«ՀՀԿ-ն խիստ շահագրգռված է այդ կարևոր` հայ-ռուսական հարաբերությունների վատացմամբ». Հայկ Ա. Մարտիրոսյան

«ՀՀԿ-ն խիստ շահագրգռված է այդ կարևոր` հայ-ռուսական հարաբերությունների վատացմամբ». Հայկ Ա. Մարտիրոսյան
«ՀՀԿ-ն խիստ շահագրգռված է այդ կարևոր` հայ-ռուսական հարաբերությունների վատացմամբ». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

– Պարո՛ն Մարտիրոսյան, սեպտեմբերի 8-ին տեղի է ունենալու Պուտին-Փաշինյան հանդիպումը։ Արդյոք շատ չե՞ն այս կարճ ժամանակահատվածում երեք այց և հանդիպում Պուտինի հետ։

– Ռուսաստանի հետ երկխոսելը երբեք շատ չէ: Հայաստանում նոր իշխանություն է, կան քննարկելիք հարցեր, և դրանք հաճախակի հանդիպումներ են պահանջում: Բացի այդ, կարծում եմ՝ Ռուսաստանի ղեկավարությունը դեմ չէ Հայաստանի նոր իշխանություններին ավելի մոտիկից ճանաչելուն: Այստեղից էլ հանդիպումների հաճախակիության անհրաժեշտությունը:

– Արդյոք հնարավո՞ր է հավասարակշռություն պահպանել և՛ Եվրամիության, և՛ Ռուսաստանի հետ, որը այս կառավարության որդեգրած քաղաքականությունն է։ Թե՞, այնուամենայնիվ, Ռուսաստանն առաջ է ընկնում։

– Ամեն ինչ հնարավոր է: Եվ այդ հարաբերությունները, ելնելով օբյեկտիվ հանգամանքներից, այն է` ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստից, չեն կարող համարժեք մակարդակների վրա լինել: Դա իրերի իրողությունն է: Այս պայմաններում հանգամանքներն առավել քան պարզ են, իսկ հավասարակշռումը հնարավոր է, բայց ավելի խորհրդանշական հարթությունում:

– Ի՞նչ կա Ռուսաստանի հետ այս պահին քննարկելու։ ՀՀԿ-ականները նշում են, որ հայ-ռուսական հարաբերություններն իրենց լավ ժամանակաշրջանը չեն ապրում։ Հիմա Պուտինը կանչել է այս օրակարգի շրջանա՞կը հստակեցնելու։

– Օրակարգի մասին որևէ մեկը չի կարող այժմ դատողություններ անել, դա փակ տեղեկատվություն է: Ամեն դեպքում ՀՀԿ-ն ինքը խիստ շահագրգռված է այդ կարևոր հարաբերությունների վատացմամբ: Վարչապետը, իր հերթին, դրանք ավելի լավացնելու անվերապահ կողմնակից է: Եվ այս առումով ՀՀԿ-ին լսելու որևէ կարիք չկա:

– Պարո՛ն Մարտիրոսյան, ի՞նչ վտանգներ կան այս պահին Ռուսաստանից եկող։

– Վտանգներ չպետք է լինեն, դաշնակիցները միմյանց համար չպետք է վտանգ ներկայացնեն: Սպասենք հանդիպման հետօրեին, ապա նոր դատողություններ անենք ամենատարբեր հնարավոր հանգամանքների վերաբերյալ: Համենայն դեպս վստահ եմ, որ Փաշինյանը Մոսկվա է մեկնում`մեծապես դրական օրակարգով:

– Ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ Ռուսաստանը ներքաղաքական զարգացումների վրա՝ հաշվի առնելով Ռուսաստանից հնչող հայտարարությունները, նաև շնորհավորանքները Քոչարյանին և այլն։

– Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում կայունության հաստատմամբ: Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանում խոսելու է կայուն և ուժեղ իշխանության հետ: Եթե այդպիսի իշխանություն դառնալու հավակնություններ դրսևորի Քոչարյանը, բնական է, որ նրան ևս հաշվի են առնելու: Ռուսաստանն այս հարցում մեղք չունի: Հետևաբար լուծումը մեկն է. Քոչարյանի անցյալին իրավական գնահատական տալ և մնալ իսկական և լեգիտիմ իշխանություն Հայաստանում: Եվ դա պետք է անել շատ արագ: Քաղաքականության մեջ Քոչարյանն այլևս երբեք չպետք է լինի:

– Այս հանդիպումն արդյոք բեկումնայի՞ն է լինելու հայ-ռուսական հարաբերությունները ճշգրտելու, հստակություն մտցնելու առումով։

– Կարծում եմ` շատ կարևոր հանդիպում է լինելու: Արդյունքների մասին կնախընտրեի դրա կայանալուց հետո խոսել: Հիմա դա անիմաստ զբաղմունք կլինի:

– Պարո՛ն Մարտիրոսյան, Շարմազանովը հայտարարել է, որ վարչապետի հումորները կարող են շատ թանկ նստել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Որքանո՞վ է դա իրատեսական:

– Շարմազանովի հրձիգությունն է, որ Հայաստանի վրա թանկ է նստելու: Վարչապետը հումոր չի անում, վարչապետն ուղղակի ընտրել է իրեն ուղղված հարցին պատասխանելուց խուսանավելու մի տարբերակ: Երբ «Կուրսկ» ատոմային սուզանավի կործանումից հետո Լարրի Քինգը ուղիղ եթերում նախագահ Պուտինին հարցրեց, թե, այնուամենայնիվ, ինչ եղավ նավին, Պուտինը պատասխանեց. «Այն ջրասույզ եղավ»:

Փաշինյանն ակնհայտորեն չէր ուզում տարընթերցումների տեղիք տալ ինչ-որ հստակ արձագանքով և ընտրեց Երևանում շոգի մասին խոսելով հարցից խուսափելու տարբերակը: Հիմա եթե ՀՀԿ-ում մեծապես շահագրգռված են, որ կոնֆլիկտ լինի, իսկ կառավարությունում` ոչ, դրանում վարչապետը մեղք չունի:

Վարչապետն ակնհայտորեն փորձում է հարթել բոլոր կնճիռները, եթե դրանք կան: Եվ այնպես չէ, որ Հայաստանը երբևէ հակառուսական ինչ-որ հայտարարություն է արել:

Մանե Հարությունյան

MediaLab.am