«Ոչ միայն եվրոպական երկրներն են հայերին վերադարձնում, այլև նվազել է Հայաստանից գնացող-«հանձնվողների» թիվը». միգրացիոն ծառայության պետ

«Ոչ միայն եվրոպական երկրներն են հայերին վերադարձնում, այլև նվազել է Հայաստանից գնացող-«հանձնվողների» թիվը». միգրացիոն ծառայության պետ
«Ոչ միայն եվրոպական երկրներն են հայերին վերադարձնում, այլև նվազել է Հայաստանից գնացող-«հանձնվողների» թիվը». միգրացիոն ծառայության պետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

– Պարո՛ն Ղազարյան, եվրոպական երկրներից Հայաստան վերադարձողների մասով ի՞նչ վիճակագրություն ունեք: Հայտնի է, որ հեղափոխությունից հետո որոշ երկրներ մերժում են Հայաստանից մեկնածների ապաստանի հայցերը՝ պատճառաբանելով, որ Հայաստանը ապահով երկրների շարքում է: Վերջին շրջանում Նիդերլանդներից երկու ընտանիքի արտաքսման հարցն էր բոլորի ուշադրության կենտրոնում, նման տեղեկություններ կան նաև Գերմանիայի և Ֆրանսիայի վերաբերյալ:

– Տվյալ պարագայում մենք խոսում ենք վերադարձվելու մասին, ոչ թե կամավոր վերադարձի: Հարկադիր վերադարձի գործընթացն սկսվել է այն բանից հետո, երբ Հայաստանը Եվրամիության հետ ստորագրել է ռեադմիսիայի համաձայնագիր: Այդ համաձայնագրի շրջանակներում 2018 թվականի ընթացքում ԵՄ անդամ երկրներից ստացվել է 901 հայտ 1825 անձի վերաբերյալ, որոնցից հայկական կողմը հաստատել է 1494-ի քաղաքացիությունը: Այսինքն՝ արձանագրվել է, որ այդ թվից միայն այդ անձինք են ՀՀ քաղաքացի:

Մենք այսօր դեռևս չենք կարողանում հստակ արձանագրել փաստացի վերադարձը, մասնակի տեղեկություններ ենք ստանում տարբեր երկրներից, որ վերադարձել է այսքան մարդ, բայց դեռևս փաստացի վերադարձին չենք կարողանում հետևել: Մենք 2019 թվականից արդեն կունենանք ռեադմիսիոն էլեկտրոնային համակարգ, որով կկարողանանք փաստացի վերադարձը արձանագրել:

– Տվյալ երկրները չե՞ն դիմում հայկական կողմին՝ ներկայացնելով, թե փաստացի քանի՛ մարդ է վերադարձվել:

– Այդպես չէ, մարդիկ դիմում են միայն այն պարագայում, երբ չեն կարողանում հաստատել տվյալ անձի քաղաքացիությունը: Համապատասխան միջգերատեսչական ներքին ընթացակարգեր կան հաստատված, եթե մենք հաստատում ենք, որ տվյալ անձը ՀՀ քաղաքացի է, հայտը ներկայացնում ենք հարցումն իրականացրած կողմին, և նրանք իրականացնում են տվյալ անձի վերադարձը: Այդ պայմանագիրն ու պարտավորությունները Հայաստանը ստորագրել է, ըստ այդմ ընդունում է նաև տվյալ մարդկանց:

Այժմ մենք ծառայությունում աշխատում ենք վերաինտեգրման ծրագրեր մշակելու ուղղությամբ: Վերջին շրջանում Եվրամիության ֆինանսավորմամբ սկսել ենք իրականացնել նոր ծրագիր, Եվրոպական վերադարձի և վերաինտեգրման ցանցին ենք միացել, որով ԵՄ անդամ երկրներից վերադարձվողների գնահատում պետք է իրականացվի և նրանց օժանդակություն ցուցաբերվի: Այդ աշխատանքները նախնական փուլում են, բանակցություններ են վարվում եվրոպական գործընկերների հետ, որ այս ուղղությամբ պետք է ջանքերն ավելի մեծացնենք և դնենք ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա:

– Այնուամենայնիվ, ապրիլ ամսից հետո վիճակագրությունն ի՞նչ է արձանագրում, ԵՄ անդամ երկրներից վերադարձվողների թիվն ավելացե՞լ է:

– Հետաքրքիր միտումներ ունենք միգրացիոն սալդոյի իմաստով՝ մուտքերի և ելքերի տարբերության: Կան առաջին երեք եռամսյակների տվյալները, եթե դրանք համեմատում ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, նախորդ տարվա մուտքերի և ելքերի տարբերությունը -53 912 էր, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ -9549: Այսինքն՝ տարբերությունը շատ է կրճատվել, հավանական է, որ մինչև տարեվերջ կունենանք դրական միգրացիոն մնացորդ կամ զրոյական: Դա էական ցուցանիշ է, որովհետև վերջին տարիների ընթացքում միգրացիոն մնացորդը հիմնականում եղել է բացասական:

– Տեղեկություններ ունե՞ք, թե, օրինակ՝ Գերմանիան ու Ֆրանսիան ի՛նչ քաղաքականություն են վարում Հայաստանից մեկնածների նկատմամբ, խստացվե՞լ են ապաստանի տրամադրման պայմանները, թե՞ նախորդ տարվա համեմատ գրեթե նույնն են:

– Կոռեկտ չի լինի իմ կողմից, եթե ես նրանց կողմից վարվող քաղաքականությունը մեկնաբանեմ: Գոյություն ունի Ժնևի 1951 թվականի կոնվենցիան, որով մարդիկ ճանաչվում են փախստական կամ չեն ճանաչվում, և ազգային օրենսդրություններում դրա ինկորպորացիան: Այսօր մենք մի ուրիշ միտում ենք նկատում՝ Հայաստանից ապաստան հայցողների թվի նվազում եվրոպական երկրներում: Այս մասով ունենք վեց ամսվա տվյալներ, եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստանից ԵՄ անդամ երկրներում հայտերի քանակը շուրջ 3700-ի սահմանում էր, այս տարի՝ 2400-ի: Սա մարդկանց թիվը չէ, դիմումների քանակն է, իսկ մեկ դիմումը կարող է մեկ ընտանիքի կողմից ներկայացվել: Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ ոչ միայն նրանք են մարդկանց վերադարձնում, այլև Հայաստանից գնացող «հանձնվողների» թիվը նվազել է:

– Եթե հայաստանցիները գնացել են ԵՄ անդամ երկրներ ու «հանձնվել» այլ ազգի ներկայացուցիչների անվան տակ, այդ դեպքում ինչպե՞ս է կազմակերպվում նրանց վերադարձը:

– Եթե մենք ստանում ենք հայտ, ճշտում ենք՝ արդյոք տվյալ անձը ՀՀ քաղաքացի՞ է, թե՞ չէ: Այդ հայտերը ռեադմիսիոն հայտերի մաս են կազմում:

– Այսինքն՝ դուք արձանագրում եք, որ ընդհանուր ոլորտի միտումները դրակա՞ն են:

– Եթե մենք արձանագրում ենք, որ Հայաստանից գնացողների ապաստանի հայցերը նվազել են, մեզ մոտ էլ կա միգրացիոն սալդոյի դրական ցուցանիշ, դա դրական միգրացիոն ֆոն է: Դա նշանակում է, որ Հայաստանում ձևավորվում է դրական միգրացիոն ֆոն, ինչը վերջին տարիներին չի եղել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am