«Թող մի հատ գան իրենք ու գյուղացիների հարցին պատասխանեն, հոգնել ենք արդեն, ամեն օր մի նորություն լսելուց հոգնել ենք». Գորիսի քաղաքապետի տեղակալ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Քոչարյանը

– Պարո՛ն Քոչարյան, չորս օր է՝ ադրբեջանական անցակետեր են տեղադրվել Գորիս-Կապան ճանապարհին, ու հենց առաջին օրվանից արդեն խնդիրներ էին առաջացել գյուղերում հաց մատակարարելու և այլ առումներով: Հիմա ի՞նչ վիճակ է ընդհանուր առմամբ, այդ կարգի խնդիրները կարգավորվե՞լ են:

– Քաոսային իրավիճակ է. փորձում ենք ինչ-որ մի ձև օգնենք, աջակցենք մեր գյուղացիներին: Մարզպետարանն իր գործն է կատարում, մենք՝ մեր: Խնդիրները չափազանց շատ են, փորձում ենք դրանք հնարավորինս շուտ նվազեցնել, բայց որ ասեմ այդ խնդիրները կարգավորվել են, ճիշտ չի լինի: Կոնկրետ հացի մատակարարման հարցով զբաղվում է մարզպետարանը:

Կնշե՞ք գյուղերը, որոնք համայնքից կտրվել են ու այդ խնդիրների առաջ կանգնել:

– Շուռնուխ, Որոտան, Բարձրավան: Եթե մեր վերադասի կողմից հայտարարված այլընտրանքային ճանապարհները ժամանակին ու նորմալ կառուցվեն, կարծում եմ՝ որոշ չափով մեր գյուղերի խնդիրները կլուծվեն, չնայած հանգամանքին, որ Գորիսից Որոտան գյուղ հասնելու համար անհրաժեշտ էր ընդամենը 15 րոպե, իսկ այսօր 2-3 ժամվա ճանապարհ է դարձել:

Գյուղացիների մոտ ի՞նչ տրամադրություններ են, պարո՛ն Քոչարյան:

 – Եթե զանգեք մի գյուղացու ու այդ հարցը տայիք՝ էնպես գերազանց կպատասխանի այդ հարցին: Ես, իհարկե, շփվում եմ գյուղացիների հետ, բայց նրանց տրամադրությունների մասին չեմ խոսի, քանի որ իմ փոխանցմամբ՝ մի փոքր այլ կերպ կստացվի այդ ամենը:

Իսկ այդ այլընտրանքային ճանապարհների վերանորոգումը հնարավո՞ր է մինչև տարեվերջ ավարտին հասցնել:

– Նորոգելու կարիք չկա, կառուցել է պետք: Մենք ճանապարհ չունենք, որ նորոգվի, այդ ճանապարհը պետք է կառուցվի: Ճանապարհային հարցով մեկ տարի է՝ մենք ճգնաժամի մեջ ենք, արդեն ներվերներս չեն հերիքում:

Թող մի հատ իրենք գան ու գյուղացիների հարցին պատասխանեն, գյուղացիների մտահոգությունները կիսեն, արդեն լռելն էլ չի ստացվում, հոգնել ենք արդեն, ամեն օր մի նորություն լսելուց հոգնել ենք, ես՝ որպես նախկին սպա, իմ հաղթանակած տարածքները… հոգնել եմ արդեն:

Սպասում են ամենավերջին կետի՞ն, հասել ենք դրան, հիմա՞ ինչ են ուզում, ի՞նչ են անում, թող մեզ կոնկրետ մի բան ասեն, որ կարողանանք պատասխանել մեր գյուղացուն: 30 տարի պաշտպանել եմ իմ գյուղացուն, հայրենիքս, հիմա չգիտեմ՝ ինչ եմ անում: Այսպես ապրել էլ անհնար է:

Ցավ եմ ապրում, երբ նայում եմ ադրբեջանցիների նկարած տեսանյութը, որ իմ զինվորը դիրքից դուրս գալու համար ներողություն է խնդրում… Հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում մեր պետությունում: Մարդ իրա հողում թուրքից ներողությո՞ւն խնդրի:

Պարո՛ն Քոչարյան, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք տեսնո՞ւմ եք:

– Մի ասացվածք կա, ասում է, եթե մեռնելս կա՝ խռխռալս ինչի՞ է, ով ինչպես ուզում է՝ թող հասկանա: Ես հաղթանակած բանակի սպա եմ, իսկ իմ բանակը երեք տարվա մեջ վերածեցին չգիտեմ՝ ինչի: Խայտառակություն է, ցավ եմ ապրում: Իմ խնդրանքս ազգին, մեր կառավարությանը, պետությանը՝ ձեռնարկե՛ք միջոցներ, չգիտեմ՝ հետագան ինչ կլինի, ցավալի է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am