«Պետք է Անդրանիկ Օզանյանի արձաններից մեկը վերանվանել Անաստաս Միկոյանի անունով». Տիգրան Խզմալյանը` «աբսուրդի թատրոնի մասին»

«Պետք է Անդրանիկ Օզանյանի արձաններից մեկը վերանվանել Անաստաս Միկոյանի անունով». Տիգրան Խզմալյանը` «աբսուրդի թատրոնի մասին»
«Պետք է Անդրանիկ Օզանյանի արձաններից մեկը վերանվանել Անաստաս Միկոյանի անունով». Տիգրան Խզմալյանը` «աբսուրդի թատրոնի մասին»

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

-Պարոն Խզմալյան, օրերս հաստատվեց կառավարության նոր ծրագիրը, ինչպե՞ս եք գնահատում այն: Արդյոք այս կառավարությունն  ի զորո՞ւ է իրականացնել խոստումները:

-Նոր կառավարությունը հանդիսանում է սնանկացած երկրի արտաքին կառավաման մի խումբ, որը ղեկավարվում է ռուսական դեսպանատան և ռուսական կառավարության կողմից: Որևէ ծրագրի մասին այս պայմաններում խոսելն անիմաստ է: Ես կարծում եմ, որ Հայաստանի այսօրվա կառավարության  միակ և իրական գործառույթը հետևյալն է՝ կազմակերպել երկրի հանձնումը Ռուսաստանի նորաստեղծ կայսրությանը: Դրա համար կատարվում են անհրաժեշտ ու շտապ գործողություններ: Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանը զրկվում է ինքնուրույնությունից և իր բոլոր շահերը փոխացվում են, այսպես կոչված, Եվրասիական կամ Մաքսային միությանը: Եվ ինչքան գիտեմ, այս հարցում ոչ մի գործարարի կարծիք չեն հարցնում: Ազգային անվտանգության ծառայությունը վաղուց արդեն հանձն է առել Ռուսաստանի համապատասխան գաղտնի ծառայությունների մաս կազմելը: Հայտարարվում են Սահմանադրական փոփոխությունների մասին, որոնք էլ ավելի խորացնելու են անդունդը իշխանության և հասարակության միջև: Հայտարարել կարելի է ամեն ինչ: Մենք տեսնում ենք, որ այսօր ազգային հերոսներին իրար հետևից կամ բանտարկում են, կամ սպառնում արտաքսել Հայաստանից: Նման պայմաններում խոսել տնտեսական բարեփոխումներից, դա երևի յուրահատուկ ցինիզմ է: Ինչպես ցանկացած սնանկացող բանկ, Հայաստանը՝ որպես պետություն, այլևս վստահություն չի ներշնչում ոչ արտերկրում, ոչ սեփական ժողորդի մոտ:

-Հովիկ Աբարհամյանը հայտարարում է, որ նոր կառավարության կազմում չեն կարող գործարարներ լինել, այնինչ բոլորին է հայտնի, որ գործարարությամբ զբաղվում են ինչպես Հովիկ Աբրահամյանն, այնպես էլ նախարարների մեծամասնությունը: Արդյոք ժողովրդի հանդեպ այս վերաբերմունքը ի՞նչ է նշանակում:

-Այստեղ քննարկելու բան չկա. մենք աբսուրդի թատրոնի հանդիսատես ենք: Հայաստանի Ազգային ժողովը վաղուց արդեն վերածվել է միլիոնատերերի ակումբի: Մենք անուն առ անուն և անգամ մականուններով գիտենք, այսպես կոչված, գործարարներին, որոնք տարիների ընթացքում զբաղված են եղել ժողովրդի թալանով և պետության ունեցվածքի սեփականաշնորհմամբ: Մենք տեսել ենք, որ կառավարությունում, նախագահականում, դատական համակարգում և ընդհանրապես իշխանությանն բոլոր թևերում պաշտոններ են ստանում միլիարդատերերը: Երբ այդ միլիարդատերերը, որոնք կեղեքեցին մեր ազգը և ոչնչացրեցին մանր ու միջին գործարաությունը, գիշերը քնում են ու առավոտյան որոշում բարփոխում անել, դա արդեն անգամ ծիծաղելի չէ: Երբ հովիվ նշանակում են գայլին, ոչխարներն առանձնապես ոգևորվելու առիթ չունեն:

-Հովիկ Աբրահամյանը նաև հայտարարում է, որ սկսելու է իր մերձավորներից և  հայտարարեց, որ առաջիկայում հարկային մարմինները նրա եղբոր բիզնեսներն են ստուգելու պարզելու՝ հարկային դաշտում աշխատում է, թե ոչ: Սա պոպուլիստական քա՞յլ է:

-Ես Հովիկ Աբրահամյանին խորհուրդ կտամ հեռու չգնալ, անգամ եղբորը չնեղացնել, թող սկսի հենց իրենից, իր ընտանիքից: Ինչո՞ւ է նա այդքան ուզում նեղացնել հարազատներին, մեր երկրում ընդունված է հարազատներին սիրել ու հարգել: Եթե մարդ ինչ-որ բան ուզում է փոխել, ապա նա պետք է սկսի հենց իրենից: Ինչպես Սամվել Ալեքսանյանն է հայտարում, որ գործարար չէ և իր մենաշնորհները պատկանում են իր կնոջը, թող նա էլ սկսի իր ընտանիքից: Մենք այդ դեպքում միգուցե կհավատանք: Բայց իրենք սկսում ու վերջացնում են մեզանից, մեր գրպաններից: Իզուր չէ, որ մենք վարորդների իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր նոր նախաձեռնությունն անվանեցինք «Դուրս մեր գրպաններից»: Այս մարդիկ կարծում են, որ դագաղում գրպան կա երևի և չեն հագենում, երբեք չեն հագենում:

-Պարոն Խզմալյան, արդեն տեղեկություն կա, որ ԽՍՀՄ գործիչ Անաստաս Միկոյանի կիսանդրին ձուլարանում է, այսինքն՝ այն շուտով կտեղադրվի՝ չնայած հանրային դժգոհությանը: Ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու այս որոշումը:

-Կարծում եմ, որ այս աղմուկն իզուր է, Միկոյանի արձանը կառուցել պետք չէ, պետք է վերցնել Անդրանիկ Օզանյանի արձաններից մեկը և վերանվանել Անաստաս Միկոյանի արձան, ինչպես, օրինակ, Սուրեն Սպանդարյանի արձանն են տարիներ շարունակ անվանում Գարեգին Նժդեհի արձան: Անգամ երիտասարդ սերունդը չգիտի այդ մասին, և կարծում են, որ դա Գարեգին Նժդեհի արձանն է: Ինչու պետական բյուջեից հավելյալ գումար վատնել, եթե կարելի է Անդրանիկին անվանափոխել: Չէ՞ որ 1918 թվականին ազգային հերոս Անդրանիկ Օզանյանին փաստորեն արտաքսեցին երկրից ճիշտ այնպես, ինչպես այսօր սպառնում են վտարել ու աքսորել այսօրվա ազգային հերոսին՝ Ժիրայր Սեֆիլյանին: Պարզ է, որ այդ պայմաներում Երևանում կհայտնվի Միկոյանի արձանը, տարօրինակ է, որ Աթարբեկյանի արձանը դեռ չի հայտնվել, երևի շուտով կհայտնվի: Վերջիվերջո Մայր Հայաստանի արձանի փոխարեն նախկինում Իոսիվ Ստալինն էր կանգնած, երևի դրան էլ կհասնենք, եթե շարունակենք լռել:

Մարի Ներսեսյան

© Medialab.am