«Թե ինչ կարգի հերթեր են լինում մթերքի խանութների դիմաց, չեմ կարող նկարագրել»․ Արցախի բնակիչը՝ շատ վատ վիճակում են հիվանդները

Դեկտեմբերի 12-ին, ինչպես և նախատեսել էր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի 23-ամյա Աննա Արզումանյանը ճանապարհ ընկավ հայրենի Ստեփանակերտից դեպի Երևան, սակայն այդպես էլ տեղ չհասավ։

«Դեկտեմբերի 9-ին Արցախ էի եկել բրեկետներիս հետ կապված բուժում ստանալու, իմ բժիշկը Ստեփանակերտում է։ Դեկտեմբերի 12-ին արդեն ճանապարհվեցի Երևան, որովհետև հաջորդ օրը դասի էի, գնացի ու մնացի Շուշիի մատույցների մոտ։ Հենց էդ պահին ճանապարհը փակեցին։ Էն հույսով մնացինք ճանապարհին, որ դրանից մի շաբաթ առաջ էլ էին ճանապարհը փակել, բայց 3-4 ժամվա մեջ բացել էին: 3-4 մնալուց հետո արդեն ցուրտ էր, մեքենայի մեջ էլ ցուրտ էր, չէինք դիմանում, զանգեցի պապայիս, եկավ, ինձ հետ բերեց Ստեփանակերտ։ Էդ օրվանից մինչև հիմա Ստեփանակերտում եմ»,- ասում է Աննան։

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական ուժերը «բնապահպանական ակցիա» անվան տակ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ցամաքային միակ ճանապարհի շրջափակման հետևանքով առնվազն 120 հազար մարդ հայտնվել է շրջափակման մեջ: Կենսական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը մինչև շրջափակումն օգտագործվում էր սնունդ, դեղորայք, կենսական անհրաժեշտության ապրանքներ հասցնելու համար: 

Ճանապարհը փակելու պատճառով Աննան Արցախում գտնվող հազարավոր մարդկանց նման հայտնվել է շրջափակման մեջ: Ասում է, որ ուսումը կիսատ է մնացել, արդեն երկու քննության չի ներկայացել:

«Քննություններին չի թույլատրվում օնլայն կարգով մասնակցել, համալսարանների հետ կապի մեջ ենք, ովքեր մնացել են Արցախում, հարգելի չներկայացած են ստանում, վերադառնալուն պես հանձնելու են։ 

Ես փետրվարի 1-ից պրակտիկա պիտի գնամ ու մագիստրոսական թեզ գրեմ, բայց եթե մինչև փետրվարի սկիզբ չկարողանամ ներկայանալ պրակտիկայի, կամ համալսարանից դուրս կմնամ, կամ, ամենայն հավանականությամբ, մեկ տարով տարկետում կտան»,- նշում է Աննա Արզումանյանը ու մտահոգություն հայտնում, որ այդ դեպքում չգիտի՝ ինչպես կկարողանա համալսարանը ավարտել, քանի որ մինչև ճանապարհների փակվելը Երևանում նաև աշխատանք ուներ, կարողանում էր հոգալ իր կեցության ծախսերը, իսկ թե ինչ կլինի հետո՝ անորոշ է։

«Ես թևաթափ եմ եղել, իմ վերջին տարին է, ես էլ գերազանց եմ սովորում, լիկվիդներս հավաքվում են, չգիտեմ՝ ոնց ա լինելու, եթե տարկետում տան, ես կկարողանա՞մ նորմալ շարունակել»։

Չնայած նեղսրտած է, սակայն, նշում է՝ ստեղծված դժվարությունների մասին խոսում է, բայց շատ լավ գիտի՝ իր վիճակը վատ է, բայց Արցախում հազարավոր մարդկանց վիճակն ավելի ծանր է, հատկապես նրանց, ովքեր առողջական խնդիրներ ունեն, սակայն պատշաճ բուժօգնություն, դեղորայք ստանալ չեն կարող, մայրաքաղաք Երևան տեղափոխվել չեն կարող: 

«Ինձնից հազար անգամ վատ վիճակում մարդիկ կան, կհիշեք, օրինակ՝ 4-ամսական երեխայի պատմությունը, էդ երեխայի համար 3-4 օր բանակցություններ վարեցին, որ թողնեին Երևան տեղափոխել, բուժումը շարունակել։ Առողջական խնդիրներ ունեցող մարդիկ կան, շատ վատ վիճակում հայտնված մարդիկ կան»,- նշում է Աննան։

Աննայի խոսքով՝ շրջափակման պատճառով օր օրի լրջանում է նաև մթերքի հարցը, խանութներում հերթեր են գոյանում, որոշ ապրանքներ բացակայում են, ինչպես մրգերն ու բանջարեղենը։ 

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ այսօր Արցախում քննարկվել է կտրոնային համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա հավասարաչափ բաշխել առկա պարենային ապրանքները: 

«Ռուս խաղաղապահները իրենց մեքենաներով մթերք բերում-անցկացնում են, բայց իրենց համար է, իրենց բազաների, որովհետև էնտեղ էլ մարդիկ կան։ 

Հենց մեր շենքի տակ մեծ սուպերմարկետ կա, 4-5 մեշոկ պեսոկ էին ստացել, մինչև մաման կհագնվեր-կիջներ, որ գոնե 1կգ առներ, արդեն չկար։ Թե ինչ կարգի հերթեր են լինում մթերքի խանութների դիմաց, չեմ կարող նկարագրել»,- ասում է նա։

Աննայի խոսքով՝ իրենց ընտանիքում առաջին անհրաժեշտության մթերք դեռ կա, սնվում են հիմնականում մակարոնեղենով և նպարեղենով։

«Ըստ իմ մամայի՝ մենք մինչև հունվարի 20-ը կարող ենք ոչ մի բան չվերցնել, առաջին անհրաժեշտության ապրանքներ ունենք, բայց դրա մեջ ոչ մի տիպի բանջարեղեն չկա»,- ասում է նա։

Աննան նշում է՝ ամեն օր քնում արթնանում են այն հույսով, որ ի վերջո լավ լուր կլսեն․ «Ամեն օր սպասում ենք, որ ճանապարհները կբացվեն»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am