Ի՞նչ է սպասվում «Կարֆուրին» Մաքսային միություն գնացող Հայաստանում

Ի՞նչ է սպասվում «Կարֆուրին» Մաքսային միություն գնացող Հայաստանում
Ի՞նչ է սպասվում «Կարֆուրին» Մաքսային միություն գնացող Հայաստանում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած պաշտոնական այցելությունը կրկին անգամ սպասումների առիթ է հանդիսացել` տեւական դադարից հետո առաջ քաշելով այն հարց, թե արդյոք Հայաստանի իշխանությունները կկարողանան քաղաքական կամք դրսեւորել վերջիվերջո օլիգարխիկ մենաշնորհային Հայաստանում  ֆրանսիական հայտնի «Կարֆուր» հիպերմարկետների ցանցին գործունեության դաշտ տալով:

 ««Կարֆուրի» բացման հարցը իշխանությունների համար այն ինդիկատորն է դարձել, որը ցույց է տալիս, արդյոք նրանք կարող են փոխել իրենց դեմքը, թե ոչ,-«Մեդիալաբին» ասում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը` բացառիկ որակելով Օլանդի` Մաքսային միություն գնացող Հայաստան այցելությունը:

Սակայն, տնտեսագետները եւ տնտեսական վերլուծաբանները այնքան էլ վստահ չեն, որ նույնիսկ քաղաքական կամքի դրսեւորման եւ սուպերմարկետի դռների բացումից հետո քաղաքական կամքի լակմուսի թուղթ հանդիսացող ֆրանսիական հսկա սուպերմարկետների ցանց «Կարֆուրի» ակնկալիքները արդարանալու են:

«Ակնկալիքները մի տարի առաջ եւ հիմա լիովին տարբեր են»,-«Մեդիալաբին» ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը,-եթե մեկ տարի առաջ խոսք չկար Մաքսային միություն մտնելու մասին, ապա հիմա խոսակցությունը փոխվել է:Նույնսիկ մուտք գործելով հայկական տնտեսական դաշտը «Կարֆուրը»` մաքսային տուրքերի եւ այլ հարակից հարցերով մեծ խնդիրների եւ ոչ մրցակցային պայմաններում կարող է հայտնվել, չհաշված իր` սպիտակ հաշվապահությունն ու տեղական դաշտում գործող ստվերայինը»:

Եթե նախկինում մտավախություն կար, որ իշխանության աջակից, օլիգարխները մեծ կորուստներ կկրեն «Կարֆուրի» դաշտ մտնելուց հետո, հաշվի առնելով, որ ֆրանսիական սուպերմարկետների ցանցը ինքն է ներկրում հիմնական սննդամթերքը իր ցանցի համար, եւ դրանով իսկ չի կարող ենթարկվել մենաշնորհային կարգավիճակում գտնվող օլիգարխներից, որոնք են թելադրում երկրում կենսական նշանակություն ունեցող առաջնային սննդամթերքի` շաքարավազի, ալյուրի, ձեթի եւ այլ մթերքների գները, ապա, ըստ վերլուծաբանների Մաքսային միություն մտնելը ինչ որ առումով «թուլացրել է այդ վտանգը»:

Խոսքը մասնավորապես վերաբերում է ՀՀԿ ԱԺ պատգամավոր հայտնի Սամվել Ալեքսանյանին, ով նախագահական, խորհրդարանական ընտրություններին իշխանությունների մշտական աջակիցն է, եւ ում են պատկանում Հանարապետությունում ամենամեծ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցերը, շաքարավազի գրեթե ամբողջ, այլուրի, ձեթի ներկրումը, այլ մենաշնորհները:

Մայիսի 12-ին հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանն իր ելույթում Սերժ Սարգսյանն իր ելույթում առանձնակի անդարդառնալով «Կարֆուրի» բացմանը հայտարարել է, թե «մեզ համար պատիվ է, որ Հայաստանում ֆրանսիական խոշոր ընկերությունների թվին շուտով կավելանա ևս մեկը՝ «Կարֆուր» հիպերմարկետների ցանցը»:

«Այս փաստն ինքնին վկայում է, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ են ապահովված օտարերկրյա ներդրումների համար»,-հայտարարել է նա:

««Կարֆուր»-ն ապրուստի հնարավորություն կտա տեղական արտադրողին և լիարժեք կինտեգրվի հայաստանյան մթերային, կենցաղային արտադրանք վաճառող տեղական խանութների ցանցում,-իր ելույթում ասել է Ֆրանսուա Օլանդը:- Ցանկանում եմ նաև, որպեսզի «Կարֆուր»-ի հաստատումը Հայաստանում խրախուսի ֆրանսիական մյուս ընկերություններին Ձեր երկրում ներդրումներ կատարելու համար և ոչ միայն մթերային վաճառքի ոլորտում:

Սակայն, վերլուծաբանները միանշանակորեն լավատես չեն, որ ամեն ինչ այդքան հրաշալի կարող է լինել` հաշվի առնելով այն, որ Մաքսային միությունն իր կանոններն է թելադրում:

Տարբեր հայտարարություններում թե տնտեսագետները, թե վերլուծաբանները եւ իշխանությունները նշել են, որ Մաքսային միություն մտնելու դեպքում Հայաստանում գնաճն անխուսափելի է: Այս մասին փետրվարի 6-ին կայացած ասուլիսում հայտարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Միեւնույն ժամանակ նա նշել էր, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո, գործարարները կսկսեն ապրանքներ ներմուծել ՄՄ անդամ երկրներից, եւ այդ դեպքում թանկացումներն աննշան կլինեն` հավելելով, թե իշխանությունները բանակցություններ են սկսել ՄՄ հետ  11 553 անուն ապրանքներից մոտ 850-ի շուրջ բացառություններ ստանալու նպատակով, որպեսզի դրանք հնարավոր լինի մաքսազերծել գոյություն ունեցող մաքսատուրքերով:

«Հայկական  Ժամանակ» օրաթերթի տնտեսական վերլուծաբան Հայկ Գեւորգյանը նշում, է, որ հիմա իշխանություններն ավելի քիչ են վախենում «Կարֆուրից» եւ որ օլիգարխները կարող են ավելի ապահով լինել: Նա բացատրում է, որ եթե օրինակ շաքարավազի ներկրումը հարկվում է 10 տոկոս, ապա Մաքսային միություն մտնելուց հետո, ոչ անդամ երկրներից ներկրվող գների վրա նախատեսվում է 40 տոկոս մաքսատուրք:

«Դա նշանակում է, որ «Կարֆուրի» ներկրած շաքարավազի գինը կլինի ոչ մրցունակ, նույնը վերաբերում է առաջին անհրաժեշտության մթերքներին` ձեթ, կարագ, պանիր, մսամթերք, կաթնամթերք եւ այլն,-«Մեդիալաբին» ասում է Գեւորգյանը,- սակայն, ՄՄ կայանալու խնդիր ունի, եւ միգուցե Հայաստանը չդառնա անդամ, այդ դեպքում բոլոր հաշվարկները կխառնվեն իրար»:

© Medialab.am