Անցած գիշեր հակառակորդը կրակել է նաև Նախիջևանի ու Գեղարքունիքի ուղղություններով

Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին իրավիճակը հանգիստ է, բայց անցած գիշեր հակառակորդը կրակել է նաև Նախիջևանի ու Գեղարքունիքի ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Իջևանում ստեղծված միասնական տեղեկատավական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը։

«Կրակոցներն իրականացվել են ոչ միայն Տավուշի ամբողջ սահմանագոտու երկայնքով, այդ թվում՝ նաև Նոյեմբերյանի ուղղությամբ, այլ կրակոցներ են եղել նաև Գեղարքունիքի հատվածում՝ երկրորդ բանակային կորպուսի ճակատում, Նախիջևանի ուղղությամբ՝ չորրորդ և հինգերորդ բանակային կորպուսների հատվածում»,- ասաց նա։

Ըստ Հովհաննիսյանի՝ ընդհանուր առմամբ անցած գիշեր ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով հակառակորդի կողմից արձակվել են մոտավորապես 120 կրակոցներ։ Հիմնականոմ կիրառվել են հրաձգային զենքեր, այդ թվում՝ մեծ տրամաչափի։

«Եթե ամփոփենք այդ 120 կրակոցները, կարող ենք համարել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է։ Վիրավորների մասով իրավիճակը չի փոխվել՝ մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա»,- նշեց նա։