Ազգ-բանակ՝ 40 կույսերի հեռանկարով

Ազգ-բանակ՝ 40 կույսերի հեռանկարով
Ազգ-բանակ՝ 40 կույսերի հեռանկարով

«Ազգ բանակը» գրոհում է: Այս անգամ՝ որպես «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղ: Այդպես էլ ձեւակերպել են՝ ծառայությունը սկսում ես որպես շարքային, կավարտես որպես միլիոնատեր: Էդ խաղին մասնակցելուց առաջ դու ոչ մի լումա չունես, խաղի ընթացքում, եթե մինչեւ վերջ գնացիր, կդառնաս միլիոնատեր:

«Ազգ-բանակի» դեպքում՝ թիվն էլ է հստակ՝ 3 տարվա ծառայության արդյունքում կուտակում ես 5 միլիոն դրամ: Ճիշտ այնքան, որքան էդ ոչ հայկական խաղի դեպքում:

https://youtu.be/I-ME11udWqU?t=383

(Տես՝ 6:23 րոպեից)

Թվում է, թե ի՞նչ վատ բան կա այստեղ:  Իսկ վատ բան կա:

Հայաստանը խաղաղության չի պատրաստվում: Հայաստանը պատրաստվում է բարձրացնել իր քաղաքացու զոհաբերության գինը: Ինքն իր քաղաքացուն ասում է՝ ինչու՞ ես արտագաղթում փող աշխատելու համար, արի մտիր բանակ, ես քեզ 5 միլիոն կտամ: Իսկ ո՞վ չի ուզում 5 միլիոն աշխատել: «Ազգ բանակը» պետության հանրապետականացման նոր փաթեթավորումն է: Միայն հրամաններով կառավարվող այդ կառույցում մտքի որեւէ դրսեւորում բացառվում է՝ քեզ հրավիրում են 5 միլիոն աշխատելու: Ասում են՝ հողը թող, արի փող աշխատելու: Գերագույն գլխավոր հրամանատարի մատուցմամբ՝ սա էլ է մշակություն: Այնքան բաներ են հորինել, որպեսզի Հայաստանի քաղաքացին չհասկանա, որ իշխանությունն իրեն հավերժական պատերազմ է առաջարկում: Որպեսզի էդ պատրվակով երբեք իշխանությունից չհեռանա:

Մեր բանը բուրդ է, ընկերներ:

Ով մեզ խանգարում էր փող աշխատել,-այսինքն, Ղարաբաղը,-նա էլ մեզ կօգնի: Ու գովազդային հոլովակներում ոչ մի խոսք այն մասին, որ ծառայությունից կարող ես կենդանի կամ առողջ չվերադառնալ: Ղարաբաղի հարցը խանգարում էր մեզ գտնել մեր տեղը պետության մեջ: Հիմա արդեն ասում է՝ քո տեղը բանակն է: Այսինքն, որոշակիություն կա: Բայց այդ որոշակիության մեջ քո կյանքը երաշխավորված չէ: Ղարաբաղում տղամարդկանց 70 տոկոսը զինվոր է: Ի՞նչ տեղի ունեցավ: Այն, որ Բակո Սահակյանի ազգականների կեսը նշանակվեց ամենաբարձր պաշտոններին:

Զրո խարիզմա ունեցող Վիգեն Սարգսյանը իր պես անխարիզմա Սերժ Սարգսյանի հետ պետությունից ուզում է ստանալ կազարմա: Այսինքն, բոլորին մտցնել մի հրամանի տակ: 5 միլիոն դրամը կատակ թիվ չէ:

Սա նոր ընտրակաշառք է այն տարբերությամբ, որ մեկ կրակոցով սպանում է մոտավորապես բոլոր նապաստակներին: Այս դեպքում դու համաձայնվում ես դեմքդ կորցնել պետության հետ այսպես կոչված հարաբերություններդ պաշտոնականացնելով՝ ես քեզ 5 միլիոնի խոստում, դու ինձ՝ հնազանդություն եւ հրամանների կատարում: Ապրիլյան քառօրյա պատերազմի ոչ այնքան հաջող ընթացքի հակաքայլ չէ սա: Ընդհակառակը, ապրիլյան պատերազմի արդյունքում անհրաժեշտություն առաջացավ, որ իշխանությունները հաշվետու լինեն ամեն ծախսած լումայի համար: Հիմա նրանք արանքից հանում են հաշվետվությունը՝ բոլորս դեպի բանակ: Իսկ ո՞վ է տեսել, որ հրամանատարը հաշվետու լինի զինվորին: Առավելեւս մեռած զինվորին: Միակ հաշվետվությունը հետմահու տրվելիք մեդալն է:

Հատկապես անապահովների եւ աղքատների համար այս 5 միլիոնը գտած է: Սոված էին, աշխատանք գտնելու ոչ մի հույս չկար ու չէր էլ ուրվագծվում, ուղիղ երեք տարի հետո կլինեն միլիոնատեր: Սա տգեղ խայծ է:  Որովհետեւ ստեղծագործական ջանք չկա փող ստեղծելու: Աղքատի փրկության հեռանկարը դառնում է մահացու: Ոչ մի հարուստ այս խայծը չի ուտելու: Ահա թե որտեղ է նաեւ վտանգը:

«Ազգ բանակի» այսպիսի մատուցումը նաեւ վիճակախաղ է, ընկերներ: Ով չմեռավ կամ չխելագարվեց, կամ ինքնասպան չեղավ, կստանա իր 5 միլիոնը: Իսկ ի՞նչ է 5 միլիոնը՝ գայթակղություն եւս երեք տարի ծառայելու բանակում: Իսկ մշակությունն ո՞վ պետք է անի, ո՞վ է դառնալու ատամնաբույժ, ո՞վ՝ այգեգործ, ո՞վ՝ անասնապահ: Ամենասարսափելին սակայն սա չէ: Կամ միայն սա չէ: Տնտեսությունից զրկվող եւ կազարմա դարձող պետության մեջ 5 միլիոն դրամը դառնում է ոչինչ: Թերեւս միայն՝ արտագաղթելու համար ստույգ աշխատած գումար: Բայց եթե տնտեսություն չկա, դրամը անխուսափելիորեն արժեզրկվում է:

5 միլիոն դրամն այսպես թե այնպես դառնում է զրո: Ինչպես Վիգեն Սարգսյանի կամ Սերժ Սարգսյանի խարիզման:

«Ազգ բանակը» ամենասովորական պսեւդոմահմեդական քարոզ է՝ զոհաբերիր քեզ անհավատին սպանելով եւ դրախտում կարժանանաս 40 կույսերի գուրգուրանքին: Շատ խորհրդանշական թիվ է այս գրողի տարած 40-ը: Ղուրանի այսպիսի մեկնաբանությունից ես հասկանում, թե որտեղից է Սերժ Սարգսյանի երեկոյան կրթություն ավարտած գլխով անցել մինչեւ 2040 թիվը Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու գաղափարը:

Հավերժական պատերազմի երդում տվող պետության մեջ ու՞մ կամ ինչի՞ հաշվին ես ուզում դառնալ 4 միլիոն: Թարս աճած խիյարի՞…

Մհեր Արշակյան

MediaLab.am