Արցախի ԱԽ-ի պաշտոնատար անձի կողմից պետությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի պաշտոնատար անձի կողմից պետությանը 26.000.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:Այս մասին տեղեկանում ենք Արցախի դատախազության տարածած հաղորդագրությունից:

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն ներկայացված հաղորդման հիման վրա կատարված քրեադատավարական ստուգման արդյունքում պարզվել է, որ 2022 թ. սեպտեմբեր ամսում Արցախի անվտանգության խորհրդի պաշտոնատար անձը, համաձայնություն ձեռք բերելով առևտրային կազմակերպության ղեկավարի հետ, առանց ապրանք մատակարարելու մտադրության կազմել են անվտանգության խորհրդի գրասենյակին ապրանքներ մատակարարելու վերաբերյալ ակնհայտ կեղծ հաշիվ-ապրանքագիր, դրա հիման վրա պետական բյուջեից առևտրային կազմակերպությանը փոխանցվել է 26 միլիոն ՀՀ դրամ, որից 25 միլիոն դրամը կանխիկացվել ու յուրացման եղանակով հափշտակվել է՝ այդ կերպ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նկարագրված դեպքի առթիվ 23.02.2023 թ. Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 197-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, իրականացվում է հետաքննություն: