«Սամվել Բաբայանի վերադարձը կամ «Դոդ-2» օպերացիա». Սարո Սարոյանը` տեղի ունեցածի մասին

«Սամվել Բաբայանի վերադարձը կամ «Դոդ-2» օպերացիա». Սարո Սարոյանը` տեղի ունեցածի մասին
«Սամվել Բաբայանի վերադարձը կամ «Դոդ-2» օպերացիա». Սարո Սարոյանը` տեղի ունեցածի մասին

Վերջին շրջանի իրադարձություննեի շուրջ «Մեդիալաբը» զրուցել է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանի հետ:

-Պարոն Սարոյան, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձը Հայաստան և ԼՂՀ ի՞նչ նպատակ ունի այս փուլում, առհասարակ ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում:

-Սամվել Բաբայանի վերադարձը, կարծում եմ, կապված է Հայաստանի և նաև ԼՂՀ առջև ծառացած մի շարք խնդիրների լուծման՝ Սերժ Սարգսյանի տեսլականի հետ: Այն խնդիրները, որոնք, ըստ Սերժ Սարգսյանի, ծագել են, դրանք լուծելու համար Սերժ Սարգսյանը մի չակերտավոր օպերացիա է նախաձեռնել, գործարկվել է «Դոդ-2» օպերացիան: Ես այս օպերացիայի շրջանակներում եմ տեսնում Սամվել Բաբայանի վերադարձը:

-Կմանրամասնե՞ք այդ օպերացիան, ի՞նչ խնդիր է լուծում Սամվել Բաբայանի վերադարձը:

-Սամվել Բաբայանի վերադարձը հետևյալ խնդիրն էր լուծում: Առաջիկայում ԼՂՀ-ում սպասվում են նոր ընտրություններ, նոր Սահմանադրության ընդունման գործընթաց, և Արցախի վարչախմբի առաջ դրված է հետպատերազմյան շրջանում ինչ-ինչ զարգացումներ թույլ չտալու խնդիր: ԼՂՀ-ում զինվորականության աչքերը բացվել էին, և ակնհայտ էր դարձել, որ քառօրյա պատերազմի ավարտը ինչ-ինչ միջազգային քաղաքական խաղերի, որում միգուցե նաև Հայաստանի ղեկավարությունն է ներգրավված եղել, այդ խաղերի արդյունքում եղավ: Քառօրյա պատերազմը Մոսկվայում մեզ համար ոչ ձեռնտու տարբերակով ավարտվեց, իհարկե, օգտագործվեց խաղաղության գործոնը՝ հանրությանը լռեցնելու համար, բայց մեզ համար մութ մնաց՝ եթե մեր բանակը հակահարձակման էր անցել և արդեն իսկ դիրքերի մի մասը հետ էր վերցրել, ինչո՞ւ պետք է կանգներ՝ նախկին սահմանագիծը չվերականգնած:

Այդ մութ պատմությունը հենց սահմանի վրա ռազմական գործողություններին մասնակցած զինվորականության համար էր ակնհայտ դարձել: Մենք՝ քաղաքացիներս, գուցե այդ իրավիճակն այնպես չենք կարող պատկերացնել, ինչպես կարող են պատկերացնել հրամանատարները, ովքեր տվյալ ռազմական գործողություններին են մասնակցել, բայց վերադասի կողմից հրաման են ստացել՝ դադարեցնելու հակահարձակումը, և դադարեցնելու այն պահին, երբ վերականգնված չէ նախկին սահմանագիծը:

Այն զոհերը, որոնք տվել է հայկական կողմը, ըստ էության այդ զոհերը դառնում են ինչ-որ խաղերի զոհ, ոչ թե երկրի պաշտպանության: Եվ ահա, Սամվել Բաբայանի մուտքը Արցախ դրանով էր պայմանավորված: Իր նախնական հայտարարությունները, որոնք նա արեց, վերաբերում էր նրան, որ Արցախ է մեկնելու, Հայաստանի ներքաղաքական կյանքի հետ որևէ առնչություն չունի:

Նա շատ զգուշորեն վերաբերվեց արտաքին խնդիրներին և ընդհանրապես փորձեց երկրի շահերի հարցը, որոնք նսեմացվել են արտաքին դաշտում, դրանք անտեսել և միայն խոսել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ու անվտանգության խնդիրների մասին և այդտեղ իր ներդրումն ունենալու հավակնություն ցուցաբերեց:

Դրանից հետո նա ըստ էության գնաց ԼՂՀ՝ այդ խնիրները լուծելու: Այդ օպերացիան ես հետևյալ կերպ եմ մեկնաբանում:

Քանի որ ԼՂՀ-ում այնուամենայնիվ որոշակի սուբյեկտայնություն կա կամ կար նախկինում, Արցախի նախագահական ընտրությունների ժամանակ, բնական է, որ այդ որոշակի չափաքանակով սուբյեկտայնությունն առաջիկայում իրենց թեկնածուի առաջադրման գործընթաց կարող էր սկսել: Այսինքն՝ ընտրություններից ամիսներ առաջ նախընտրական փուլ էր սկսվելու այնտեղ, և դա կարող էր որոշակի խնդիրների առաջ կագնեցնել Սերժ Սարգսյանին:

Հաջորդը, ԼՂՀ Սահմանադրության ընդունման մեջ որոշակի կետեր կարող էին լինել, որոնք իսկապես շատ կոշտ արձագանք կարող էին առաջացնել հանրության, այդ թվում՝ նաև պաշտոնատար անձանց շրջանում: Քանի որ քառօրյա պատերազմից հետո նոր իրավիճակ է, հիմա հարց է ծագում՝ ինչպե՞ս ձևակերպել այս նոր իրավիճակը: Եվ քանի որ թե ՀՀ, թե Արցախի հանրության մեծ մասն այդ տարածքները որպես ԼՀՂ տարածքներ են դիտարկում, խնդրի առաջ էր կանգնում Սերժ Սարգսյանը, թե ինչպիսի ձևակերպումներ տար:

Եթե անգամ անորոշ ձևակերպումներ փորձեր տալ, դա նույնպես ակնհայտ էր դարձնելու այդ դավաճանական որոշակի կերպարը: Այդ խնդիրները լուծելու համար պետք էր որոշակի վտանգ կախել ԼՂՀ գլխին, որպեսզի այդ վտանգի սպառնալիքի տակ հնարավոր լիներ այդ խնդիրները լուծել:

Հաջորդը, մենք տեսանք, որ քառօրյա պատերազմից հետո պատերազմի վետերանները բավական ակտիվացան, խոսքը Վիտալի Բալասանյանի, Վահան Բադասյանի մասին է, նաև Հայաստանում՝ Ժիրայր Սեֆիլյանի գործունեության:

Ըստ էության իրենց գործունեությունը բավական մեծ արձագանք է ստացել հանրության շրջանում, խնդիր կար, որ նաև նրանց դեմն առնելու որոշակի ֆիգուր լիներ, որը կստվերի այդ մարդկանց շուրջ վերջին երկու ամսվա ընթացքում բարձրացված աուրան: Մյուսը, ինչպես ասացի, բուն բանակի հրամկազմին լռեցնելու խնդիրն էր լուծվում:

Ահա այս խնդիրների լուծման համար այդ օպերացիան իրականացվեց: Ըստ էության ինչ-որ առումով հատկապես Պաշտպանության բանակի հրամկազմի գլխին այդ փուչիկը կախվեց, իսկ ես դա համարում եմ ոչ թե իրական սպառնալիք, այլ փուչիկ, որը փորձեցին կախել Արցախի գլխին: Բայց, ինչպես վկայեցին վերջին օրերի դեպքերը, դա չստացվեց:

-Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքը: Նա չէր էր հասցրել կոնկրետ գործ սկսել Սամվել Բաբայանի օգտին, և փաստորեն փորձեցին լռեցնել:

-Ինչպես ես նշեցի, «Դոդ-2» օպերացիայի խնդիրներից մեկը ԼՂՀ ղեկավարությանն էր վերաբերում: Բնական է, որ այս փուչիկի մասին տեղյակ չէր պահվելու ԼՂՀ վարչախմբին: Տեղյակ չէր պահվել, որովհետև հենց իրենց դեմ էլ էր դա ուղղված: Այսինքն՝ իրենց՝ նորից Սերժ Սարգսյանի կրկնի տակ բերելուն էր ուղղված: Այնպես չէ, որ կրկնի տակ չեն, այսօր էլ կրկնի տակ են, բայց որոշակի սուբյեկտայնության տարրերը չեզոքացնելուն, ոչնչացնելուն էր սա ուղղված: Դրա համար էլ ԼՂՀ վարչախումբը շատ բնական ռեակցիայի ենթարկեց Սամվել Բաբայանի վերադարձը: Այդ կրիմինալ վարչախումբը տվյալ իրավիճակի լուծման տարբերակը տեսավ այն նույն գործողությունների մեջ, որոնք Բերձորում էին տեղի ունեցել: Եվ Հայկ Խանումյանի ծեծը նույն  ձեռագիրն է և նույն խնդրի լուծման գործողությունն է: Ըստ էության, իրենք Սամվել Բաբայանի դեմն առնելու այլ ձև չեն մտածել, չեն գտել: Հայկ Խանումյանին ծեծելը զգուշացում էր Սամվել Բաբայանին, դա Բաբայանին ուղղված ծեծն էր:

-Իսկ Սամվել Բաբայանի պահվածքն ի՞նչ է նշանակում, երբ իրեն սատարող գործչի հետ այդպես վարվեց՝ ասելով, թե՝ Հայկ Խանումյանը «ղալաթ» է արել:

-Քանի որ Սամվել Բաբայանը կոնկերտ պայմանավորվածությունների արդյունքում ու կոնկրետ ծրագրով է եկել, այդ պայմանավորվածությունը եղել է այն, որ այնտեղ այլընտրանքային թեկնածուի փուչիկը պետք է կախված մնար: Պաշտպանության նախարարի հավակնություններ ինքը չէր էլ կարող ունենալ, նրա առաջ նման խնդիր դրված էլ չէր, որովհետև ընդամենը խնդիր էր դրված, որ ինքը սպառնալիք դառնար, որպեսզի Արցախի ղեկավարությունը Սերժ Սարգսյանի լիարժեք կրնկի տակ անցներ:

Այսինքն՝ ինքը ճիշտ ու բնական արտահայտվե՞ց:

-Ինքը բնական արտահայտություններ էր անում, որ իր ծրագրերի մեջ չէ Պաշտպանության նախարար լինելը: Բայց քանի որ քաղաքական գործընթացներում նրա հմտությունը կաղում է, նա չկարողացավ այդ պահին կողմնորոշվել և այդ արտահայտությունը թույլ չտալ: Ինչ պայմանավորվածություն որ կար, ինքը դրա շրջանակներում պատասխան տվեց: Դրա համար էլ ջրի երես ելավ իր՝ փուչիկ լինելու ամբողջ պատմությունը:

Այդ օպերացիան ես անվանում եմ «Դոդ-2», քանի որ մենք տեսանք, որ Հայաստանում Գագիկ Ծառուկյանը մինչև նախորդ տարի գործարկվում էր վարչախմբի կողմից և չեզոքացնում էր ընդդիմադիր դաշտը, բայց ինքը փուչիկ էր: Դրանով վարչախումբը ինչ-ինչ խնդիրներ էր լուծում, մինչև փուչիկը պայթեց: Սա նույն օպերացիայի կրկնությունն էր Ղարբաղում: Մեզ համար, իհարկե, մութ է, թե ինչ աստիճանի պայմանավորվածություններ են կայացել, բայց ամեն դեպքում մի շարք փաստեր վկայում են, որ պայմանավորվածություններ եղել են: Դա է վկայում նաև Արթուր Աղաբեկյանի հայտարարությունը, որ քաղաքականությունից դուրս է գալիս, հետո լուրեր եղան, որ Սամվել Բաբայանի պարտքերը Սերժ Սարգսյանի կողմից փակվել են և այլն: Բացի այդ, եթե նախորդ տարիներին Սամվել Բաբայանը կարող էր գալ, ապա հարց է ծագում՝ ինչո՞ւ չէր վերադառնում:

Էմմա Մանուկյան

MediaLab.am