Վլադիմիր Գասպարյանի եղբայրն ու եղբորորդին մեղադրվում են խոշոր չափով շորթում կատարելու համար. «Factor»

Վլադիմիր Գասպարյանի եղբայրն ու եղբորորդին մեղադրվում են խոշոր չափով շորթում կատարելու համար. «Factor»

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր և եղբորորդու վերաբերյալ քրեական գործը հասել է Հատուկ քննչական ծառայություն, նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու համար։

Խոսքը այսօր Քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրության մասին է, որտեղ նշվում է, որ կոմիտեն տվյալներ է ձեռք բերել՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու վերաբերյալ:

Factor.am-ի տեղեկություններով՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բարձրաստիճան պաշտոնյան նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրն է՝ Կարեն Գասպարյանը, որը նախարարությունում զբաղեցնում է Ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետի տեղակալի պաշտոնը, իսկ  ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության օպերլիազորը Վլադիմիր Գասպարյանի եղբոր որդին է՝ Սերգեյ Գասպարյանը, որի լիազորություններն ամիսներ առաջ ժամանակավորապես կասեցվել էին Վալերի Օսիպյանի հրամանով։

Ըստ կայքի տեղեկությունների՝ քրեական գործը հարուցվել է մամուլի այն հրապարակումների հիման վրա, ըստ որոնց, Կարեն և Սերգեյ Գասպարյանները գազալցակայաններ են խլել քաղաքացիներից։