Զելենսկին Մյունխենում․ Պուտինը կայսր չէ, այլ պատերազմի ստրուկ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովում հանդես է եկել մի շարք կոշտ հայտարարություններով՝ անդրադառնալով Ռուսաստանի հարձակումներին, ընտրությունների անցկացման հնարավորությանը և Մոսկվայի հետ բանակցություններին։

Խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին՝ Զելենսկին հայտարարել է, որ նա չի պատկերացնում կյանքն առանց իշխանության և իրեն ավելի շատ համադրում է պատմական կայսրերի՝ Պետրոս Առաջինի և Եկատերինա Մեծի հետ, քան ժամանակակից աշխարհի հետ։ «Նա կարող է իրեն կայսր համարել, բայց իրականում նա պատերազմի ստրուկ է։ Նա չի կարող հրաժարվել պատերազմի գաղափարից։ Եթե նա ապրի ևս տասը տարի, մենք կհասկանանք, որ պատերազմը կարող է վերադառնալ։ Այդ պատճառով Ուկրաինայի և Եվրոպայի համար անհրաժեշտ են լուրջ անվտանգության երաշխիքներ»,– ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ ռուսական հարձակումների հիմնական թիրախը Ուկրաինայի էներգետիկ համակարգն է։ Զելենսկու խոսքով՝ երկրում չի մնացել որևէ էլեկտրակայան, որը վնասված չլինի ռուսական հարվածներից, սակայն Ուկրաինան շարունակում է արտադրել էլեկտրաէներգիա՝ էներգետիկների աշխատանքի շնորհիվ։ «Երբ ես տեսնում եմ մեր էներգետիկներին, տեսնում եմ այն, ինչը հաճախ պակասում է քաղաքական գործիչներին՝ աշխատանքի 100 տոկոս կատարում և պատրաստակամություն գործելու հենց հիմա, ոչ թե ամիսներ կամ տարիներ անց»,– նշել է նա։ Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։

Անդրադառնալով ընտրություններին՝ Զելենսկին հայտարարել է, որ դրանց անցկացումը հնարավոր է միայն հրադադարի պայմաններում։ «Տվեք մեզ երկու ամիս հրադադար, և մենք կգնանք ընտրությունների»,– ասել է Ուկրաինայի նախագահը։

Խոսելով առաջիկա բանակցությունների մասին՝ նա հայտնել է, որ ակնկալում է լուրջ և բովանդակային եռակողմ քննարկումներ, սակայն ընդգծել է, որ երբեմն կողմերը խոսում են տարբեր թեմաների շուրջ։ Զելենսկու խոսքով՝ ամերիկյան կողմը հաճախ վերադառնում է զիջումների թեմային, սակայն այդ զիջումները չափազանց հաճախ քննարկվում են միայն Ուկրաինայի, այլ ոչ Ռուսաստանի համատեքստում։