«Այն, որ որոշ քաղաքական և օդիոզ հայտնի դեմքեր ազատության մեջ են, դեռ չի նշանակում, որ նրանք դատարանի առջև չեն կանգնելու». Ալեն Սիմոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:

– Պարո՛ն Սիմոնյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀԿ նախընտրական հայտարարությունը, որը տարածվեց կուսակցության խորհրդի նիստից հետո: Հայտարարությունում տեղի ունեցած հեղափոխության մեղքը կարծես գցում են Սերժ Սարգսյանի վրա՝ նշելով, որ նրա՝ երրորդ անգամ առաջադրումը սրեց իրավիճակը:

– Դա ես կորակեմ ծավալուն անհեթեթություն, որը մեկնաբանելու որևէ ցանկություն չունեմ: Երբ ասում են՝ չներվեց Սերժ Սարգսյանի՝ երրորդ անգամ առաջադրումը, թող իրենք իրենց հարց տան՝ իսկ մնացածը ներվե՞ց: Մարտի մեկը ներվե՞ց, սեփական թիմի ընտանիքի անդամներին տարբեր շռայլություններ նվիրաբերելը ներվե՞ց, մենաշնորհները ներվեցի՞ն, Մանվել Գրիգորյանի կողմից բանակից պահածոներ գողանալը ներվե՞ց:

– Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որի ՀՀԿ-ն շարունակում է խորությամբ չվերլուծել իրավիճակը:

– Ոչ թե խորությամբ չեն վերլուծում, այլ չեն ուզում կամ չեն կարողանում տեսնել խնդիրները: Եթե տեսնելու լինեին, այն ժամանակ կտեսնեին: Իրենց մոտ մնացել է այն գործելաոճը, որ անընդհատ փորձում են ինչ-որ արդարացումներ գտնել:

– Ինչո՞ւ է ՀՀԿ-ն Մարտի մեկի մասին խոսելիս շեշտում, որ այդ ժամանակվա բախումներ հրահրողներից մեկը Նիկոլ Փաշինյանն էր: Արդյոք այսկերպ փորձում են պատասխանատվությունը հենց Փաշինյանի՞ վրա բարդել: Ի դեպ, ՀՀԿ հայտարարությունում ևս այդ մասին նշվում է:

– Դա խայտառակություն է, ես անլուրջ եմ վերաբերվում այդ հայտարարություններին: Ես առիթ ունեցել եմ ասել՝ ով կուզի խոսի, Հանրապետականը չպետք է խոսի Մարտի մեկի մասին: Սերժ Սարգսյանն իշխանության է եկել Մարտի մեկի զոհերի արյան գնով:

Իսկ ընդդիմությունը, որը բողոքել ու ընդդիմացել է կեղծված ընտրությունների դեմ, որևէ ձևով մեղավոր չի կարող լինել: Այդ նույն տրամաբանությամբ հիմա մենք կարող ենք ասել, որ այն մարդիկ, ովքեր մեզ քննադատում են, դրա իրավունքը չունեն: Կամ, ասենք՝ Արփինե Հովհաննիսյանը և Արմեն Աշոտյանը, որ գնում են եվրոպական ամբիոններում մեզ քննադատում են, պայքարում են, հրահրում են, դա քաղաքական գործունեություն է, մենք հասկանում ենք:

Ավելին, ես քաղաքականության մեջ եմ հայտնվել 2008 թվականի մարտի մեկին նախորդած օրերին Նիկոլ Փաշինյանին լսելով ու հասկանալով: Նիկոլ Փաշինյանը Մարտի մեկի զոհ է այնպես, ինչպես բոլոր քաղաքացիները: Մեզ վրա կրակեցին, ծեծեցին, Նիկոլ Փաշինյանին էլ էին սպանելու կամ բանտարկելու:

– Խոսում եք այն մասին, որ հասարակությունը չներեց թալանը, թալանչիներին, բայց այսօր մենք բանտում տեսնում ենք միայն նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Նոր իշխանությունները հայտարարում են, որ խոշոր կոռուպցիոներներ են եղել նախկինում, բայց անցել է յոթ ամիս, և միայն մեկ մարդ է բանտում: Ո՞րն է պատճառը. այդ հարցադրումը հանրության կողմից շատ է հնչում:

– Այո՛, այդպես է: Հիմա եկեք հասկանանք՝ մենք արդյոք ա՞յն իշխանությունն ենք, որը տեռոր ու դիկտատուրա է հաստատել: Բանը հասել է նրան, որ մարդիկ Նիկոլ Փաշինյանի անունը Նիկոլբաշի են ուզում սարքել: Թե՞ մենք այն իշխանությունն ենք, որն ընդամենը Մանվել Գրիգորյան է նստացրել:

Նախ՝ եկեք ա՛յս հարցի պատասխանը ստանանք: Իսկ հարցի երկրորդ մասի պատասխանը հետևյալն է. ի վերջո, երկրում գործում է դատական իշխանություն, որն ինքնուրույն որոշում է կայացնում խափանման միջոցների հետ կապված: Այն փաստը, որ որոշ քաղաքական և օդիոզ հայտնի դեմքեր ազատության մեջ են, դա չի նշանակում, որ իրենք դատարանի առջև չեն կանգնելու:

Դա չի նշանակում, որ դատական նիստեր չեն լինելու: Կոռուպցիայի դեմ պայքարը ոչ թե խոսքով, այլ գործով պետք է ցույց տալ: Ժամանակին կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով էր ստեղծվել, որը ղեկավարում էին հենց կոռուպցիոներները: Այսօր կա իրողություն, մարդիկ տեսնում են, որ այն հիմնարկներում, որտեղ նախկինում կաշառք էին տալիս, հիմա այդ կաշառքն այլևս չկա:

Թե Պետրոսյան Պետրոսը բանտում կլինի նախքա՞ն իր դատավճիռը, թե հետո՝ դա արդեն երկրորդական հարց է: Կարևորն այն է, թե ի՛նչ քաղաքական կամք ես դու դրսևորում: Իսկ քաղաքական կամքը դրսևորվում է այնտեղ, երբ մարդը Հայաստան է ներմուծում ինչ-որ բան, և իրենից կաշառք չեն պահանջում:

– Այսինքն՝ ոչ ոք անպատիժ չի՞ մնա, եթե հանցանք է գործել:

– Մարդիկ թող հանգիստ լինեն, որևէ կուլիսային պայմանավորվածություն երբևիցե ո՛չ եղել էլ, ո՛չ էլ կլինի: Ցանկացած հանցագործ պատիժ է կրելու, եթե նույնիսկ նա որևէ մեկի բարեկամն է կամ գործընկերն ու կուսակիցը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am