Մարտի 1-ի զոհերի և տուժածների հարազատներին փոխհատուցում տրամադրելու նախագիծը դրվեց շրջանառության մեջ. Լենա Նազարյան

Մարտի 1-ի զոհերի և տուժածների հարազատներին փոխհատուցում տրամադրելու նախագիծը դրվեց շրջանառության մեջ. Լենա Նազարյան
Մարտի 1-ի զոհերի և տուժածների հարազատներին փոխհատուցում տրամադրելու նախագիծը դրվեց շրջանառության մեջ. Լենա Նազարյան

Ազգային ժողովի փոխնախագահներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «2008 թվականի Մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ:

-Այսօր շրջանառության մեջ եք դրել Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխահատուցում տրամադրելու նախագիծը։ Ի՞նչ ընթացակարգերով է այն անցնելու։

– Կսպասենք Կառավարության արձագանքին, ապա Ազգային ժողովի որոշմանը: Այն կուղարկվի կառավարություն, այնուհետև ԱԺ նախագահի կողմից նշանակվելու է գլխադասային հանձնաժողով, քննարկվելու է հանձնաժողովում, ապա կքննարկվի լիագումար նիստերի դահլիճում:

-Երբ օգոստոսին այն ներկայացրեցիք, Հանրապետականներն առաջարկում էին նաև հոկտեմբերի 27-ին զոհվածների հարազատներին ևս փոխհատուցում տրամադրել, ճ՞իշտ եմ հասկացել, որ այդուհանդերձ նախագիծը վերաբերում է միայն Մարտի 1-ի զոհերի հարազատներին:

-Այո, այս պահին միայն այդ իրադարձությունների հետ կապված մարդկանց է վերաբերվելու:

-Ի՞նչ չափի փոխհատուցման մասին է խոսքը:

-Օրենքը շատ մանրամասն չի այն իմաստով, որ նախատեսված հատուցման չափը, կարգն ու պայմանները սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ: Այսինքն՝ մենք կոնկրետ բան չենք գրել, թողել ենք կառավարության որոշմանը: Ենթադրում եմ, որ կառավարությունը հանձնաժողով կստեղծի կամ կպատվիրակի ինչ-որ մարմնի, որն էլ այդ հարցերը կկարգավորի: Հիմնավորումն այն է, որ 2008 թվականի Մարտի 1-ին վերոնշյալ իրադարձությունների ժամանակ պետությունը չի ապահովել տվյալ անձանց կյանքի իրավունքը, ուստի հիմա, երբ քայլեր են ձեռնարկվում հանրային համերաշխության հաստատման, անցումային արդարադատության միջոցով անձանց խախտված իրավուքների վերականգնման ուղղությամբ, տեղին է օրենքով սահմանված հատուցումը նշածս նպատակների իրականացման համար:

-Այսինքն՝ փոխհատուցման չափի հետ կապված դուք որևէ առաջարկ չե՞ք անի:

-Ո՛չ, դա մասնագիտական քննարկման հարց է, տարբեր հանգամանքներ են հաշվի առնվելու, ես չունեմ փորձագիտական այդ հնարավորությունը: Չգիտեմ՝ ինքս հնարավորություն կունենա՞մ մասնակցել, թե չէ այդ աշխատանքներին: Այս օրենքով մենք ստեղծում ենք հնարավորություն, որը հեշտացնելու է փոխհատուցում ստանալը, բնականաբար առաջին հերթին ուզում ենք փոխհատուցում ստանալը հեշտանա այն մարդկանց համար, ովքեր հարազատներ են կորցրել կամ որոնց առողջությանը էական վնաս է պատճառվել: Հիմա չեմ կարող ասել՝ որն է լինելու էական վնասը, որովհետև չափանիշները մշակվելու են կառավարության որոշմամբ: Կառավարությունը ինչ-որ ձև կհասկանա՝ ինչ չափանիշների հիման վրա է տրամադրվելու կամ չի տրամադրվելու:

– Ըստ Ձեզ՝ օրենքի նախագիծն ի՞նչ ժամկետներում կքննարկվի խորհրդարանում:

-Ճիշտն ասած, չեմ կարող ասել, կան կանոնակարգով սահմանված ժամկետներ:

Լուսանկարը` «Ֆոտոլուր»

Շողիկ Գալստյան