Հայաստանի պատվաստումային վիճակագրությունը․ FIP.am

Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր սկսեց ներկրել և բնակչության շրջանում կիրառել 2021 թվականի գարնանը: 

Առաջինը Հայաստանի բնակիչների համար հասանելի դարձան բրիտանա-շվեդական AstraZeneca-ն և ռուսական Sputnik V-ն:

«Փաստերի ստուգման հարթակը» հարցումներ էր ուղարկել Առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե մինչ օրս ինչ պատվաստանյութեր է ձեռք բերել Հայաստանը գնման ընթացակարգերով և որքան նվիրատվություն ստացել այլ երկրներից։ 

Նվիրատվություններ և սպառում

Ընդհանուր առմամբ, Հայաստանը ստացել է 414,000 դեղաչափ AstraZeneca։ Հոկտեմբերի վերջին արդեն այդ պատվաստանյութից շուրջ 27 հազար դեղաչափ ոչնչացվել է՝ պահպանման ժամկետը լրանալու պատճառով։

Sputnik V պատվաստանյութի շուրջ 218 հազար դեղաչափ Հայաստանին նվիրաբերել է  Ռուսաստանի Դաշնությունը։ 

Հայաստանը ստացել է նաև շուրջ 670 հազար դեղաչափ Moderna պատվաստանյութ։ Պատվաստանյութի առաջին չափաբաժինը նվիրաբերել էր Լիտվան, երկրորդը՝ 620 հազար դեղաչափ, Նորվեգիան։ 

Հայաստանին նվիրաբերված պատվաստանյութերը

AstraZeneca

Moderna

Sputnik V

670 000

218 000

414,000

Աղբյուր՝ ՀՀ Առողջապահության նախարարություն 

դեղաչափ

դեղաչափ

դեղաչափ

Մինչ օրս Հայաստանը գնման ընթացակարգով ձեռք է բերել միայն 200 հազար դեղաչափ Sinopharm։ Գումար է նախատեսված նաև գերմանական Pfizer պատվաստանյութի ձեռքբերման համար։ Pfizer-ի շուրջ ծավալվող քննարկումների վերաբերյալ «Փաստերի ստուգման հարթակի» նյութը կարող եք գտնել այստեղ։ 

Ի պատասխան «Փաստերի ստուգման հարթակի» հարցման՝ Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանը բանակցում է Ռումինիայի, Իտալիայի և Ճապոնիայի հետ՝ պատվաստանյութերի հերթական չափաբաժիններ ստանալու համար։ Առաջնահերթությունը, ըստ առողջապահական գերատեսչության, տրվելու է Moderna և Pfizer պատվաստանյութերին։

Երկիրը նաև բանակցում է ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը հումանիտար աջակցության ծրագրում ներառելու և պատվաստանյութերի ստացման հեռանկարները քննարկելու համար։ 

Հիշեցնենք, որ Հայաստանը նաև ավելի քան երեք միլիարդ դրամ է հատկացրել Sinopharm և Pfizer պատվաստանյութերի ձեռքբերման համար։ Pfizer-ի բանակցությունները դեռ շարունակվում են, իսկ չինական պատվաստանյութն արդեն Հայաստանում է։

Ըստ Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ Հայաստանում նոյեմբերի 5-ի դրությամբ առկա էր 55,340 դեղաչափ AstraZeneca, 67,248 դեղաչափ Sputnik V, 455,920 դեղաչափ Sinopharm, 7159 դեղաչափ Coronavac և 617,910 դեղաչափ Moderna։ Այս ընթացքում՝ նոյեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 21-ը, Հայաստանում կատարվել է նաև շուրջ 220 հազար պատվաստում։ Այսինքն՝ Հայաստանում վերջին օրերի դրությամբ, առկա է շուրջ մեկ միլիոն դեղաչափ պատվաստանյութ։ 

Ովքեր են պատվաստվել Հայաստանում 

Ի պատասխան FIP.am-ի հարցման՝ Առողջապահության նախարարությունից տրամադրել են նաև Հայաստանում պատվաստված անձանց վիճակագրությունը՝ ըստ սեռատարիքային կազմի։ 

Նոյեմբերի 5-ի դրությամբ Հայաստանում պատվաստվածների 54 տոկոսը կանայք են, 46 տոկոսը՝ տղամարդիկ։ Պատվաստված անձանց մեծամասնությունը՝ 60 տոկոսը, 35-65 տարեկան են, 26․5 տոկոսը՝ 18-35 տարեկան, իսկ 65-ից բարձր տարիքի են պատվաստվածների միայն 13․5 տոկոսը։

Պատվաստումների վիճակագրությունը

46%

54%

Աղբյուր՝ ՀՀ Առողջապահության նախարարություն 

18-35 տ․

35-65 տ․

65-ից բարձր

27%

60%

14%

«Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել նաև՝ պարզելու, թե կորոնավիրուսից մահացած անձանցից քանիսն են պատվաստված եղել։ ԱՆ-ն, սակայն, հայտնեց, որ տվյալները կամփոփվեն մինչև տարեվերջ։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նոյեմբերի 5-ի դրությամբ հաստատված դեպքերի միայն 1․5 տոկոսն են պատվաստված, հոսպիտալացված դեպքերի՝ 0․17 տոկոսը, իսկ վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացվածների՝ 0․01 տոկոսը։ 

Նախարարությունը հրաժարվում է տրամադրել տեղեկություններ նաև կորոնավիրուսից մահացած անձանց սեռատարիքային կազմի վերաբերյալ՝ հայտնելով, որ այդ տվյալները կհրապարակի Ազգային վիճակագրական կոմիտեն՝ տարեկան ամփոփագրերում։ 

Փաստերի ստուգման հարթակ