Բաքվում «Իրանին ընդունում են որպես թշնամու, ինչպես Հայաստանն է ու նաև Ռուսաստանը». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, Իրանում կատարվող զարգացումներին ինչպե՞ս են արձագանքում Ադրբեջանում, եթե չեմ սխալվում՝ նաև Իրանում Ադրբեջանի դեսպանությունը դադարեցրել է իր գործունեությունը, այնպես չէ՞։

– Այո՛, դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը, աշխատում է միայն Թավրիզի հյուպատոսությունը, բայց բուն դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը, ու անձնակազմը տեղափոխվել է Բաքու։ Դժվար է իհարկե հստակ ասել՝ Ադրբեջանն այլևս դեսպանատուն կունենա՞ Իրանում, թե՞ ոչ, համենայնդեպս, իրենց արտգործնախարարությունը հենց այսօր հայտարարություն տարածեց՝ կոչ անելով իրենց քաղաքացիներին Իրան այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում ու պահպանել անվտանգության կանոնները։

Իհարկե ոչ պաշտոնական մակարդակով, ավելի փորձագիտական շրջանակներում նշում են, որ նման որոշում կայացվել է նաև «Իրանի դեմ սպասվող գործողությունների համատեքստում»։ Տպավորություն է ստեղծվում, որ իրենք ինչ-որ տեղեկատվության են տիրապետում կամ այդ առիթն օգտագործում են՝ մարդկանց տարհանելու նպատակով, բայց իրանական կողմը, որքան ես եմ հետևել, այնպես չէ, որ շտապում է գնահատականներ տալ օրեր առաջ տեղի ունեցածին, թեև մամուլը նշել էր, որ այսօր երեկոյան նախատեսվում է Իրանի նախագահի ուղերձը։ Նաև Ադրբեջանի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այսօր ՆԳՆ-ն 7 մարդ է ձերբակալել «Իրանի օգտին աշխատելու կասկածանքով»։

– «Սպասվող գործողություններ» ասելով Ադրբեջանը նկատի ունի, որ ի՞նքն է ինչ-որ բաներ ձեռնարկելու Իրանի դեմ։

– Չէ՛, իրենք նման բաներ ասելուց զգուշանում են, իրենք ասում են, թե իբր Արևմուտքն է միավորվել ու գնում է այդ գործողություններին, ու իրենց դիրքորոշումն էլ, ինչպես իրենք են նշում փորձագիտական մակարդակով, կախված է նրանից, թե Իրանն ինչ դիրքորոշում կորդեգրի։

Վերջին շրջանում Ադրբեջանում ամենատարբեր մակարդակով նշում են, որ Իրանն իրենց համար իրական եղբայր չէ, Իրանն ավելի շատ մտերիմ է Հայաստանի, քան իրենց հետ: Իրանում իրենց դեսպանատան դեպքից հետո Բաքվի փողոցներում հարցում էր անցկացվում, ու բոլոր հարցվածները միաբերան ասում էին, որ «Իրանին ընդունում են որպես թշնամու, ինչպես Հայաստանն է ու նաև Ռուսաստանը»։ Հարցվածներից ոմանք նշում էին, որ Իրանը «նենգ քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ»։

– Տիկի՛ն Հայրապետյան, Իրանի հասցեին նման բնորոշումները հիմնականում պայմանավորված են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի դիրքորոշմա՞մբ, թե՞ այլ խնդիրներ ևս կան։

– Հարաբերությունները բազմաշերտ են, նրանք շատ լուրջ տնտեսական համագործակցություն ունեն մի շարք ոլորտներում, բայց միևնույն ժամանակ Իրանի հստակ դիրքորոշումը՝ Հայաստան-Իրան սահմանների անձեռնմխելիության հետ կապված, արձանագրումները, որ Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է և այլն, բնականաբար, անհանգստացրել են Բաքվին, ու նրանք կարծես թե հասկացել են, որ իրենց ագրեսիան Հայաստանի դեմ Իրանը ոչ միայն չի ողջունում, այլև ընդհակառակը՝ շատ բացասական է ընդունում։

Ադրբեջանը շատ լավ գիտի Իրանի դիրքորոշումն Արցախի հարցում․ Իրանը նշում է, որ Արցախը ընդունում է որպես Ադրբեջան ու երբեք էլ այս դիրքորոշումը չի թաքցրել, բայց միևնույն ժամանակ հստակ դիրքորոշում ունի Հայաստանի անվտանգության ու տարածքային ամբողջականության հետ կապված։

Բացի այս, ադրբեջանական կողմը պարբերաբար քարոզչական դաշտի միջոցով փորձում է հակաիրանական տրամադրություններ ստեղծել, օրինակ՝ երեկ հեռուստաընկերություններից մեկում ադրբեջանցի պատգամավորն էր հակաիրանական ձևակերպումներ անում, ինչը ենթադրում է, որ խնդիրները լուրջ են, բայց շատ հաճախ խորքային քննարկումները, զարգացումները մեզ չեն երևում։

Ուստի կարծում եմ, որ անկախ քարոզչությունից, բավականին լուրջ բանակցություններ, ամեն դեպքում, ընթանում են․ երեկ էլ Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի խոսնակը կոչ արեց Ադրբեջանին զերծ մնալ էմոցիոնալ քայլերից՝ ընդգծելով, որ դա «վնաս կտա հարաբերություններին, կօգնի ընդհանուր թշնամիներին»։

– Ձեր դիտարկմամբ՝ Ադրբեջանը, այնուամենայնիվ, կշարունակի՞ Իրանի հետ հարաբերությունների լարվածության խորացումը։

– Այդ գործընթացը ինքնըստինքյան գնալու է, չնայած չեմ կարծում, թե Ադրբեջանին լուրջ քաղաքական մակարդակով ձեռնտու է թշնամանալ Իրանի հետ՝ հասկանալով դրա ռիսկերը, բայց միևնույն ժամանակ Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը, որը ոչ միայն ռազմական է, այլ նաև քաղաքական, ազդելու է այդ հարաբերությունների վրա ու արդեն իսկ սկսել է ազդեցություն ունենալ։ Բայց ամեն բան կախված է կողմերի հետագա դիրքորոշումներից ու զարգացումների ընթացքից։

– Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածությունը կամ այդ լարվածության ավելի խորացումը բխո՞ւմ է Հայաստանի շահերից։

– Ես կարծում եմ՝ Հայաստանի շահերից կբխեր չունենալ նման ագրեսիվ հարևան՝ հանձին Ադրբեջանի։ Հարցն այն է, որ 20 թվականի պատերազմից հետո, երբ ինչ-որ առումով ստեղծվել է նոր ստատուս քվո, բերել է իր ռիսկերը ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի համար, ու ժամանակին, երբ Արցախն էր վերահսկում Կովսականը, դա շատ ավելի անվտանգ էր Իրանի տեսանկյունից, քան որ հիմա այդ տարածքում իսրայելական ներկայությունն է։ Չեմ կարծում, որ հայկական կողմը երբևէ թույլ կտար իսրայելական ներկայություն այս տարածքներում։

Ամեն դեպքում, տարածաշրջանային լարվածությունը, հատկապես երբ խոսքը ռազմական լարվածությանն է վերաբերում, չեմ կարծում, որ որևէ կերպ օգուտ է Հայաստանի համար՝ անկախ լոկացիայից, որովհետև դրանք հղի են բազմաթիվ ռիսկերով՝ հաշվի առնելով նաև հանգամանքը, թե ինչ տեսակի զենքեր են կիրառվում ժամանակակից պատերազմներում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am