այդ կոնյունկտուրան թելադրվում է Մոսկվայից, և դրան մենք ականատես ենք լինում, չնայած կան սահմաններ, որոնցից այն կողմ իշանությունները չեն անցնում և չեն էլ կարող անցնել, որովհետև դա կբերի աղետի, և դա քաջ գիտակցում են իշխանությունները»,- ասում է փորձագետը:

Միևնույն ժամանակ, ըստ Մեհրաբյանի, չպետք է մոռանալ, որ Վրաստանում ձևավորվել է մի քաղաքական, հասարակական համակարգ, որը, ըստ փորձագետի, տրամագծորեն հակառակ է այն ամենին, ինչ կա Հայաստանում, և այդ իմաստով, վրացական օրինակը, Մեհրաբյանի խոսքով, «գոնե բնազդի մակարդակով վտանգավոր է թվում է Հայաստանի իշխանությունների համար»:

«Եվ թեպետ Սերժ Սարգսյանը կոչ էր անում օրինակ վերցնել Սաակաշվիլիից, բայց եթե այդ ունկնդիրները օրինակ վերցնեն, ապա իրականում դա կդառնա Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը»,- ասում է Մեհրաբյանը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am