«ԱԽ քարտուղարի ասելով չէ, այսօր փաստացի հացի մեքենան չի գնացել Շուռնուխ ու Բարձրավան». Իրինա Յոլյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գորիս համայնքի ավագանու անդամ Իրինա Յոլյանը

– Տիկի՛ն Յոլյան, Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի տեղադրման փաստին ինչպե՞ս եք վերաբերվում:

– Ասեմ, որ նման իրողությունն անսպասելի էր, բայց այն բոլոր զարգացումները, որոնք տեղի էին ունենում ամիսներ շարունակ, ադրբեջանական սադրանքները, իհարկե որոշակի հետևանքներ ենթադրում էին: Իսկ մենք ընդամենը երեկ երեկոյան հեռուստացույցից իմացանք, որ սյունեցիների ճակատագիրը վճռվում է, այն էլ՝ ոչ ցանկալի ձևով:

Կասեք՝ այժմ ի՞նչ իրավիճակ է Գորիս-Կապան ճանապարհին:

– Այժմ ճանապարհը չի գործում, Գորիս-Կապան ճանապարհով երթևեկություն չկա: Այլընտրանքային ճանապարհների մասին պետք է ասեմ, որ երեք բնակավայր՝ Որոտանը, Շուռնուխը, Բարձրավանը, երթևեկում են Խոտ բնակավայրի այլընտրանքային ճանապարհով, որն այսօր ընթացիկ վերանորոգման փուլում է, աշխատանքներն ավարտված չեն:

Ճանապարհը նույնիսկ գրունտային չէ ու եղանակային վատ պայմանների պարագայում դժվարանցանելի է լինելու: Առավոտյան հացի մեքենան չի գնացել ո՛չ Շուռնուխ, ո՛չ Բարձրավան, Գորիսի համայնքապետարանը կազմակերպեց, որպեսզի գոնե հացը կարողանանք հասցնել բնակավայրի բնակիչներին:

Որքանո՞վ է այդ այլընտրանքային ճանապարհն անվտանգ ու ապահով երթևեկության համար:

– Անվտանգային առումով որևէ խնդիր չկա, բայց երթևեկության առումով բավականին դժվարանցանելի է, որովհետև անտառամիջյան ճանապարհ է, ու բազմիցս խոսել ենք այդ բարդ ռելիեֆի մասին, իսկ այդ ճանապարհը պետք էր ավելի շուտ վերանորոգել, որի մասին արդեն մեկ տարի է` խոսում ենք: Հաշվի առնելով, որ դիմացը ձմեռ է, իսկ Գորիսում այդ սեզոնին եղանակային պայմաններն նպաստավոր չեն շինարարության համար, գոնե եթե կարողանան հասցնել ճանապարհը գրունտային դարձնել, մի փոքր հեշտ կլինի, բայց եթե այսպես մնա՝ շատ ավելի դժվար է լինելու:

Տիկի՛ն Յոլյան, հաստատո՞ւմ եք Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն միտքը, որ ստեղծված նոր իրավիճակում Սյունիքի մարզի որևէ համայնք շրջափակման մեջ չի հայտնվի:

– Այսօր արդեն առաջացել է հացի խնդիր, ո՞վ է տեղյակ դրա մասին: Միայն բառեր ասելով չէ, յուրաքանչյուր բառի համար պետք է երաշխիքներ տալ ու միջոցներ ձեռնարկել, ասելով չէ, փաստացի այսօր հացի մեքենան այդ բնակավայրեր չի գնացել:

Նման շատ դեպքեր կարող են լինել. վաղը-մյուս օրը առողջության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, այլ խնդիրներ ևս, ո՞նց է այդ ամենն արագ արձագանք գտնելու այդ դժվարանցանելի ճանապարհով:

Իսկ ի՞նչ տրամադրություններ են մարդկանց մեջ այս նորությունից հետո:

– Իհարկե, մարդիկ ունեն օբյեկտիվ անհանգստություններ, մտահոգություններ, մարդկանց անվտանգության երաշխիքներ են պետք, ու, ի վերջո, տեղի ունեցողն ընդհանրապես տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է, որ ՀՀ քաղաքացիները որոշակի գումար վճարելով ադրբեջանական անցակետում՝ կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհով: Պատկերացնո՞ւմ եք նման բան, դա հնարավո՞ր է:

– Բացարձակապես չեմ պատկերացնում, ընդհանուր հետագա զարգացումները չեմ պատկերացնում՝ ի՞նչ կլինի, հանրային վերաբերմունքն ինչպիսի՞ն կլինի, չեմ կարող ասել, այդ ամենն առաջիկայում կերևա, հիմա մեր բնակիչների անունից ոչինչ չեմ կարող ասել:

Ընդհանրապես այդ որոշումն ու Անվտանգության խորհրդի քարտուղարի այդ միտքն այս պահին լուրջ մտահոգության տեղիք են տալիս, ու շատ ցավալի է, որ նման ձևակերպումներ են անում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am