Իշխանության կրունկի տակ. Հայաստանի «սահմանադրական սկանդալը» հասել է ԵԽԽՎ

Իշխանության կրունկի տակ. Հայաստանի «սահմանադրական սկանդալը» հասել է ԵԽԽՎ
Իշխանության կրունկի տակ. Հայաստանի «սահմանադրական սկանդալը» հասել է ԵԽԽՎ

Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի իրարամերժ հայտարարությունները սկանդալ են դարձել ոչ միայն Հայաստանում , այլեւ միջազգային կառույցներում: ՍԴ դատավորի ՝ տրամագծորեն տարբեր հայտարարությունների մասին արդեն խոսում են ԵԽԽվ-ում: Այս մասին  «Մեդիալաբին» ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Իմ գործընկերները ԵԽԽՎ-ից ինձ տեղեկացրին, որ իրենց եւս հասել է ՀՀ Բարձրագույն դատարանի՝ ՍԴ-ի  հետ կապված սկանդալը: Ես տեղյակ եմ, որ իրենց ձեռքի տակ են իրարամերժ հայտարարությունների տեսագրությունները , որտեղ ՍԴ անդամը մեկ ժամվա տարբերությամբ տրամագծորեն հակառակ մեկնաբանություն է տալիս  իրենց իսկ ընդունած վճռին», -«Մեդիալաբին» ասում է Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին՝ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ որոշման հրապարակումից ժամեր անց, ՍԴ  դատավոր Ֆելիքս Թոխյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ օրենքի՝ Սահմանադրությանը հակասող դրույթները չպետք է գործեն մինչեւ  սեպտեմբերի 30-ը, իսկ քաղաքացիներից գանձված գումարները պետք է վերադարձվեն: Այս հայտարարությունից ժամեր անց մեկ ալ՝ «Շանթ» հեռուստաընկերության եթերում նույն դատավորը հայտարարեց .«Թյուրիմացություն է, պարտադիր պահանջը չի վերացվել: Մինչև սեպտեմբերի 30-ը պարտավոր են վճարել, սա միանշանակ է»:

ՍԴ որոշման հետ կաված իրավական խառնաշփոթն առաջացավ այն բանից հետո, երբ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը ԶԼՄ-ներին ասաց, որ քաղաքացիներից կատարվող պահումները մինչեւ սեպտեմբերի 30-ը պետք է շարունակվեն:

Նկատենք, որ Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի 7-րդ կետով սահմանվում է  Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետը` սեպտեմբերի 30-ը:  Հաշվի առնելով հանգամանքը, հակասահմանադրական ճանաչված դրույթները փոխկապացված են եւս 50 օրենքների ու մոտ ութսուն  այլ իրավական ակտերի հետ, ՍԴ-ն կառավարությանը ժամանակ է տալիս դրանք շտկելու եւ Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար:

Դավիթ Հարությունյանի հայտարարությանը հաջորդեցին Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ու երեկ հրաժարականի դիմում ներկայացրած վարչապետ Տիգրան Սարգսյանի նույնաբովանդակ հայտարարությունները:

Իրավաբանները, սակայն,  ՍԴ որոշման նման մեկնաբանության հետ համաձայն չեն: Սահմանադրագետ, Բեռլինի «Հումբոլտի» համալսարանի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը համոզված է, որ ՍԴ որոշման եզրափակիչ մասի 7-րդ կետը չի կարող գործել,այն պարզ պատճառով, որ  ՍԴ-ն վիճարկվող դրույթները  ճանաչել է ոչ միայն Սահմանադրությանը հակասող, այլ նաև անվավեր:

Գոռ Հովհաննիսյանը «Մեդիալաբի» հետ զրույցում բացատրում է, որ ՍԴ բոլոր որոշումները Սահմանադրության պահանջով ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, հետեւաբար,  օրենքի դեն անվավեր  ճանաչված նորմերը հնարավոր չէ հետաձգել, քանի որ դրանք արդեն  իրավաբանական ուժ չունեն:

«Սահմանադրական դատարանն ինքը խախտել է Սահմանադրական դատարանի մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի դրույթը, որտեղ օրենսդիրը բառացի ՍԴ-ին պարտադրում է հետաձգելու դեպքում ակտը ճանաչել միմիայն Սահմանադրությանը հակասող, բայց ոչ երբեք անվավեր»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Մեկ այլ մասնագետ՝ Իրավունքի գերակայություն ՀԿ հիմնադիր անդամ, իրավաբան Արա Ղազարյանի համոզմամբ, ՍԴ որոշման, յոթերորդ կետը չենք կարող մկրատով կտրել եւ առանձին նայել: Այդ կետը պետք է դիտարկել ՍԴ որոշման ընդհանուր կոնտեքստի եւ բովանդակության մեջ:

«Ընդհանուր կոնտեքստում մենք տեսնում ենք, որ այլեւս հնարավոր չէ գումարներ գանձել, որովհետեւ այդ գումարները գանձվում են ի հակառակ անձի ցանկության:   Կարեւոր գաղափարը , որ ՍԴ-ն ասել է, այն է, որ չի կարող լինել բացարձակ պարտադրող համակարգ, պետք է  այլընտրանքային համակարգ լինի, այսինքն, անձը պետք է  կարողանա իր գույքը՝ այսինքն, դրամական միջոցների ապագան կարգավորել իր հայեցողությամբ»,-շեշտում է Արա Ղազարյանը:

Նրա խոսքով, այն ինչ ՍԴ-ն ասաց, մի քիչ դժվար է ընկալվում այն պատճառով, որ Դատարանն ասելիքը կարող էր ավելի պարզ ու մատչելի ձեւով ասել, այսինքն, նշեր, որ օրենքը հակասահմանադրական է, որովհետեւ բացարձակ պարտադրող համակարգ է ներառում, բայց դրա փոխարեն նույն  բանն է ասաց՝ այլ ձեւակերպմամբ, այսինքն, որ օրենքը սահմանադրական է, բայց միայն ՍԴ որոշման պատճառաբանական մասում նշված դիրքորոշումների շրջանակներում:

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե հակասահմանադրական ճանաչված նորմերի կիրառումը դադարեցնելը կարող է հանգեցնել պետության իրավական անտանգության խաթարմանը, Արա Ղազարյանը «Մեդիալաբին» ասում է.

«Բոլորը ուղղակի ասում են անվտանգություն, առանց կոնկրետ մատնացույց անելու, թե որտեղից է բխում այդ վտանգը եւ ինչպես կարող է  վանգել պետությանը կամ քաղաքացիներին:  Ուղղակի, աբստրակտ կերպով ասում են, որ վտանգավոր իրավիճակ կստեղծվի, բայց ոչ ոք չի ասում, թե ինչու: Եթե օբյեկտիվ հիմքերի վրա ընկած  համոզիչ պատասխան չի տրվում այս հարցերին, նաշանակում է, մենք հավատում ենք հակառակին՝  այսինքն, այդպիսի վտանգ իրականում չկա»:

Իրավաբանի խոսքով, եթե անգամ նման վտանգ լիներ, այդ վտանգը ՍԴ-ն մատնացույց է  արել կառավարության եւ ԱԺ-ի համար, որոնք պետք է տվյալ օրենքն ու դրա հետ փոխկապացված  մյուս օրենքները փոփոխեն:

Մասնագետը նաեւ ցավ է հայտնում ՍԴ անդամի իրարամերժ հայտարությունների համար՝ նշելով, որ դրա կարիքն ընդհանրապես չկար, քանի որ ամեն ինչ շատ պարզ էր:

«Խիստ հակասական մեկնաբանություն տվեց այդ աստիճանի պատասխանատու պաշտոն զբաղեցնող պաշտոնյան՝ ՍԴ դատավորը: Միայն պետք է ցավալ, որ այդպիսի իրավիճակ է մեր երկրում, բայց հուսով եմ, որ աս անորոշությունը կանցնի եւ եթե մեր իշխանությունն իսկապես հավատում է, որ քաղաքացին, մարդն է բարձրագույն արժեքը, ապա պետք է նրա տեսանկյունից իրերը դիտել,  եւ ոչ թե  այն տեսանկյունից, թե կառավարությունն  ինչ է ցանկանում», -«Մեդիալաբին» ասում է Արա Ղազարյանը:

Նրա խոսքով, Հայաստանում վարկաբեկվել է ՍԴ դատարանի որոշումների կատարման սկզբունքը դեռ 2003-ին, երբ չկատարվեց Վստահության հանրաքվե անցկացնելու Դատարանի որոշումը: 

«ՍԴ դատավորի բերանից խոսքը դուրս եկավ, դա արդեն օրենք է, սկզբունքը դա պետք է լինի, իսկ ենք այդ սկզբունքը վարկաբեկում ենք, առաջին իսկ պահից» ,-նշում է Արա Ղազարյանը:

Տեղեկացնենք, որ ստեղծված անորոշ իրավիճակում հանրային հեռուստաընկերության եթերով  պարզաբանելով ՍԴ որոշումը, Գագիկ Հարությունյանն ասաց.

«Մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը շարունակելու է գործել ամբողջությամբ, քանի որ նորմը տարաժամկետվել է: Դա ըստ «Սահմանադրական դատարանի մասին» օրենի 68-րդ հոդվածի 15-րդ կետի, նշանակում է, որ իրավական նորմը շարունակում է գործել»:

ԲՀԿ անդամ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշում է, որ թե նման պարզաբանումը եւ թե միայն  այն փաստը, որ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը մեկ ժամվա տարբերությամբ միմյանց տրամագծորեն հակսող հայտարարություններ են անում, խոսում է այն մասին, որ Հայաստանի բարձրագույն դատարանը կատարել է քաղաքական պատվեր գտնվում է «իշխանության կրունկի տակ»:

«ՍԴ դիմած քաղաքական չորս ուժերը շարունակելու են պայքարը ապօրինի օրենքի կիրառման դեմ»,-«Մեդիալաբին» ասում է նա,-ՀՀ քաղաքացիները պիտի իրենց անվստահությունը հայտնեն Հայաստանի բարձրագույն դատարանի` ՍԴ –ի անդամներին՝ ողջ կազմով՝ Գագիկ  Հարությունյանի գլխավորությամբ»:

Հիշեցնենք, որ տարեսկզբից ուժի մեջ մտած կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, որով 1974 թվականի հունվարի 1-ից հետո բոլոր ծնվածները պարտավոր էին  աշխատավարձի 5-10%-ը փոխանցել կուտակային ֆոնդերին, տարիներ անց որպես կենսաթոշակ ստանալու ակնկալիքով, ամիսներ շարունակ բուռն դժգոհության ալիք էր բարձրացրել:

Ընդդեմ պարտադիր կուտակային համակարգի շարժումը սկիզբ առնելով ՏՏ ոլորտի աշխատակիցներից, վերածվեց հզոր «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության: Անցյալ տարվա վերջում վիճահարույց օրենքի հարցով Սահմանադարական դատարան դիմեցին ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, որոնք եւս միացել էին «Դեմ եմ»-ի նախաձեռնած պայքարին: Ապրիլի երկուսի որոշմամբ ՍԴ-ն, ըստ էության, բավարարեց հայցը:

Էմմա Քալաշյան

© Medialab.am