ԼՂ հայերի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը Ադրբեջանի ներքին գործը չէ. Մարուքյանը՝ Հաջիևին

Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները երկրի ներքին խնդիր չեն համարվում Երկրորդ աշխարհամարտից ի վեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս կերպ է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է:

«Հաջիևը պնդում է, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար միջազգային մեխանիզմներ չեն գործի: Նա պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Եվս մեկ անգամ պետք է հիշեցնեմ՝ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չեն համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր», – գրել է Մարուքյանը Twitter-ի իր էջում: