Վաղ ամուսնությունները բազմաթիվ բացասական հետևանքներ ունեն. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 15-ին որպես հիմնական զեկուցող Ազգային ժողովում մասնակցել է «Ամուսնությունների տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներին:

Խորհրդարանական լսումներին մասնակցել են պատգամավորներ, պետական տարբեր գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Անահիտ Մանասյանը խնդիրը դիտարկել է մի շարք իրավունքների տեսանկյունից` կրթության իրավունք, կանանց իրավունքներ, առողջության պահպանման իրավունք և այլն։ Նկատի ունենալով այն, որ վաղ ամուսնությունների երևույթը բավականին տարածված է, այդ թվում` առանձին ազգային փոքրամասնությունների համայնքներում` Անահիտ Մանասյանը հարցը քննարկման առարկա է դարձրել նաև այդ դիտանկյունից։ Նա նշել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խթանման հարցերն իր գործունեության կարևոր ուղղություններից են։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ այսօր կան մի շարք երևույթներ, որոնք ներկայացվում են որպես ավանդույթ, այնինչ դրանք իրականում կարծրատիպային մոտեցումներ են, որոնք շատ դեպքերում նաև իրավաչափ չեն։

«Այդ երևույթներից են վաղ ամուսնությունները, որոնք ունեն բազմաթիվ բացասական հետևանքներ, այդ թվում` անձանց կրթության իրավունքի, կանանց իրավունքների, առողջության պահպանման իրավունքի և մի շարք այլ իրավունքների տեսանկյունից»,- նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանն արձանագրել է, որ խնդիրների լուծման առումով օրենսդրական փոփոխությունները չափազանց կարևոր են, բայց դրանք չեն կարող ոլորտում փոփոխությունների ամենամեծ շարժիչ ուժը լինել. անհրաժեշտ է լուրջ կամք և հստակ մեթոդաբանություն։

«Առաջին հերթին պետք է հիմնովին բարեփոխել կրթական համակարգը, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Կարծրատիպային մոտեցումներն առաջին հերթին տարածվում են հենց նշված հաստատություններում կրթության համակարգի և առկա միջավայրի միջոցով։ Հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ կրթության ինչպես բովանդակությունը, այնպես էլ դասավանդման գործընթացը պետք է համապատասխանեն այն չափորշիչներին, որոնք առկա են ժամանակակից աշխարհում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է իրավահավասարության և խտրականության արգելքին առնչվող հարցերին»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանը խնդրին անդրադարձել է նաև կանանց իրավունքների և դրանց իրացման համար պատշաճ միջավայրի ու կառուցակարգերի տեսանկյունից։

Որպես ամփոփում Անահիտ Մանասյանը նշել է, որ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է պետության, քաղաքացիական հասարակության և համապատասխան համայնքների միջև սերտ և համագործակցային աշխատանք։ Իսկ նշված աշխատանքն ու խնդիրների հաղթահարումը կհանգեցնեն հանդուրժող և համերաշխ միջավայրի առկայության։

«Ամուսնությունների տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումները կազմակերպվել են Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ: