Միրզոյանը Կոլոննային է ներկայացրել հայ-ադրբեջանական գործընթացների վերջին զարգացումները

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ընթացիկ ծրագրերի կյանքի կոչման հարցում սերտ փոխգործակցության պատրաստակամությունն ու հանձնառությունը։

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին: Արարատ Միրզոյանը Կատրին Կոլոննային ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։ Մտքեր են փոխանակվել միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։