«Մի-ա-ցում», «դա-սա-դուլ». մայրաքաղաքում շարունակվում է ուսանողների նախաձեռնած դասադուլ-ակցիան

«Մի-ա-ցում», «դա-սա-դուլ». մայրաքաղաքում շարունակվում է ուսանողների նախաձեռնած դասադուլ-ակցիան
«Մի-ա-ցում», «դա-սա-դուլ». մայրաքաղաքում շարունակվում է ուսանողների նախաձեռնած դասադուլ-ակցիան

Ոստիկանների ներկայությամբ բազմաթիվ մասնակիցներով Երեւանի կենտրոնում շարունակվում է ուսանողության դասադուլ-ակցիան` ընդդեմ փետրվարի 18-ին կեղծված ընտրությունների:
Այս պահի դրությամբ, ուսանողները տեղաշարժվում են ԲՈՒՀ-երով` «Մի-ա-ցում» վանկարկումներով կոչ անելով ուսանողներին միանալ ինքնաբուխ պայքարին: Չնայած դասադուլ-ակցիայի բազմամարդ լինելուն, մասնակից ուսանողները բազում անգամներ շեշտեցին, որ շատ դասախոսները սենյակներում փակել են ուսանողներին եւ թույլ չեն տալիս նույնիսկ դասամիջոցներին դուրս գալ:
«Մենք պահանջում ենք, որ կեղծված ընտրությունները համարվեն չեղյալ»,-այս պահին տեղի ունեցող ինքնաբուխ դասադուլ-ակցիայի ժամանակ հայտարարում են մասնակիցները:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, հազարավոր մարդիկ դուրս եկան Ազատության հրապարակ` միանալու «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքներին` ընդդեմ կեղծված ընտրությունների:

Ըստ ԿԸՀ հրապարակած պաշտոնական տվյալների, Րաֆֆի Հովհաննիսյանը գործող նախագահ Սերժ Սարգսյանից հետո ստացած ձայներով երկրորդն է, ինչը, ըստ հանրահավաքի մասնակիցների չի արտացոլում ժողովրդի կամքը:

Սկիզբ առած բողոքի ալիքը այսօր հասել է նաեւ մայրաքաղաքի ԲՈՒՀ-եր: Երեկ «Երիտասարդական ընդվզում» խմբի ակտիվիստները Ֆեյսբուկ սոցիալական ցանցով` «Ոչ ստրկությանը, դարձիր հեղափոխական» կարգախոսով դասադուլի կոչեր են արել:

«Մենք՝ ՀՀ ուսանողներս, պահանջում ենք անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ։ Այդ պահանջով հայտարարում ենք անժամկետ դասադուլ։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին համախմբվել և տեր կանգնել ազգի ձայնին», – նշված է «Երիտասարդական ընդվզում» խմբի տարածած հայտարարության մեջ։

Դասադուլի կոչերին արձագանքելով, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ֆեսբուքի իր էջում նշել է, որ «քաղաքական պայքարը պետք է վարվի բացառապես ՀՀ օրենքների շրջանակում»:

«Երիտասարդները ազատ են իրենց քաղաքական կողմնորոշումների և հայացքների մեջ, սակայն կարծում եմ, ոչ ի վնաս սեփական կրթության», – նշել է Աշոտյանը:

© Medialab.am