Հեղաշրջման փորձը և պաշտոնանկ եղած պաշտոնյաները. գործը հասավ ԱԱԾ. տեսանյութ

Հեղաշրջման փորձը և պաշտոնանկ եղած պաշտոնյաները. գործը հասավ ԱԱԾ

Հայաստանում պետական հեղաշրջման փորձի մասին «Հայկական ժամանակ»-ի հրապարակումն ուսումնասիրելու է Ազգային անվտանգության ծառայությունը:

Դատախազությունը հրապարակումն ուսումնասիրել և ուղարկել է ԱԱԾ: Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին Գլխավոր դատախազությունից: Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելու փորձերի մասին երեկ Factor TV-ի եթերում հայտարարել էր նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյանն այսօր էլ տեղեկացրել է, որ պետական հեղաշրջման փորձով քննություն է ընթանում: Արմեն Գրիգորյանն անվանական չասաց, թե ովքեր են հեղաշրջման փորձ իրականացրել, բայց ԱԽ քարտուղարը սլաքներնն ուղղեց նաև պաշտոնանկ եղած պաշտոնյաների կողմը: Ուշագրավ է, որ մինչ հեղաշրջման մասին տեղեկությունների շրջանառությունն աշխատանքից ազատվել էին ուժային կառույցների ղեկավարներ:

Մասնավորապես, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԱԱԾ պետական պահպանության ծառայության ղեկավար Գեորգի Հայրապետովը: Թեմայի շուրջ նրանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց՝ մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին:

Արթուր Վանեցյանի կողմից ծրագրվող պետական հեղաշրջման փորձի մասին Factor TV-ի եթերում խոսել էր նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի ընտանիքի ազգական Հրաչյա Հակոբյանը:

Նա ակնարկել էր, որ հեղաշրջման փորձը քիչ պատճառ չէր Արթուր Վանեցյանի պաշտոնանկության համար: ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իրեն վերագրվող պետական հեղաշրջման մասին տեղեկությունները «ծայրից ծայր» ապատեղեկատվություն է որակում:

Նրա պաշտպանական թիմն այսօր հայտարարություն է տարածել, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը չհերքի այդ տեղեկությունները, ապա դատական գործընթաց կսկվի: Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից կարճ ժամանակ անց հայտարարել էր, որ պետական հեղաշրջում է կասեցվել, որի դերակատարը Վանեցյանը պետք է լիներ:
Այսօր Factor TV-ի եթերում Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ պետք է Արթուր Վանեցյանին մեկուսացնել հասարակական գործունեությունից: Պետական հեղաշրջման փորձի մասին ԱԱԾ-ից որևէ տեղեկություն չի հաջողվում ստանալ: Կառույցն արդեն մի քանի ամիս է՝ մամուլի կենտրոնի ղեկավար չունի:

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: