Ներքաղաքական զարգացումներ. Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամակցելու որոշման մեջ Քոչարյանի գործոնը տե՞ղ ունի

Ներքաղաքական զարգացումներ. Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամակցելու որոշման մեջ Քոչարյանի գործոնը տե՞ղ ունի
Ներքաղաքական զարգացումներ. Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամակցելու որոշման մեջ Քոչարյանի գործոնը տե՞ղ ունի

Քաղաքականություն վերադառնալու և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու մասին ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունն արձագանք է գտել քաղաքական շրջանակներում, իսկ ոմանք նրա վերադարձը նույնիսկ կապում են Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն հավանական վերադարձի հետ:

Հիշեցնենք, որ երեկ Վարդան Օսկանյանը պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, թե ինքը դիմում է ներկայացրել ԲՀԿ-ին անդամակցության համար, և որ ինքը այդ որոշումը կայացրել է, քանի որ համոզված է, որ ԲՀԿ-ն «այլ քաղաքական ուժերի հետ միասին կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ և արդար ընտրություններ, հետևաբար նաև նոր խորհրդարան՝ քաղաքական ուժերի նոր դասավորությամբ»:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արդեն հայտարարել է, թե կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի` Հայաստան վերադառնալուց հետո «Օսկանյանի դիմումը համապատասխան բոլոր ընթացակարգերի» կքննարկվի:

«Կբավարարվի՞, թե՞ չէ, ասեմ, որ, եթե հիշում եք, իր վերջին ծրագրային ելույթներից մեկում Գագիկ Ծառուկյանը խոսեց հասարակական առավել լայն կոնսոլիդացիայի մասին: Եվ մշտապես ասել է, որ «Բարգավաճ Հայաստանի» դռները բաց են բոլոր այն գործիչների համար, ովքեր պատրաստ են մեզ հետ միասին աշխատել` հանուն ավելի լավ և բարեկեցիկ Հայաստանի, ովքեր կիսում են մեր ծրագրերն ու նպատակները: Պարոն Օսկանյանը իր վերջին մի քանի հարցազրույցներում հստակ ասել է, որ «Բարգավաճ Հայաստանի» ծրագրերը իրեն հոգեհարազատ են, և ինքը տեսնում է անելիք` մեզ հետ ճանապարհ անցնելու»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Զոհրաբյանը:

Միաժամանակ ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարել է, թե Օսկանյանի այս հայտարարությունը ինքը չի կապում Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի հետ:

Մինչդեռ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն այսօր «Առավոտին» տված մեկնաբանությունում, նշել է, թե «ամիսներ շարունակ շատերն էին քննարկում այս սցենարը, շատերն էին խոսում, որ Քոչարյանը ոչ թե միանգամից կվերադառնա, այլ Վարդան Օսկանյանի մուտքը դա կազդարարի»:

«Այս փաստն ամրապնդում է այդ վարկածը: Ես սա ասում եմ ոչ թե որպես բացարձակ ճշմարտություն, այլ որպես տարածված խոսակցություն»,- ասել է Սաֆարյանը:

Սակայն այս հարցի շուրջ վերլուծաբանների տեսակետները տարբեր են: Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով` «պարտադիր չէ, որ Օսկանյանի այս հայտարարությունը կապված լինի Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի հետ»:

«Բայց, այնուամենայնիվ, դա Հայաստանի քաղաքականության մեջ ներկայիս իրավիճակում, որոշ չափով, կարելի է իրադարձություն համարել, և կարծում եմ, որ սա պայմանավորված է (գոնե այս պահին ինձ այդպես է թվում) իր անձնական քաղաքական հավակնություններով»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Մեհրաբյանը:

Քաղաքագետի խոսքով` Օսկանյանի նման որոշումը պայմանավորված է նաև նրանով, որ մարտի 1-ից հետո ԱԳ նախկին նախարարը բազմիցս քննադատվել և մեղադրվել է ընդդիմության կողմից այն բանի համար, որ «եղել է մարտի 1-ի արտաքին քաղաքական դատապաշտպանը, խոսնակը` միջազգային հանրության համար»:

«Եվ հիմա, քանի որ հանրային գիտակցության մեջ, այդ թվում` ընդդիմության շրջանակներից մեսիջներ են հղվում, որ ԲՀԿ-ն այնքան էլ իշխանական կուսակցություն չէ, ինչո՞ւ չէ` նաև կարող է հանդես գալ ընդդիմադիր դիրքերից, Օսկանյանի կողմից փաստորեն ընդունված որոշումը նաև այդ ենթատեքստն է պարունակում` սեփական անձը նորովի հանրությանը մատուցելու և քաղաքականության մեջ երկրորդ շունչ բացելու»,- ասում է Մեհրաբյանը:

Քաղաքագետը, սակայն, վստահություն չունի, թե նախկին նախարարին դա որքանո՞վ կհաջողվի:

«Դժվար է կանխատեսել, որովհետև Հայաստանում ներքին զարգացումները նաև կախված են արտաքին գործոններից: Այնպես որ, ամեն ինչ և ոչինչ չպետք է բացառել»,- ասում է Մեհրաբյանը:

ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանի կարծիքով էլ` «Հայաստանի վերջին մի քանի խորհրդարանական ընտրությունների քաղաքական մշակույթի մասն է դարձել առանձին գործիչների կցվելը խորհրդարան անցնելու «իրավունք» ստացած օլիգարխիկ կամ քրեաօլիգարխիկ կլաններին` սեփական անձը ամեն գնով խորհրդարանում տեսնելու հեռանկարով»:

«Եթե նախկինում առավելապես ֆինանսական վճարունականությունն էր այդ գործիչներին ներկայացվող հիմնական պահանջը, ապա այժմ մի քիչ «ժողովրդավարացել» ենք, և կարելի է օգտագործել նախկինում մի քանի անգամ օգտագործված քաղաքական գործիչներին: Ես Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրումը դիտարկում եմ այն նույն տեղեկատվության համատեքստում, ըստ որի` ԱԺ ընտրություններին իշխող կոալիցիան ներկայացնող կուսակցությունների կազմում մասնակցելու են նաև Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը և հնօրյա այլ քաղաքական գործիչներ»,- «Մեդիալաբին» ասում է Սարոյանը:

Նրա խոսքով` «ինչպես օլիգարխները խորհրդարան անցնելով խնդիր ունեն պահպանել, պաշտպանել ու ավելացնել վերջին տասնամյակներում առավելապես անօրինական ճանապարհով իրենց ձեռք բերած կապիտալը, այնպես էլ քաղաքական այդ գործիչները նպատակ ունեն պահպանել, պաշտպանել ու ավելացնել իրենց վարչաքաղաքական կապիտալը»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործոնին, ապա, փորձագետի խոսքով` «քանի որ խորհրդարան անցնելու համար գործում են սոսկ պայմանավորվածությունները, ապա խնդիրը միայն պարզելն է, թե Օսկանյանի պայմանավորվածությունները միայն Ծառուկյանի՞ հետ են, թե՞ նաև Հայաստանի քաղաքական դաշտում բավական խոր արմատներ ձգած և մինչև այժմ իշխանական կլանների վարքը բավական հմուտ ղեկավարող Ռ. Քոչարյանի»:

«Համենայնդեպս, ընդդեմ Քոչարյանի այդ կլանները վերջին տարիներին ոչ մի էական քայլ չեն կատարել: Եվ, հետևաբար, Քոչարյանի գործոնը Օսկանյանի այս որոշման մեջ շատ մեծ տեղ կարող է ունենալ»,- ասում է Սարոյանը:

Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը ԱԳ նախարարի պաշտոնը թողել է 2008-ի նախագահական ընտրություններից հետո. նրան այդ պաշտոնում փոխարինել է ԱԳ ներկայիս նախարար Էդվարդ Նալբանդյանը: Պաշտոնաթողությունից հետո Օսկանյանը հիմնել է «Սիվիլիթաս» հիմնադրամը, որի խորհրդի նախագահն է այժմ: Օսկանյանը պաշտոնաթողությունից հետո նաև պարբերաբար հանդես է եկել Սերժ Սարգսյանի վարած ներքին և արտաքին քաղաքականության քննադատությամբ:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am