«Ազնավուր» հիմնադրամը մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան՝ իր գործընկերների աջակցությամբ

«Ազնավուր» հիմնադրամի և վերջինիս գործընկերների միջոցով Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքվել է ավելի քան 35 տոննա մարդասիրական օգնություն՝ Հայաստան ուղարկելու համար: «Արմենպրես»ի հաղորդմամբ, «Ազնավուր» հիմնադրամը տեղեկացնում է, որ այս օգնության մի մասը կուղարկվի նոյեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի կառավարության վարձակալած ինքնաթիռով՝ որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած մարդասիրական աջակցության մաս:

«Հայաստանը միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Շառլ Ազնավուրի սրտում: Նա դարձել է Գյումրիում երկրաշարժը վերապրածների խորհրդանիշը՝ մշտապես լինելով հայ ժողովրդի կողքին, և՛ ամենաերջանիկ, և՛ տխուր պահերին: «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է կյանքի կոչել արտիստի մարդասիրական առաքելությունն ու տեսլականը. մենք նույնպես այս դժվարին ժամանակներում կանգնած ենք հայ ժողովրդի կողքին: Իր ընկերների և գործընկերների ջանքերի շնորհիվ հիմնադրամը հավաքել է 35 տոննա մարդասիրական օգնություն, որը Ֆրանսիայի նախագահի և կառավարության աջակցությամբ  կուղարկվի Հայաստան»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։