Փոստանջյան. «Կատարվածը խայտառակություն է»: Գասպարին եւ բողոքի ակցիան արդեն ոստիկանության շենքի մոտ

Փոստանջյան. «Կատարվածը խայտառակություն է»: Գասպարին եւ բողոքի ակցիան արդեն ոստիկանության շենքի մոտ
Փոստանջյան. «Կատարվածը խայտառակություն է»: Գասպարին եւ բողոքի ակցիան արդեն ոստիկանության շենքի մոտ

Բանակում տեղի ունեցող միջադեպերի դեմ բողոքի ակցիան, մեկնարկից որոշ ժամանակ անց տեղափոխվել է Ոստիկանության կենտրոնի բաժամունք: Ակցիայի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստ Վարդգես Գասպարիին, ինչին չի կարողացել խանգարել նույնիսկ ԱԺ պատգամավոր Զարույի Փոստանջյանը, ով փորձել էր կանխել Գասպարիի բերման ենթարկելը:

Վարդգես Գասպարին դեռ գտնվում է Ոստիկանությունում: Ոստիկանության մոտ մի քանի տասնյակ ոստիկաններ են հավաքվել, ովքեր թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին մոտենալ Ոստիկանության շենքին:

Հիշեցնենք, որ «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները նախագահական նստավայրի մոտ պետք է պահանջեին Սերժ Սարգսյանի` որպես Զինված Ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, հրաժարականը:

Այժմ ոստիկանության մոտ են ոչ միայն ակտիվիստներ, այլ նաեւ իրավապաշտպաններ, ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Լարիսա Ալավերդյանը:

Զարուհի Փոստանջյանը «Մեդիալաբի» հետ զրույցում կատարվածը «խայտառակություն» համարեց:

«Սա առաջին հերթին խայտառակում է գործող իշխանություններին աշխարհով մեկ: Եւ այն գործընթացները, որ այսօր տեղի են ունենում մեր երկրում, մեկ անգամ եւս փաստում է, որ այս իշխանությունները պետք է օր առաջ հեռանան»,- նշեց Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ հասարակական տարբեր շերտերի մասնակցությամբ` բանակում տեղի ունեցող միջադեպերի դեմ ակցիաները պարբերական բնույթ ստացան վերջերս, մահվան դեպքերի թվի աճին զուգահեռ:

Միայն վերջին 10 օրվա ընթացքում բանակում մահացել է երեք զինվոր. հոկտեմբերի 9-ին` 19-ամյա Վլադիմիր Ասատրյանը, հոկտեմբերի 12-ին` 19-ամյա Յուրիկ Ներսիսյանը, հոկտեմբերի 13-ին` 21-ամյա Արամ Մելքոնյանը:

Պաշտոնական տվյալներով` 2007-2011 թվականներին զինված ուժերում տարբեր պատճառներով մահացել են 228 զինծառայողներ, որից ընդամենը 32-ն են մահացել հրադադարի խախտման հետևանքով:

Մինչդեռ, ոչ պաշտոնական տվյալներով, տարբեր փորձագետների գնահատմամբ` 1994 թվականից ի վեր հայկական բանակում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ:

Բանակում տեղի ունեցող միջադեպերի շուրջ բարձրացված աղմուկը ոչ միայն չի դադարում, այլև նոր դրսևորումներ է ստանում` ուղեկցվելով հասարակական բողոքով եւ շարունակական ակցիաներով:

Medialab.am