Ֆրանսիացի գիտնականները շատ հավանական են համարել կորոնավիրուսի երկրորդ ալիքը

Ֆրանսիայի գիտական խորհուրդը, որն աշխատում Է երկրի կառավարությանն առընթեր, կարծում Է, որ առաջիկա ամիսներին երկիրը կբախվի COVID-19 կորոնավիրուսի երկրորդ ալիքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեծ Է այն բանի հավանականությունը, որ համաճարակի երկրորդ ալիքը կլինի աշնանը կամ ձմռանը»,- Le Figaro թերթը օգոստոսի 4-ին քաղվածքներ Է մեջբերում խորհրդի հայտարարությունից:

Ինչպես նշել են փորձագետները, «իրադրությունը Ֆրանսիայում գտնվում Է հսկողության ներքո, բայց այն շատ անկայուն Է»՝ կապված համաճարակաբանական իրավիճակի պարբերական դժվարությունների հետ: Նրանք նշել են, որ «այն, թե ինչպես կզարգանա համաճարակը մոտ ապագայում, մեծ մասամբ քաղաքացիների ձեռքում Է»:

Նախօրյակին՝ օգոստոսի 3-ին, Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել Է, որ չի կարելի թուլանալ, նվազեցնել սթափությունը, քանի որ կորոնավիրուսն առաջվա պես տարածվում Է երկրի տարածքում:

Worldometers պորտալի տվյալների համաձայն, Ֆրանսիայում COVID-19-ի բռնկման սկզբից ի վեր գրանցվել Է հիվանդության ավելի քան 190 հազար դեպք, վարակվածներից շուրջ 30 հազարը մահացել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: