Լեւոն Զուրաբյան. 2011 թվականը Կոնգրեսի համար ամենաարդյուանվետ եւ ամենաակտիվ տարին էր

Լեւոն Զուրաբյան. 2011 թվականը Կոնգրեսի համար ամենաարդյուանվետ եւ ամենաակտիվ տարին էր
Լեւոն Զուրաբյան. 2011 թվականը Կոնգրեսի համար ամենաարդյուանվետ եւ ամենաակտիվ տարին էր

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով անցնող տարին հայտարարեց, որ 2011 թվականը Կոնգրեսի համար ամենաարդյուանվետ եւ ամենաակտիվ տարին էր:
Զուրաբյանը նշեց, որ անցնող տարում Կոնգրեսը անցկացրել է 22 համապետական հանրային միջոցառումներ` հանրահավաքներ, երթեր, այդ թվում եւ շուրջօրյա նստացույցների շարք:

«Սա միայն աննպատակ ակտիվություն չէր: Ես կարծում եմ, որ մենք բավական լուրջ արդյունքների ենք հասել: Ամբողջությամբ կարելի է վերականգնված համարել ազատ հավաքների իրավունքը: Հայաստանում այլեւս Ազատության հրապարակը բաց է քաղաքական ակտիվության համար, ընդ որում` ոչ միայն Կոնգրեսի, այլ` բոլոր քաղաքական ուժերի: Այսուհետ ապօրինի արգելքները հեռացված են` բոլոր տեսակի հրապարակային միջոցառումների համար: Սա կարեւոր նվաճում է, որը ձեռք է բերվել իշխանությունների կատաղի դիմադրության պայմաններում»,- նշեց Զուրաբյանը:

Կոնգրեսի համակարգողը կարեւոր նվաճում համարեց նաեւ այն, որ Կոնգրեսը կարողացել է պարտադրել իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին` առանց պայմանների: Կոնգրեսի համակարգողի խոսքով կարեւոր իրադարձություն էր նաեւ այն, որ Շարժումն իշխանության հետ  երկխոսության շրջանակներում հրապարակավ ներկայացրել է Սերժ Սարգսյանի եւ ԱԺ-ի ոչ լեգիտիմության հիմնավորումները:

«Այսուհանդերձ, մնաց մի կարեւոր իրավունք, որը մինչեւ հիմա չենք կարողացել վերականգնել, դա սեփական իշխանություն ընտրելու իրավունքն է: Երկխոսությունը, որ ծավալվեց, հենց դրան էր ուղղված, եւ այն, ինչը պետք է դառնար 2011 թվականի ամենամեծ նվաճումը, ընդ որում` սա կլիներ նվաճում անխտիր բոլորի համար, (եւ ընդդիմության, եւ իշխանությունների, եւ մեր պետության, եւ առաջին հերթին մեր ժողովրդի ու հասարակության համար), դարձավ տարվա ամենամեծ ձախողումը»,- նշեց Զուրաբյանը:

Կոնգրեսի համակարգողի խոսքով, այդ ձախողման համար միանշանակ պատասխանատու է իշխանությունը, որովհետեւ նրանք պետք է հասկանային, որ առանց զիջումների երկխոսություն չի լինում:

Զուրաբյանը նաեւ շեշտեց, որ «կարող եւ լինել եւ հերթական, եւ արտահերթ ընտրություններ, բայց խուսափել ընտրություններից, հնարավոր չէ», եւ Կոնգրեսը փետրվարին էլ, մարտին էլ պահանջելու է արտահերթ ընտրությունների անցկացում:

«Մեր նպատակը արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումն է եւ Հայաստանում շուտափույթ կերպով լեգիտիմ իշխանության ձեւավորումը:

Մենք կաշխատենք հասնել դրան տարվա սկզբին, բայց եթե անգամ դա չստացվի, հերթական ընտրությունները լրջագույն գործիք կծառայեն ռեժմին հեռացնելու ուղղությամբ շարժվելու համար»,- նշեց Լեւոն Զուրաբյանը:

Կոնգրեսի համակարգողը շեշտեց, որ եթե ընդդիմությանը չհաջողվի պարտադրել արտահերթ նախագահական ընտրություններ եւ գործը հասնի հերթական ընտրություններին, ապա ժողովրդի խնդիրը պետք է դառնա հերթական խորհրդարանական ընտրությունները արտահերթ նախագահական ընտրությունների վերածելը:

Պատասխանելով իշխանությունների այն պնդումներին, թե իրենք այս անգամ ազատ եւ արդար ընտրություններ են անցկացնելու, Զուրաբյանը նշեց, թե ընդդիմությանը «խոսքերը չեն հետաքրքրում»:

«Եթե նրանք իրոք նպատակ ունեն անցկացնել իրապես արդար ընտրություններ, ուրեմն պետք է ընդունեին այն փոփոխությունները, որոնց մասին մենք 2010-ից խոսում ենք` մատերի թանաքոտումներ, մեծամասնական համակարգից անցումը համամասնականին, տեսախցիկների տեղադրում տեղամասերում, ընտրացուցակների հասանելիությունը, այլ փոփոխություններ, որոնք ավելի թափացկ կդարձեին գործընթացը: Եթե այս հարցերը չեն լուծում, ուրեմն, արդեն հիմա ասում են, որ պատրաստ չեն արդար ըտնրությունների: Կամ դուք այս հարցերը պետք է լուծեք, եւ Հայաստանում կկայանան ազատ եւ արդար ընտրություններ, կամ դուք հայ ժողովրդին մղում եք դեպի հեղափոխություն»,- նշեց Լեւոն Զուրաբյանը:

© Medialab.am