ԱԳՆ-ն խուսափում է բովանդակային պատասխանից. Արձագանք մի դիմումի կապակցությամբ

ԶԼՄ-Կառավարություն համագործակցության կարգը ենթադրում է տեղեկության տրամադրում վերջինիս կողմից, որը հնարավոր է վերլուծել, դարձնել հասարակության սեփականություն, տալ գնահատական:

Հենց այդ նպատակով է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը նախատեսում, որ Կառավարությունը հնարավորինս սեղմ ժամկետներում պատասխանի լրատվամիջոցի հարցերին: Հայաստանում, եթե հարցը լրացուցիչ տվյալների ստուգում չի պահանջվում, այդ ժամկետը 5 օր է: 

Հիմա եկեք հասկանանք, թե ինչո՞ւ մեր մի քանի պարզ հարցի, որի վերաբերյալ տեղեկությունները կարող են հասանելի դառնալ պետական կառույցին հաշված ժամերի ընթացքում, ԱԳՆ-ին՝ «չպատասխանելու» համար պահանջվեցին ամիսներ, իսկ հետո մեզ ուղղորդեցին երրորդ երկիր: 

Այսպես, մեզ հետաքրքրում էր, արդյո՞ք ՌԴ-ում մեր դեսպանությունը, կամ աշխատակիցներից մեկը, որն ունի/ուներ դիվանագիտական կարգավիճակ և համապատասխան դիվանագիտական քարտ, կատարել է անմաքս (Duty Free) պատվեր/առևտուր՝ շուրջ կես միլիոն դոլարի չափով:

Ցանկանում էինք ստանալ պաշտոնական պատասխան, որին կհետևեր նաև մեր արձագանքը: Եթե նման պատվեր եղել է, վատ չէր լինի հասկանալ, թե որտե՞ղ է գնացել ահռելի քանակի թանկարժեք խմիչքը, և որքա՞ն վնաս է հասցվել Հայաստանի պետական շահերին: 

Նման պատվեր կարող է անել միայն դիվանագիտական արտոնություններից օգտվող անձ, վերադասի գիտությամբ, որն իր այդ արտոնությունը ստացել է դեսպանության կողմից ՌԴ ԱԳՆ հղած պաշտոնական գրության հիման վրա: Կցանկանայինք նաև տեղեկանալ, թե արդյո՞ք այդ մասին գիտի ՀՀ ԱԳՆ-ն:

Երկրորդ հարցը վերաբերում էր Վրաստանում ՀՀ դեսպանությանը: Մենք փորձում էինք պարզել, արդյոք 2018-2019 թթ. ՀՀ դեսպանությունը աշխատակիցներից մեկի անունով շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլարի անմաքս գնումներ է կատարել (նկատենք, որ Վրաստանում Հայաստանի դեսպանի՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ռ. Սադոյանի ընկեր, ներկայումս հետախուզման մեջ գտնվող նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը նշանակալի շահեր ունի Վրաստանի Duty Free շուկայում, նա նաև Հայաստան-Վրաստան սահմանին գտնվող երկու Duty Free խանութների տերն է):

Եվ ահա ստացել ենք պատասխան: Հայաստանյան գերատեսչությունը, որն ունի լիարժեք տեղեկություններ իր աշխատակիցների հնարավոր նման գնումների վերաբերյալ (առնվազն՝ պետական անվտանգության նկատառումներից ելնելով), խուսափում է պատասխանից և մեզ ուղարկում է այլ երկրների գերատեսչություններ: 

Կներե՛ք, սիրելի՛ դիվանագետներ, դուք աշխատավարձը մեր վճարած հարկերից եք ստանում, ձեր աշխատավարձն ու այլևայլ նպաստները տասնապատիկ ավելին են, քան Հայաստանում միջին աշխատավարձն է, դուք պարտավոր եք պատասխանել այդ հարցերին: 

Ձեր լիազորությունների մեջ չի մտնում մեր հարցման վերահասցեագրումը: Եվ ամենակարևորը՝ եթե տեղի է ունեցել նման մեծ չարաշահում, ինչո՞ւ եք դուք մեզ հորդորում այդ մասին, փաստորեն, հայտնել օտարերկրյա համապատասխան կառույցներին: 

Դուք հաստատ գիտեք ճշմարտությունը, հիմա ո՞րն է պատճառը, որ այն մեր երկրից դուրս եք հանում:

Մենք շարունակում ենք ակնկալել պատասխաններ մեր հարցերին: Պատասխանները, մեր կարծիքով, կարող են լինել շատ պարզ. այո՛, եղել է նման պատվեր, այսինքն՝ դիվանագետի անունով: Կամ՝ ո՛չ, չի եղել: 

Քանի որ ԱԳՆ-ի հետ մեր համագործակցությունը բավականին յուրահատուկ բնույթ է ստանում, նաև դիմում ենք Պետական վերահսկողական ծառայություն՝ ստուգում իրականացնել, մասնավորապես, այս երկու դեսպանություններում և հրապարակել այդ ստուգումների արդյունքները: 

Կարծում ենք՝ սույն հարցը պետք է հետաքրքրի նաև վարչապետի աշխատակազմին՝ ԶԼՄ-ի հարցին ԱԳՆ պատասխանի նման ուշացման, օտարերկրյա գերատեսչություններին դիմելու ԱԳՆ անընդունելի հորդորի մասով, բովանդակային պատասխանից խուսափելու, նաև՝ Մոսկվայում և Թբիլիսիում մեր դեսպանություններում հնարավոր չարաշահումները բացահայտելու հարցերով: 

Իսկ եթե պարզվի, որ դիվանագետներից մեկի անունով Duty Free անմաքս առևտուր իրականացնող ընկերություններից մեկից արվել է շուրջ 480.000 դոլարի պատվեր, իսկ Վրաստանում մեր դեսպանությունը՝ երկու տարվա ընթացքում դեսպանի մերձավորներից մեկի քարտի միջոցով շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլարի անմաքս առևտուր է իրականացնել, նաև կցանկանայինք հասկանալ, թե ինչո՞ւ են պատկան մարմինները թաքցնում տեղեկությունները հասարակությունից: Արդյոք պարտակման փորձեր այս հարցերում չկա՞ն: 

Եվ վերջապես, այս խնդրով կարող է զբավել նաև վերջերս ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի համար փայլուն հնարավորություն է ստեղծվել հանրությանը տեղեկացնել այս ոլորտում հնարավոր չարաշահումների մասին: Հաշվի առնելով խնդրի ավելի քան զգայուն բնույթը՝ կանխարգելելու նման դեպքերը:

Թվում էր, թե նոր Հայաստանում նման վերաբերմունք այլևս հնարավոր չէ: Հարկատուների հաշվին բարձր աշխատավարձ ստացող ԱԳՆ-ն պետք է որ ավելի հաղորդակից լիներ նման հարցերում: Հուսանք՝ ամեն բան դեռ կորսված չէ: 

«Մեդիալաբ»