Հայաստանում Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն կազմակերպելու հարցով տարվում են բանակցություններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հերքելով լուրը, թե Հայաստանը հրաժարվել է համատեղ արտադրության ռուսաստանյան առաջարկից:
«Հայաստանը որևէ բանից չի հրաժարվել: Մեր գործընկերները Էկոնոմիկայի նախարարության հետ տանում են բանակցություններ՝ նաև Հայաստանում նման արտադրություն կազմակերպելու»,- ասաց Ավանեսյանը:
Նա շեշտեց, որ դա պետք է ենթադրի մասնագիտական, արտադրական և այլ ենթակառուցվածքների առկայություն: «Եվ ես հույս ունեմ, որ մեր դեղագործական ընկերությունները՝ գնահատելով շատ կարևոր պատվաստանյութի արտադրության կարևոր հանգամանքը՝ շահագրգռված կլինեն ներդրումներ անել և համատեղ արտադրություն բացել»,- ասաց նախարարը: