«ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանը գերի է դարձնում».«Առավոտ»

«ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանը գերի է դարձնում».«Առավոտ»
«ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանը գերի է դարձնում».«Առավոտ»

«Առավոտ»-ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը ահազանգում է, որ կանգնած ենք Հայաստանի երրորդ հանրապետության մայրամուտի վտանգի առջեւ:

– Հոկտեմբերի 10-ին, թերեւս, վերջնականապես կլուծվի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը: Ունե՞նք արդյոք հետդարձի որեւէ տարբերակ, թե՞ ամեն ինչ այլեւս անդառնալի է:

– Չի կարելի բացառել, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը նորից հետաձգվի ԵՏՄ-ի ներքին, անընդհատ խորացող քաղաքական հակասությունների պատճառով, բայց մեր նախաձեռնությամբ հետդարձի որեւէ տարբերակ, ցավոք, առայժմ տեսանելի չէ, քանի որ Հայաստանի քաղաքական համակարգը, ըստ էության, չունի քաղաքական օրակարգ, չունի պետականությունն ու ինքնիշխանությունը պահպանելու եւ ամրապնդելու որեւէ նպատակ եւ ծրագիր, ու թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանում ներկայացված «ոչ իշխանությունը» միեւնույն օլիգարխիկ համակարգի մաս են: Իր հերթին՝ Հայաստանի օլիգարխիկ համակարգը Ռուսաստանի օլիգարխիկ համակարգի օրգանական բաղադրիչն է (ինչը, ի դեպ, չես ասի, օրինակ, Ուկրաինայի կամ Ադրբեջանի օլիգարխիկ կառուցվածքների մասին):

– Ոչինչ չե՞նք կարող անել այլեւս:

– Այս պահի դրությամբ կարեւորագույն խնդիրը, որ դրված է մեր առջեւ, հնարավորին չափ փոքր կորուստներ ունենալն է, մեր պետականությունն ու ինքնիշխանությունը արդեն սկսել եւ շարունակում ենք զիջել: Կա մեկ այլ՝ շատ կարեւոր խնդիր, որի լուծումը նույնպես առայժմ տեսանելի չէ. Հայաստանի քաղաքական համակարգը պատրաստ չէ՛ այն իրադարձություններին, որոնք անխուսափելի են՝ Պուտինի ռեժիմի փլուզումը եւ հերթական անգամ Ռուսաստանի դուրս գալը մեր տարածաշրջանից: Պատրաստ չլինելով դրան՝ մենք բախվելու ենք դաժան իրականության հետ՝ ունենալով մինչեւ ատամները զինված Ադրբեջան եւ նրա դաշնակից Թուրքիա: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Հայաստանում կար այն քաղաքական համակարգը (քաղաքականապես շատ հասուն եւ ինստիտուտացված Շարժում՝ իր բոլոր կառույցներով), որը կարողացավ ծանրագույն իրավիճակում ճշգրիտ լուծումներ գտնել: Ներկայումս Հայաստանի լրջագույն խնդիրը կոռումպացված քաղաքական համակարգն է. նկատի ունեմ թե՛ իշխանությունը, թե՛ ոչ իշխանությունը (այս ինքնաանվանումն, իհարկե, քաղաքագիտական աբսուրդ է), որին ավելի ճիշտ կլինի «ոչ ընդդիմություն» անվանել: Ինչպես ցույց են տալիս վերջին զարգացումները, եռյակը՝ օլիգարխիկ հսկայական նյութական ռեսուրսներ ունենալով, այնուամենայնիվ, անկարող է իր մեջ քաղաքական բովանդակություն կերտել կամ քաղաքական օրակարգ ձեւավորել: Ավելին, այդ ուժերն էլ ԱԺ-ի մյուս խմբակցությունների հետ միասին Հայաստանի կարեւորագույն խնդիրների լուծումը, այդ թվում՝ իշխանության ձեւավորման հարցը, փոխանցել են Կրեմլին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/10/09/504280/