Ռուս-ուկրաինական պատերազմը փոխել է իրավիճակը, և դժվար է ենթադրել Հայաստանից միգրացիոն արտահոսքի զգալի ծավալներ. Ռուբեն Եգանյան

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն ասում է՝ ռուս-ուկրաինական պատերազմը զգալիորեն կազդի միգրացիոն հոսքերի վրա: «Հայաստանից միգրացիայի հիմնական մասը դեպի Ռուսաստան էր՝ աշխատանքային միգրացիան: Եվ հիմա, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, մենք չենք կարող հստակ ասել, թե ինչը ինչպես կփոխվի»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Եգանյանը:

Մասնագետը իր ղեկավարած խմբի հետ միասին վերջերս է ավարտել Հայաստանում միգրացիայի և ժողովրդագրության ցուցանիշների ու միտումների ուսումնասիրությունը, բայց, ասում է՝ դրանք արդեն հնացած են, քանի որ նոր արհավիրք է առաջացել՝ ռուս-ուկրաինական պատերազմը, որը միանգամայն փոխում է միգրացիոն հոսքերի պատկերը:

«Մեր ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ Արցախյան պատերազմով և, իհարկե, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ բավական նվազել են միգրացիոն հոսքերը, բայց որոշ չափով բարձրացել էր արտագաղթի պոտենցիան: Այդ հետազոտությունն ավարտելուց ու վերջնական արդյունքները ձևակերպելուց առաջ դրանք արդեն հնացած էին, քանի որ միգրացիոն հոսքերի վրա մյուս ազդեցությունն առաջացավ՝ ռուս-ուկրաինական պատերազմը»,- նշում է նա:

Ռուբեն Եգանյանի ներկայացմամբ՝ հետազոտության ընթացքում տնային տնտեսություններում հարցումները ցույց են տվել, որ մարդիկ մեծ ցանկություն են ունեցել գնալ Հայաստանից, բայց աշխարհաքաղաքական իրավիճակը և դրա հետևանքով Ռուսաստանում ճգնաժամը կարող են փոխել այդ մտադրությունը:

«Այդ մարդկանց մեծ մասը չի կարողանա աշխատանքի համար մեկնել Հայաստանից, եթե անգամ մեծ ցանկություն ունի: Պատերազմը ոչ միայն միգրացիոն հոսքերի վրա է ազդել, այլև ամեն ինչի՝ տնտեսության, հնարավորությունների: Այդ պատերազմը իրավիճակը կտրուկ փոխել է, և դժվար է ենթադրել կայուն և զգալի միգրացիոն արտահոսքի ծավալներ»,- վերլուծում է Ռուբեն Եգանյանը:

Այսօր, նրա խոսքով՝ պատկերը շատ խառն է, հետևաբար լուրջ եզրահանգումների ու հիմնավորումների գալը դժվար է դառնում:

MediaLab.am