«Չեմ հիշում, որ ադրբեջանական կողմն այսպես ուղղակի համարձակվի սպառնալ ռուս խաղաղապահներին՝ լարվածությամբ Լեռնային Ղարաբաղում». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը

Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական այսօրվա սահմանային սադրանքն ինչո՞վ եք բացատրում, նպատակը ո՞րն է:

– Եթե հետևենք վերջին զարգացումներին՝ կնկատենք, որ մոտավորապես մեկ ամիս է՝ ինչ ադրբեջանական կողմը շարունակաբար կեղծ տեղեկատվություն է տալիս, թե իբր հայկական կողմն Արցախում ու Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին խախտել է հրադադարի ռեժիմը, ինչին անմիջապես հաջորդում է մեր կողմի ժխտումը, ինչը պարբերական բնույթ էր կրում՝ հիմք տալով ենթադրելու, որ ինչ-որ սադրանքների նախապատրաստություն է ընթանում:

Բայց այս զարգացումները ես կապում եմ Չավուշօղլուի Ադրբեջան կատարած վերջին այցի ու այնտեղ հնչեցրած թեզերի հետ, որոնցով Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ եկել է, որպեսզի համաձայնեցնեն համատեղ գործողություններն արդեն Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների համատեքստում՝ կրկին շրջանառության մեջ դնելով «Զանգեզուրի միջանցք» ասվածը, նշելով, որ Ալիևը պետք է անցնի այդ նախագծի իրագործմանը: Կարծում եմ՝ այս հրապարակային ու, բնականաբար, ոչ հրապարակային ուղերձները հիմք նախապատրաստեցին հերթական սադրանքի համար, որի հետևանքով, ցավոք, ունենք զոհ ու վիրավոր:

– Իսկ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը որքանո՞վ է նպաստել ադրբեջանական այս սադրանքին, գուցե օգտվո՞ւմ են առիթից:

– Իմ դիտարկումը հետևյալն է. ադրբեջանական կողմը թեև պաշտոնապես փորձել է հնարավորինս չեզոք դիրքորոշում որդեգրել, բայց դրան զուգահեռ այս ընթացքում հումանիտար օգնության անվան ներքո երկու ինքնաթիռ է ուղևորվել Ուկրաինա, բացի այդ, ոչ պաշտոնական մակարդակով, օրինակ՝ տելեգրամյան ալիքներ, կայքեր, որոնք ուղիղ առնչվում են հենց իշխանությունների հետ, ակնհայտ հակառուսական ու պրոուկրաինական քարոզչություն են տարել այս ընթացքում: Օրինակները բազմաթիվ են ու փաստական, և ես կարծում եմ՝ դա նպատակադրված քաղաքականություն էր, այսինքն՝ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի համար իհարկե շահավետ է, որպեսզի Ռուսաստանն այս իրավիճակից դուրս գա հնարավորինս թուլացած, ինչը հնարավորություն կտա փորձելու իրագործել իրենց ծրագրերն արդեն Հարավային Կովկասում, և, կրկնում եմ՝ Չավուշօղլուի վերջին այցը, այնտեղ հնչեցրած ուղերձները այդ համատեքստում եմ դիտում:

– Ադրբեջանը կգնա՞ լայնածավալ ռազմական գործողությունների:

– Այս պահին, չեմ կարծում, որ նման ռիսկի գնան, այդուհանդերձ, չեմ էլ բացառում հնարավորությունը, եթե իրավիճակն ավելի լարվի Ուկրաինայի հետ հատվածում, որովհետև, իմ տպավորությամբ՝ Ալիևը որոշակի խոստումներ է տվել ռուսական կողմին՝ չլարել իրավիճակը Հարավային Կովկասում, բայց այս սադրիչ գործողությունները, իհարկե, մտահոգվելու տեղիք տալիս են:

– Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական կողմին կարծես մտահոգել է հանգամանքը, որ ԼՂՀ կառավարության նախաձեռնությամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել: Կմանրամասնե՞ք ադրբեջանական կողմի արձագանքը:

– ՌԴ ՊՆ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ դա հիշատակված էր, ու դրանից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հանդես եկավ հերթական սպառնալից և սադրիչ հայտարարությամբ, որում ասվում է. «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից Ուկրաինա ուղարկվող մարդասիրական օգնության համատեքստում «Լեռնային Ղարաբաղ» տերմինի օգտագործումն անթույլատրելի է։

Ադրբեջանի Հանրապետության տարածքում չկա «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչատարածքային միավոր: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ նման հայտարարությունները կարող են վնաս հասցնել ռուս-ադրբեջանական հարաբերություններին և հանգեցնել իրավիճակի սրման Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը»: Ես չեմ հիշում, որ ադրբեջանական կողմն այսպես ուղղակի համարձակվի սպառնալ ռուս խաղաղապահներին՝ լարվածությամբ Լեռնային Ղարաբաղում:

– Իսկ ձեր նշած այդ ուղիղ սպառնալիքն ինչո՞վ եք բացատրում, եթե հաշվի առնենք, որ կողմերի միջև դաշնակցային հռչակագիր կա կնքված:

– Ավելին ասեմ՝ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրահանգ է տվել հավուր պատշաճի պատրաստվել հայկական «սադրանքներին» դիմակայելու մի քանի ուղղություններով: Հավանաբար նրանց դիտարկումներն այն են, որ Ռուսաստանի համար բարդ իրավիճակ է, և պետք է փորձել օգտվել այդ իրավիճակից Հարավային Կովկասում:

– Ադրբեջանի ՊՆ այդ հայտարարությանը, ըստ ձեզ, ռուսական կողմը կարձագանքի՞:

– Չեմ բացառում, բայց չեմ կարող ասել՝ ինչ ձևով ու ինչ կերպ, պետք է նաև հաշվի առնենք, որ Ռուսաստանը հիմա բավականին խառն է, բայց կարծում եմ, որ այդ ամենն անարձագանք չի մնալու, որովհետև բավականին հստակ ցույց են տալիս, որ սպառնում են:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am