«Հակահեղափոխության կենտրոններից մեկն այսօր Արցախի իշխանություններն են, որոնք դեռ շարունակում են պաշտոնավարել և ղեկավարել հին ոգով». Վահան Բադասյան

«Հակահեղափոխության կենտրոններից մեկն այսօր Արցախի իշխանություններն են, որոնք դեռ շարունակում են պաշտոնավարել և ղեկավարել հին ոգով». Վահան Բադասյան
«Հակահեղափոխության կենտրոններից մեկն այսօր Արցախի իշխանություններն են, որոնք դեռ շարունակում են պաշտոնավարել և ղեկավարել հին ոգով». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մարտական խաչ» շքանշանի ասպետ Վահան Բադասյանը:

– Պարո՛ն Բադասյան, միլիարդատեր Դեն Բիլզերյանի այցն Արցախ բավականին քննարկման և քննադատության արժանացավ: Ինչպե՞ս եք գնահատում նրա այցը, հաշվի առնելով, որ նա սահմանին նռնականետով լուսանկարվում է, լուսանկարները տեղադրում համացանցում: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ցանկացած մեկը կարող է այնտեղ ելումուտ ունենալ:

– Ես որևէ մտահոգություն չունեմ, նա աշխարհում հայտնի մարդ է, միլիոնատեր: Ավելին՝ ես կարծում եմ որպես միլիոնատեր հայ մարդ՝ նրա Արցախ գալը շատ կարևոր է, և այստեղ որևէ մտահոգվելու առիթ չկա: Եվ սա ամենակարևորն է, որ նա Արցախի բանակի հրաձգային զինատեսակներին է ծանոթացել:

– Ցանկացած մեկը դրսից կարող է անարգել մտնել ՊԲ հրաձգարան ու ձեռքի հակատանկային նռնականետով (РПГ) և հաստոցային ավտոմատ նռնականետով (АГС) կրա՞կ վարել:

– Հրաձգարանը հենց դրա համար էլ նախատեսված է: Եվ երբ հյուրեր, պատվիրակություն ենք ունենում արտասահմանից կամ սփյուռքից, ես՝ որպես ընդդիմադիր գործիչ, դիմել եմ շտաբ, որ հրաձգարանում կրակեն: Սա ոգևորիչ է ցանկացած հայի համար: Առավել ևս, որ նա զենքի սիրահար է, տարբեր զենքեր ունի, ուստի այստեղ որևէ արտառոց բան չկա:

– Պարո՛ն Բադասյան, գրող Կարեն Անտաշյանն ասում է, որ Արցախը իբրև պատերազմական գոտի՝ հենց այնպես չէ ռազմականացված: Դա գոյատևման ստիպված պայքար է, ստիպված պատերազմ, և այս հանգամանքի մեջ առանձնապես ուրախանալու ու ինստա-շոուներ անելու առիթ չեմ տեսնում։ Արցախում ոչ մի ավելորդ կրակոց չպետք է հնչի, մենք չպետք է պատերազմը ֆետիշացնենք կամ սարքենք տուրիստական զբաղմունք: Չե՞ք կիսում այս մոտեցումը:

– Իրոք սա ճիշտ գնահատական է այն դեպքում, եթե այդ կրակոցը լիներ սահմանին: Կրկնում եմ՝ այս կրակոցները եղել են ուսումնական հրաձգարանում: Դիտողը կարող է նման կերպ մտածել, բայց Դենը՝ որպես զենքի սիրահար, միլիոնատեր մարդ, որպես հայտնի հայ, կրակել է տարբեր տրամաչափի զինատեսակներից, և դրանով ցուցադրվում է նաև մեր պոտենցիալը հայտնի հայերի առումով, որ այցելել են Արցախ: Եվ այստեղ Ադրբեջանը նորից պետք է խնդիր ունենա, Դենին «սև ցուցակում» կմտցնի: Եվ Դենը, այդ ամենը իմանալով, եկավ: Բացի այդ, ոգևորիչ է նրա ներկայությունը Արցախում: Եվ այստեղ չի կարելի արտառոց որևէ բան տեսնել կամ, առավել ևս, սադրել, ինչ-որ հակաիրավական քայլեր տեսնել:

– Պարո՛ն Բադասյան, աշնանը որքանո՞վ կարող է լարվել սահմանային իրավիճակը: Ինչպե՞ս եք գնահատում սահմանային իրավիճակը, որքանո՞վ, ըստ Ձեզ, կա պատերազմի վտանգ:

– Չկա այդ վտանգը, և լարվածություն չի լինելու, քանի որ Հայաստանի նոր իշխանությունը, առավել ևս թավշյա հեղափոխությունից հետո օրեցօր և աստիճանաբար հզորացնում է բանակը և պետք է որ ավելի հզորացնի: Եթե նախկին ռեժիմը լիներ, կարող էինք ամեն օր մի բան ասել, քանի որ բանակն օրեցօր թուլանում էր: Մինչդեռ հիմա բանակն օրեցօր հզորանում է, սպառազինությունն ավելանում է, մեթոդները և ձևերը օրեցօր փոխվում են: Իհարկե, անելիքներ դեռ շատ կան, այդ ամենն անելուց հետո, համոզված եմ, ուժեղ բանակը կպատերազմի, և խաղաղությունն ավելի տևական և երկար կլինի:

– Ներքաղաքական անկայունությունը որքանո՞վ կարող է ազդել սահմանի վրա:

– Ղարաբաղում հակահեղափոխությունը բավական մեծ պոտենցիալ ունի: Դա համակարգի օրոք աշխատած և հիմա գործող դատավորները և դատախազներն են, օլիգարխները, հարկային դաշտից փախածները: Եվ նրանք ցանկանում են հնի վերադարձը, չնայած քաջ գիտեն, որ հնի վերադարձ հնարավոր չէ, ուղղակի անհնարին է:

Իսկ ընդհանուրի մեջ հիմնականում ժողովուրդը ոգևորված է, ուրախ է, ոտքի վրա է, և եթե նույնիսկ ժամանակավոր կառավարությունը սխալվի, ժողովուրդն ուղղելու է: Եվ սա շատ լավ երևույթ է, որ ոչ թե մի խումբ մարդիկ են կատարել հեղափոխություն, այլ ժողովուրդը, որը գլխավորել է Նիկոլ Փաշինյանը, և հիմա ստեղծվել է ժամանակավոր կառավարություն, որը կարող է նաև սխալներ գործել: Եվ մենք այս օրերին տեսնում ենք, որ եթե որևէ մեկը վրիպում է թույլ տալիս, անմիջապես արձագանքում է: Առաջիկա ընտրություններից հետո ձևավորված կառավարությունն ավելի մեծ թափով է առաջ տանելու ժողովրդի պաշտպանության, անվտանգության, տնտեսության, կրթության, մշակութային բնագավառները:

Հայաստանի հեղափոխությունն աստիճանաբար հասնում է Ղարաբաղ, բայց հակահեղափոխության կենտրոններից մեկն այսօր Արցախի իշխանություններն են, որոնք դեռ շարունակում են պաշտոնավարել և ղեկավարել Արցախը հին ոգով, հին մեթոդներով, բայց այդ մեթոդները և ձևերը հոգնած մեթոդներ են, և Արցախի ժողովուրդն այլևս չի ուզում:

Եվ այսօր Արցախի իշխանությունները փնտրտուքի մեջ են՝ ի՛նչ անեն, որ լավ լինի: Նրանց միակ տարբերակը հրաժարական տալն է, բայց նրանք դեռ պայքարում են: Բայց համոզված եմ, որ այդ պայքարն ավարտվելու է ժողովրդի հաղթանակով, և Հայաստանի հեղափոխությունն ամբողջությամբ տեղափոխվելու է Արցախ: Համոզված եմ, որ առաջիկա տարիներին մենք տեսնելու ենք միավորված Արցախ-Հայաստան:

Լուսանկարը՝ www.Azatutyun.am

Մանե Հարությունյան

MediaLab.am