«Դեկտեմբերի 7-ը ծանր հոգեբանական և հուզական հիշողություններ է թողել բոլորիս սրտերում». Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Այսօր լրանում է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը:

Որքան էլ անցնի ժամանակը` երկրաշարժը մեծ սպի է թողել բոլորիս, հատկապես մեծ կորուստներ կրած Հայաստանի հյուսիսային շրջանների բնակչության վրա:

30 տարի առաջ այս օրն աղետալի երկրաշարժը գրեթե հողին հավասարեցրեց Հայաստանի մի շարք տարածքներ` Լոռու և Շիրակի մարզերի մեծ քաղաքներ, հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր` խլելով 25 հազար կյանք, անօթևան թողնելով շուրջ կես միլիոնից ավելի մարդու:

Թեև դեկտեմբերի 7-ը ծանր հոգեբանական և հուզական հիշողություններ է թողել բոլորիս սրտերում` ժամանակն է թոթափել վիշտը և արարել նոր Հայաստան: Համոզված եմ` հաշված տարիների ընթացքում կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետևանքները և Հայաստանի ցանկացած անկյունում ամուր կկանգնենք հողին` առողջ հոգով և առողջ մարմնով»: