Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը այսօր կրկին այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ, հանդիպել Քաշաթաղի շրջանի վարչակազմի պատասխանատուների, գյուղապետերի և բնակիչների հետ՝ նպատակ ունենալով նրանց հետ քննարկել ադրբեջանա-արցախյան 3-րդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների խնդիրները։
«Հանդիպման ընթացքում պատասխանել եմ մեր քաղաքացիների հուզող հարցերին՝ պատրաստակամություն հայտնելով թե’ ի պաշտոնե, և թե՛ որպես Արցախի քաղաքացի ամեն կերպ աջակցել նրանց՝ խնդրահարույց հարցերին լուծումներ տալու ճանապարհին։ Կարևոր եմ համարել ևս մեկ անգամ ընդգծել, որ արցախցին փախստական չէ, այլ պանդուխտ հայրենի հողում», -իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Արթուր Թովմասյանը։
Հանդիպմանը մասնակցել է նաև՝ ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքերը համակարգող Միքայել Վիրաբյանը, ով ևս պատասխանել է ներկաների հարցադրումներին։
07.12.2020