Ոչ ոք ինքնակամ չի հեռացել․ Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանը՝ Արցախում բռնի տեղահանման մասին. Factor

Հարավային Կովկասի երկրներում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Սյունիք և Վայոց Ձոր՝ ականատես լինելով Արցախից հայերի բռնի տեղահանմանը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Պատմական այց Եղեգնաձոր, Գորիս և Լաչին՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հետ միասին։ Շնորհակալություն EUMA-ին՝ հնարավորություն տալու համար տեսնել, թե ինչպես է ավելի քան 100,000 մարդ լքում տներն այն ամենով, ինչ կարող է բեռնել մեքենան: Վախի, զայրույթի և թեթևացման պատմություններ: Մարդասիրական մարտահրավերները հսկայական են»,- ասվում է Ֆինլանդիայի դեսպանատան X-ի էջում գրառման մեջ։ Ավելի ուշ արդեն դեսպանը X-ում գրառմամբ նշել է, որ մարդիկ ինքնակամ չեն հեռացել։

«Կարևոր էր տեսնել՝ զեկուցել կարողանալու համար, լսել նրանց պատմությունները՝ դրանք փոխանցելու, նրանց հետ լաց լինելու համար: Ոչ ոք կամավոր չի հեռացել, նրանց վռնդել են բռնության վախը, երկարատև ահաբեկումը»,- գրել է դեսպանը։