18-ամյա Մերի Շախիջանյանը պատերազմում կորցրել է միակ եղբորը։ Հուզմունքով ասում է՝ կյանքն անիմաստ է առանց Խաչիկի:
«Մենակությունը ահավոր մեծ ցավ ա, ուրիշ քույր-եղբայր չունեմ, ինքը զոհվեց, մնացի ես»։
Մերիի եղբայրը՝ 20-ամյա Խաչիկ Շախիջանյանը ժամկետային զինծառայող էր, ծառայել է Մարտունի 2-ում։
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ կռվել է Մարտունի 2-ում։ Հոկտեմբերի 23-ին Ֆիզուլի տեղափոխվելիս զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։
«Հոկտեմբերի 22-ի երեկոյան խոսացինք, ասեց՝ մի երկու օր չի զանգի, կապ չի լինելու, բայց ընկերոջը զանգել ասել էր, որ բարձրանում է Ֆիզուլի։ Հետո իմացանք, որ հաջորդ օրը Ֆիզուլիի ճանապարհին խփել են իրանց մեքենաներին»,- ասում է ու հուզվում քույրը։
Շախիջանյանները որդու մարմինը գտել են պատերազմի ավարտից գրեթե 2 ամիս անց՝ դեկտեմբերի 30-ին:
«Հունվարի 1-ին իրա հուղարկավորությունն ա եղել։ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում է հուղարկավորված»,- ասում է քույրը։
Խաչիկ Շախիջանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:
Խաչիկը զբաղվել է նկարչությամբ, սիրել է նկարել դեմքեր, ֆիլմերի և մուլտֆիլմերի հերոսներ՝ պատմում է քույրը։


5 տարի սովորել է Հրազդանի արվեստի դպրոցի նկարչության բաժնում, այնուհետև՝ Կոտայքի տարածաշրջանի պետական քոլեջի դիզայնի բաժնում։
«3,5 տարի սովորել էր քոլեջում, պիտի գար, 6 ամիս սովորեր, գործերն ուրիշ տեղ տար։ Որոշել էր տատուի գծով սովորեր, իր մոտ ընկերը Ռուսաստանում ա, ասում էր՝ կգամ կգնամ Ռուսաստան, կսովորեմ, բիզնես կդնենք»,- պատմում է Մերին ու հուզմունքով ավելացնում՝ եղբոր բոլոր երազանքները կիսատ մնացին։
Խաչիկը նաև ցանկանում էր ընտանիքի համար տուն գնել, քանի որ վարձով էին ապրում։ «Դա իր առաջնային նպատակներից էր»,- նշում է քույրը։
Քույրը եղբորը մասին պատմելիս նշում է՝ Խաչիկը բնավորությամբ ինքնամփոփ էր, լռակյաց, չէր սիրում կիսվել, պատմել։
«Ինքը շատ ամաչկոտ էր, մի ընկեր ուներ, ամեն գաղտնիք միայն իրան կարար վստահեր, խոսեր»,- ասում է Մերին։
Մերին հուզմունքով ասում է, որ եղբոր ձայնն ականջին է, միշտ զգում է եղբոր ներկայությունը, եթե ցանկանում է որոշում կայացնել, անպայման զրուցում է եղբոր հետ:
«Եթե ինչ-որ որոշում եմ կայացնում, ապերի մոտ եմ գնում՝ գերեզման, խորհրդակցում եմ, հետո նոր անում»,- ասում է Մերին ու նշում՝ երբեք չէր պատկերացնի, որ պատերազմի հետևանքով կկորցնի իր մինուճարին:
«Մինչև հիմա չեմ պատկերացնում»,- հուզվում է Խաչիկի քույրը:
Արփինե Արզումանյան
MediaLab.am