«ԱՄՆ-ն, որ վերջին շրջանում առանձնապես հետաքրքրված չէր Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացով, հիմա ակտիվությունն ուժեղացնում է». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

Պարո՛ն Սաֆրաստյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք այսօր Վաշինգտոնում Թուրքիայի արտգործնախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի կայանալիք հանդիպումից, որի ժամանակ, ինչպես նշվում է, անդրադարձ կլինի նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

– Նշեմ նախ, որ հանդիպումը տեղի է ունենում այն նոր ձևաչափի շրջանակներում, որը վերջերս համաձայնեցվեց Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև, այսպես կոչված ռազմավարական քննարկումների մեխանիզմն է դա, ու Թուրքիան ձգտում էր, որ այդ մեխանիզմը կյանքի կոչվի:

Հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի կքննարկվի նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցը, այն առումով, որ, ինչպես հայտնի է, Թուրքիան դեմ է այդ երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

Ըստ էության, Թուրքիան դեմ է այդ անդամակցությանը, որովհետև այն նոր հնարավորություն է ստեղծում Թուրքիայի համար առևտուր սկսել առաջին հերթին ԱՄՆ-ի հետ, իսկ որոշ չափով նաև՝ Ռուսաստանի: Սա նաև հնարավորություն է իր ներքին խնդիրները լուծելու համար: ԱՄՆ-ից Թուրքիան ձգտում է ստանալ հնարավորություն նորից միանալու F35 կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռների ծրագրին, որից ամերիկացիները դուրս էին թողել Թուրքիային:

Երկրորդ՝ Թուրքիան ձգտում է, որ ամերիկացիները իրենց F35-ի փոխարեն վաճառեն գոնե F16 արդիականացված տարբերակներ, մյուս կողմից՝ ձգտում է, որ ԱՄՆ-ն, այսպես ասած, մատների արանքով նայի այն հանգամանքին, որ Թուրքիան մինչ օրս չի հետևում Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների իրականացմանը: Ամերիկյան ճնշումներից զերծ մնալու համար Թուրքիան կօգտագործի ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցելու այս հարցը ու կփորձի ժամանակ շահել, որ տեսնի՝ հետո ինչ է լինում:

Ռուսաստանի հետ կապված՝ Թուրքիան կօգտագործի այս հնարավորությունը առևտրի մեջ մտնելու, այն առումով, որ Ռուսաստանը դժգոհություն է հայտնել, որ Թուրքիան «Բայրաքթարներ» է վաճառում Ուկրաինային: Ռուսաստանի դժգոհությունը մեղմելու համար կփորձի ձգձգել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը:

Ներսի խնդիրները ևս այս միջոցով փորձում է լուծել, որովհետև Էրդողանի վարկանիշն անկում է ապրում, դրա համար իրեն նոր բան է պետք, որ վարկանիշը բարձրացնի: Հաշվի առնելով հանգամանքը, որ Թուրքիայում շատ ուժեղ են հակաամերիկյան տրամադրությունները, ինքը ներսում ներկայացնում է, որ սրանով պայքարում է ամերիկյան իմպերիալիզմի դեմ: Նաև շատ կոնկրետ խնդիր է լուծում՝ կապված Քրդստանի աշխատավորական կուսակցության գործունեության հետ, բայց դրա մասով չեմ խոսի, որովհետև դա ակնհայտ է:

Այս երեք ուղղություններով Էրդողանը փորձում է ինչ-որ միավորներ ստանալ, ու Չավուշօղլու-Բլինքեն հանդիպմանն այս խնդիրներին կանդրադառնան: Համոզված եմ, որ վերջիվերջո Թուրքիան կտա իր համաձայնությունը Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցում, ուղղակի առևտուր է անում:

– Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին անդրադարձ կլինի՞, ու ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում ԱՄՆ-ն:

– Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում ինձ համար պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն, որ վերջին շրջանում առանձնապես հետաքրքրված չէր Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացով, հիմա ակտիվությունն ուժեղացնում է: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ երբ վերջին ամիսներին ԱՄՆ-ն սկսեց ավելի շատ հակառուսաստանյան քաղաքականություն վարել, սկսեցին նաև Թուրքիան դիտարկել որպես Արևմուտքի բաղկացուցիչ մաս Հարավային Կովկասում ու օգտագործել Թուրքիային տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու համար:

Այս առումով ամերիկացիները վերադառնում են իրենց այն դիրքորոշմանը, որ ունեին տասնամյակների ընթացքում, որից հրաժարվել էին Թրամփի պաշտոնավարման ընթացքում: Ուստի, կարծում եմ, որ ամերիկացիները ճնշում կգործադրեն Թուրքիայի վրա, որ վերջինս իսկապես, ինչպես ինքն է հայտարարում, առանց նախապայմանների կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ: Թուրքիան իհարկե դրան չի համաձայնի, որովհետև հայտարարելով, որ նախապայմաններ չունի, այնուամենայնիվ, որքան ես եմ հասկանում, Թուրքիան այդ նախապայմանները դնում է բանակցային գործընթացի սեղանին: Այնպես որ, այստեղ էլի Թուրքիան առևտուր անելու հնարավորություն է ստանում:

– Այսինքն՝ ԱՄՆ-ի շահագրգռվածությունը, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, բացատրվում է Ռուսաստանին ճնշելու ԱՄՆ-ի ցանկությա՞մբ, պարո՛ն Սաֆրաստյան:

– Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում թուլացնելու, Թուրքիային՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով ուժեղացնելու: Սա է Թուրքիայի աշխարհաքաղաքական հաշվարկը:

– Իսկ Թուրքիան կհաջողի՞ խուսափել այն ճնշումներից, որոնք, ինչպես ասացիք, ԱՄՆ-ն կգործադրի:

– Նայած որ հարցերում, իհարկե հայ-թուրքական հարաբերությունների հարցում, չեմ կարծում, թե ԱՄՆ-ի ճնշումն այդքան ուժեղ կլինի, բայց Ֆինլանդիայի ու Շվեդիայի հարցում, իհարկե, ակնհայտորեն մեծ կլինի ճնշումը, որովհետև դա պետք է ԱՄՆ-ին:

Սա սովորական պատկեր է թուրք-ամերիկյան հարաբերություններում, որի էությունը հետևյալն է. Թուրքիայի համար շատ կարևոր են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, ու նա ամեն ինչ անում է, որ իր նշանակությունն ամերիկացիների աչքում ավելի բարձրացնի, ու դրա մեջ մտնում է նաև այդ առևտուրը, որ իր նշանակությունը բարձրացնի ու ինչ-որ բան կորզի:

– Հաջողվո՞ւմ է դա Թուրքիային:

– Դժվար է ասել, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ԱՄՆ-ի ռազմավարական ու շատ կարևոր դաշնակիցը ու ոչ մի ցանկություն չունի ՆԱՏՕ-ից դուրս գալու կամ ԱՄՆ-ի հետ իր դաշնակցային հարաբերությունները խզելու: Սա մի խաղ է, որը Թուրքիան շարունակում է խաղալ, մանավանդ Էրդողանի կառավարման այս վերջին տարիներին ավելի ակտիվ է այդ խաղը խաղում, որովհետև դա Էրդողանի ընդհանուր ռազմավարությունն է: Բայց վստահ եմ, որ ԱՄՆ-ն շատ լավ գիտի այս մասին, ու սա սովորական դիվանագիտական առօրյա է երկու պետությունների միջև:

– Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ Թուրքիայի դիրքորոշման մեջ որևէ բան փոխվե՞լ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, ու նաև ձեր խոսքում ասացիք, թե տպավորություն ունեք, որ Թուրքիան իր նախապայմանները դնում է բանակցային գործընթացի սեղանին: Նման տպավորություն ինչի՞ հիման վրա եք ստացել:

– Ես համոզված եմ, որ այդ նախապայմանները՝ ոչ թե որպես նախապայման, այլ որպես բանակցային խնդիր դնում է, որովհետև դրանք Թուրքիայի համար կարևոր են բոլոր առումներով:

Ինչպե՞ս եք պատկերացնում Էրդողանի դիրքն իր երկրում, երբ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվեն, բայց Ցեղասպանության հարցում Թուրքիան չկարողանա հասնել նրան, որ Հայաստանը հրաժարվի Ցեղասպանության ճանաչման քաղաքականություն հետապնդել:

Դա Էրդողանին շատ լուրջ քննադատության տակ կդնի, հետևաբար նա պետք է փորձի հասնել նրան, որ Հայաստանն այդ հարցում զիջումների գնա: Երկրորդ՝ պարզ է, որ Թուրքիան չի կարող Հայաստանին ուղղված Ադրբեջանի առաջ քաշած պայմանները մի կողմ թողնել, անտեսել, հատկապես այն պարագայում, երբ դրանք համատեղ են քննարկվում:

Իսկ վերջերս էլ, ինչպես ասում են՝ «ուտեչկա» եղավ, որից պարզ դարձավ, որ Թուրքիան դրանով չի սահմանափակվում ու հիմա դնում է Հայաստանի հետ սահմանների նոր դելիմիտացիայի ու դեմարկացիայի խնդիր:

Սահմանների ճշգրտումն արվել է Խորհրդային Միության տարիներին, ու քանի որ այն ժամանակ Թուրքիան չէր կարող պահանջներ ներկայացնել այդ հզոր պետությանը, հիմա՝ տեսնելով, որ Հայաստանը պարտվել է, փորձում է այդ խնդիրները, որ այն ժամանակ չի կարողացել լուծել, լուծել Հայաստանի հաշվին: Կոնկրետ չեմ կարող ասել՝ ինչ խնդիրներ, բայց ակնհայտ է, որ դելիմիտացիայի այդ հարցը, գուցե ոչ հիմա, բայց հետագայում կկապվի Սյունիքի հետ:

– Իսկ Թուրքիան իսկապե՞ս ցանկություն ունի հարաբերությունները կարգավորել:

– Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, ինչպես ասացի, երկու նպատակ ունի. առաջինը՝ դրա փոխարեն Հայաստանից զիջումներ կորզել այն հարցերում, որոնց մասին վերևում խոսեցի, ու դրանք դնել ԱՄՆ-ի, որոշ չափով նաև՝ Ռուսաստանի հետ առևտրի սեղանին: Իսկ որպես այդպիսին՝ Հայաստանի հետ հարաբերությունները նրա համար ոչ մի արժեք չունեն: Նա կուզենա ստիպել, որ Հայաստանը գնա այդ զիջումներին, ու եթե Հայաստանը գնա դրանց, ինչու ոչ, կարող է նաև հարաբերություններ հաստատել:

– Այսինքն՝ այդ հարաբերությունների հաստատումը Թուրքիային անհրաժեշտ է, որպեսզի մնացած հարցերում իր խնդիրները լուծի մյուս երկրների հետ, ոչ թե որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի, ճի՞շտ եմ հասկանում, պարո՛ն Սաֆրաստյան:

– Իհարկե: Ե՛վ Հայաստանից է իրեն բան պետք, որը մեր ինքնության մասն է, ու վստահ եմ, որ Հայաստանը չի կարող այդ հարցերում զիջումների գնալ, և՛ դա լրացուցիչ հնարավորություն է առևտրի մեջ մտնել հիմնականում ԱՄՆ-ի հետ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am