Նիկոլ Փաշինյան. Побочный эффект-ը

Մհեր Արշակյան

Ապրի՛ Նիկոլը: «Նվաճում» «նվաճումի» հետևից: Ու սարսափելին էլ այն է, որ այս ամենի հետ Ռոբերտ Քոչարյանը կապ չունի: Ռոբերտ Քոչարյանը չի դիմել Սահմանադրական դատարան իր մեղադրանքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով, Ռոբերտ Քոչարյանը ինքն իր դեմ մեղադրանք չի առաջադրել: 

Հիմա էլ դատախազությունը փորձում է հասկանալ՝ կարո՞ղ է ՀՀ երկրորդ նախագահին դատել պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով «չեղած տեղը կաղամբն էլ է միրգ» մխիթարանքի շրջանակներում: 

Ի՞նչ ունենք այսօր: 

«Մարտի 1»-ի գործ չկա: Ռոբերտ Քոչարյանի դեմ առաջադրված մեղադրանք չկա, մարդը Պոզներին հարցազրույց է տալիս ու ռուսական եթերից հայաստանցիներին հասկացնում, թե ում «պապայությամբ» է թպրտում: Լավ է անում: Ճիշտ է անում: 

Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի побочный эффект-ը: Ձախողում ձախողումի հետևից սոսկ այն փաստից, որ այդ մարդն է ՀՀ վարչապետը:

Побочный эффект՝ նշանակում է դեղամիջոց, որն ունենում է անցանկալի հետևանքներ: Եվ իսկապես, ժողովուրդն այդ մարդուն բերեց հենց որպես դեղամիջոց, բայց, պարզվեց, այն ամենին, ինչին այդ մարդը դիպավ, միայն անցանկալի հետևանքներ է առաջացնում: 

Փորձեց Ղարաբաղի հարցին չդիպչել, հետևանքները տեսանք: 

Դիպավ Քոչարյանի հարցին, հետևանքները հայտնի են, մինչև Փաշինյանի դիպչելը Քոչարյանը անվերապահ հանցագործ էր, ոչ ոք չէր կասկածում, որ 10 հոգուն այդ մարդն է սպանել: Հիմա երևի հենց Դանիբեկյանի դատարանը կարող է ապացուցել, որ Փաշինյանն անձամբ է սպանել այդ 10-ին: 

Դիպավ դատարաններին, հետևանքները տեսանք: Ոչ մի դատարան այդքան հանցագործի այդքան անմեղ չի ճանաչել, որքան մեր դատարանները Նիկոլ Փաշինյանի օրոք: 

Եվ ամենասարսափելին՝ պատերազմից հետո Հայաստանի նախընտրական մթնոլորտում կա միայն երկու խաղացող՝ Նիկոլ Փաշինյան և Ռոբերտ Քոչարյան: 

Առաջինը սպանեց մոտ 4 հազար հայորդու, երկրորդն էլ մատը մատին չխփեց, որ այդ օրն այդպես էլ չգա: Առաջինը չգիտեր, թե ինչ է պատերազմը, երկրորդն էլ չգիտեր, թե ինչ է խաղաղությունը: Ու իրար կերակրելով քաղաքական դաշտում մնացին երկուսով: 

Առաջինը Ղարաբաղից ոչինչ չհասկացավ, երկրորդը՝ Հայաստանից: Առաջինի պատճառով մենք վճարեցինք Ղարաբաղի համար, երկրորդի պատճառով կվճարենք Հայաստանի համար: Որովհետև երկուսն էլ վերջապես խաղում են ոչ թե նույնիսկ իրար համար, այլ՝ միասին: Որովհետև նրանց խաղացնողը վերջապես մեկն է՝ Ռուսաստանը: 

Ռուսաստանը, ընկերնե՛ր, Քոչարյանին չի խնամում իշխանություն փոխանցելու համար, մտքներովդ չանցնի: Ռուսաստանը Քոչարյանին խնամում է հենց ընդդիմություն լինելու համար, քանի որ իր իշխանության համար Ռուսաստանն ունի Նիկոլ Փաշինյանին: 

Եթե Ռուսաստանը իշխանությունը վերադարձնի Քոչարյանին, ընդդիմադիր դաշտը կորբանա, մի ուրիշ նախապատերազմյան Նիկոլ գլուխ կբարձրացնի, ու ռուսներն ամեն ինչ ստիպված կլինեն սկսել զրոյից: 

Ռուսների համար իսկական արկածախնդրություն է Փաշինյանի պաշտոնանկությունը: Որովհետև ընդդիմադիր Փաշինյանը նույնքան կառավարելի չի լինի, որքան՝ իշխանություն ունեցող Փաշինյանը: Սա ընտրողին բացատրելը դժվար է լինելու: 

Ռուսաստանին նույնիսկ Քոչարյան-Փաշինյան կոալիցիա պետք չէ, թեպետ այդպիսի սցենարի դեպքում տեսականորեն ընդդիմության դիրքերից կարող էր հանդես գալ, ասենք, ՀՀԿ-ն, որը նույնպես կարող է խաղալ ռուսների հետ: 

Բայց ռուսների համար Սերժ Սարգսյանը Քոչարյանի կառավարելիությունը չունի: 

«Հայրենիքի փրկության շարժումն» ու ԲՀԿ-ն ընդհանրապես հուսալի չեն, այնտեղ ինտելեկտի լուրջ պակաս կա ռուսական ստրկամտության պլացդարմ լինելու համար: Հետևաբար լավագույն կոնֆիգուրացիան գտնված է՝ իշխանությունը Փաշինյանին, ընդդիմությունը՝ Քոչարյանին: Մինչև Փաշինյանից վերջնականապես կազատվեն առանց վտանգի զգացման: 

Մհեր Արշակյան

MediaLab.am