«Արտակ Դավթյանը պետք է կրի պատասխանատվություն, այլապես սա կարող է հանգեցնել անպատասխանատվության մթնոլորտի ձևավորմանը»․ Արթուր Սաքունց

Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պետք է պատասխանատվություն կրի՝ արտակարգ դրության պայմաններում խնջույք կազմակերպելու համար, քանի որ պաշտոնյաներն իրենք պետք է առաջին հերթին կատարեն սահմանված կանոններն ու որոշումները՝ օրինակ ծառայելով հանրությանը։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Նման արտակարգ իրավիճակներում առաջին հերթին որոշիչ նշանակություն ունեն պաշտոնատար անձանց պահվածքն ու վարքագծը։ Այսինքն՝ կանոնների կատարման պատասխանատվության համար էական նշանակություն ունի կանոնները հաստատողի, սահմանողի կողմից այդ կանոնների անվերապահ կատարումն ու պահպանումը։

Այսինքն՝ պատասխանատվությունը՝ որպես հասկացողություն, հենց այնպես ինքն իրեն չի կարող ձևավորվել։ Օրինաչափությունն է այդպիսին, որ կանոնները հաստատողը պետք է հետևի այդ կանոններին, որպեսզի մյուսները, որպես օրինակ ունենալով, պատասխանատվության զգացում ունենան»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը։

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակում էր եղել, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն իր առանձնատանը կազմակերպել է որդու հարսանյաց արարողությունը։

Արտակ Դավթյանը տեղի ունեցածի մասին պարզաբանում էր ներկայացրել․

«Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»:

Արթուր Սաքունցը նշում է, որ օրենքի առաջ բոլորի հավասար լինելու պատասխանատվության սկզբունքը հենց իր բովանդակությամբ պատասխանատվության հասնելու ճանապարհն է։

«Եվ պաշտոնատար անձինք բոլորն անխտիր իրենց վարքագծով ու մոտեցումներով չպետք է կասկածի տակ դնեն օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության այդ սկզբունքը, կասկածի տակ չպետք է դնեն նաև այդ սկզբունքի անվերապահ կատարման միջոցով պատասխանատվության զգացման գիտակցման ձևավորման այդ գործընթացը»,- ասում է իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ սա է պահանջում նաև իրավական որոշակիության սկզբունքը, որի իրականացման արդյունքում կարող ես ունենալ որոշակիություն նաև քաղաքացիների համար, որ նրանց համար հստակ է՝ այդ կանոնները պահպանվում են, որոշակի են և գործում են։

Այս պարագայում, ըստ Սաքունցի, պաշտոնատար անձանց կողմից նման խախտումները մի կողմից, մյուս կողմից՝ այդ խախտումների համար համարժեք պատասխանատվություն չկրելը կարող են հանգեցնել հենց անպատասխանատվության մթնոլորտի ձևավորմանը։

«Մենք իրապես գտնվում ենք անցումային ժամանակահատվածում՝ ավտորիտար կառավարումը մերժել ենք։

Եվ հեղափոխության հիմնական օրակարգային խնդիրն էր օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի, սոցիալական արդարության վերականգնումը՝ իր տարբեր դրսևորումներով։

Եվ դրա հետ կապված ունենք խնդիր, որ ներկայումս դեռևս պաշտոնատար անձինք համարվող շատերը երկար ժամանակ գործել են այդ ավտորիտար կառավարման համակարգում, որի համար սկզբունք է եղել, որ օրենքը մնացածի համար է, բայց ոչ իշխանության համար։

Եվ հիմա այդ պաշտոնատար անձինք, շարունակելով մնալ իրենց պաշտոններում, իրենց դրևորում են այնպես, ինչպես մտածում են։ Սա մարտահրավեր է քաղաքական նոր իշխանության համար, որը որդեգրել է օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի վերականգնումը և իրականացումը»,- ասում է իրավապաշտպանը։

Ըստ Արթուր Սաքունցի՝ հետևաբար պետք է լինի պատասխանատվություն։ Նա օրինակ բերեց Սուրենավանի դպրոցի միջադեպը, երբ կազմակերպված միջոցառման համար դպրոցի ուսուցչուհին աշխատանքից ազատվեց, իսկ տնօրենը միայն նկատողություն ստացավ։

«Միանշանակ է, որ ուսուցչուհին այդ միջոցառումը չէր կարող կազմակերպել առանց տնօրենի իմացության, առավել ևս, որ այդ նկարները հրապարակվել են։ Հիմա կամ պետք է ենթադրել, որ գլխավոր շտաբի պետի կողմից այդ միջոցառումն իրականացվել է իշխանության իմացությամբ, իսկ եթե իմացությամբ չի եղել, նշանանակում է՝ նա պետք է պատասխանատվություն կրի»,- ասում է նա։

Բացի այն, որ սա պետք է կանխվի ու համապատասխան գնահատական տրվի, նաև, ըստ իրավապաշտպանի, խնդիրը նաև այն է, թե պատճառները որոնք են, որ նման դեպք է գրանցվում։ «Իհարկե կարող են լինել սխալներ, բայց երբ սխալները չեն կանխվում կամ չեն գիտակցում, այլ հարց է։ Քաղաքացիների մոտ հիմա, այս ամենը տեսնելով, խաթարվում է վստահությունն այդ կանոնների պահպանման նկատմամբ։ Սա է խնդիրը, որն անթույլատրելի է»,- հավելում է նա։

Մյուս հարցը, Սաքունցի խոսքով, այն է, որ բարձրաստիճան զինվորական անձի դղյակում է անցկացվել այդ միջոցառումը։

«Սա էլ մյուս հարցն է, շատ ուշագրավ է, որ բարձրաստիճան սպան, գեներալն ունի նման հնարավորություն։ Եվ սրանք պատահական հանգամանքներ չեն»,- ասում է Արթուր Սաքունցը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am