«Եթե ի սկզբանե լիներ ինչ-որ միջամտություն, վստահաբար կարող եմ ասել, որ նման ծանր դրսևորում երբեք չէր լինի». Դավիթ Թումասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը

– Պարո՛ն Թումասյան, ձեր դիտարկումներն ու գնահատականն եմ խնդրում անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի ու հասարակության արձագանքի վերաբերյալ:

– Միանշանակ, այդ տեսանյութն իր մեջ պարունակում է բռնության տարբեր դրսևորումներ, որոնք պետք է ստանան իրենց իրավական գնահատականը, այսինքն՝ կան մի քանի հանցագործություն, որոնք ակնհայտ են, ու կան որոշ դեպքեր, որոնց պարագայում հանցագործության տեսակը պետք է պարզվի քննությամբ: 

Այն, որ հանցագործությունն իրականացվում է մեկ երեխայի նկատմամբ, դեռ չի նշանակում, որ մյուս երեխաները, որոնք հայտնվում են այդ տեսանյութում, բռնության չեն ենթարկվում, որովհետև միայն այն փաստը, որ երեխայի ներկայությամբ մեկ այլ երեխայի նկատմամբ բռնություն է գործադրվում, ըստ միջազգային չափանիշների, համարվում է բռնություն նաև այդ երեխայի նկատմամբ, առավելևս, եթե դա իրականացվում է ծնողի կողմից, որովհետև երեխաները շատ ծանր են տանում այն անձի կողմից բռնությունը, որի վրա դրված է իրենց պաշտպանելու պարտականությունը:

Այսինքն՝ փոխանակ այդ անձը պաշտպանի, օգնի, և երեխաները շատ հաճախ օգնության համար դիմում են իրենց ծնողին, ու երբ ծնողն է բռնություն գործադրում, երեխան կրկնակի տրավմա է ստանում: Որ նման դեպքը պետք էր կանխարգելել, միանշանակ է, կանխարգելումն իրականացնելու համար անհրաժեշտ է բազմաբնույթ գործողությունների իրականացում, մասնավորապես, սոցիալական ոլորտի համատեքստում: 

Այս ընտանիքը սոցիալական մարմինների ուշադրության կենտրոնում է եղել, ու առաջինը հենց համայնքը պետք է լիներ այն լակմուսի թուղթը, որը կֆիքսեր խնդիրը: Խնդիրը սոցիալական առումով ոչ թե ֆինանսական կամ գնաիրային օգնություն տրամադրելն է, այլ շատ հաճախ հոգեբանական օգնություն ու իրավաբանական խորհրդատվություն տրամադրելը: 

Այս ընտանիքի խնդիրը հետևյալն է. նրանք բազմազավակ ընտանիք են, որի պարագայում փաստացի մեկ կին խնամում է երեխաներին, իսկ ընտանիքի հայրը բացակայում է՝ գտնվելով քրեակատարողական հիմնարկում: Միայն այն փաստը, որ բռնության դեպք է եղել այդ ընտանիքում, այդ ընտանիքը, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի համաձայն, դառնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիք, որը սոցիալական մարմինների հոգածության ներքո պետք է գտնվի, իսկ առաջին օղակը, որը ամենամոտն է կանգնած ընտանիքին, համայնքն է: 

Այստեղ կարևորվում են համայնքի սոցիալական աշխատողի դերը, նրա գործառույթը և համապատասխան ճիշտ ռիսկերի գնահատման գործիքի առկայությունը, որ ինքը կարողանա ճիշտ գնահատել, թե ի՛նչ կարիք ունի այդ ընտանիքը, կոնկրետ երեխան, ու հավուր պատշաճի օգնություն տրամադրի: 

Ինչ վերաբերում է հասարակության վարքագծին. նման տեսանյութի առկայությունը սառը ցնցուղի էֆեկտ ունեցավ, որովհետև հասարակությունը, որը երբեք չէր տեսել նման նյութ, ցնցվեց, զայրացավ ու մարդկային հուզական ծանր վիճակների մեջ ընկավ: 

Որոշ դեպքերում մարդիկ կիսվում էին այդ նյութով զուտ ապրումակցելով, կարեկցելով կամ փորձելով իրենց ձայնը լսելի դարձնել: Այդ պահին շատերը չէին գիտակցում, որ երեխայի լուսանկարը, նրա հետ կապված այլ տվյալներ տարածելը չեն բխում երեխայի լավագույն շահից: Իհարկե, այս պահին նյութերի մեծ մասն արդեն հեռացված է, բայց դա իր բացասական էֆեկտն արդեն ունեցել է, որովհետև բոլորն իմացան, կարողացան երեխային նույնականացնել, իսկ սա խնդրահարույց է երեխայի հետագա սոցիալականացման ու վերաինտեգրման առումով: 

Որքանո՛վ երեխան կկարողանա նորից ապրել այս հասարակությունում, որպեսզի նրան չպիտակավորեն, նրա նկատմամբ կարծրատիպային մոտեցում չլինի: Նման դեպքերում մշտապես պետք է հիշել այս մասին, ու այդ ֆիլտրերի առկայությունը՝ դեմքը փակելը, ջնջելը և այլ մոտեցումներով նման նյութի տարածումը կամ կոնկրետ թիրախավորված պատկան մարմնին ուղարկելը, այլ ոչ թե Ֆեյսբուքում կիսվելը, միանշանակ ավելի օգտակար կլիներ: 

– Այս դեպքն արդյո՞ք խոսում է այն մասին, որ սոցիալական աշխատողները ևս թերացել են իրենց գործում:

– Քանի որ այս պահին մենք չունենք հստակ փաստական տվյալներ, կոնկրետ ծեծը եղե՞լ է իրենց իմացության առարկան, թե՞ ոչ, ես կդժվարանամ որևէ բան ասել, բայց այն, որ խորքային գնահատական տալու համար նրանք պետք է ավելի խոր ուսումնասիրություն կատարեին ու պարզեին այդ ընտանիքի խնդիրները, միանշանակ է: 

Սոցիալական աշխատողն այն անձն է, որը պետք է ուսումնասիրի ընտանիքն ամբողջությամբ, որը պետք է գնահատական տա ընտանիքի յուրաքանչյուր անդամին, յուրաքանչյուրի կարիքներն ու ռիսկերը վեր հանելով՝ համապատասխան աջակցության փաթեթ տրամադրելով: 

Բայց այս պարագայում, ինչպես հասկացել եմ, իրականացվել են ընդամենը միակողմանի գործողություններ՝ զուտ ֆինանսական ու գնաիրային համատեքստում: Ասածս հետևյալն է, որ եթե անգամ անձը դիմել էր ֆինանսական կամ գնաիրային օգնություն ստանալու համար, սոցաշխատողը, որը տնայց է կատարում, չպետք է կաշկանդված լինի դրանով, այլ պետք է համալիր ուսումնասիրություն իրականացնի: 

– Պարո՛ն Թումասյան, եթե սոցիալական աշխատողները պատշաճ աշխատանք տանեին, հնարավոր կլինե՞ր խուսափել նման դեպքից:

– Չեմ բացառում, քանի որ սա ընդամենը ենթադրություն է, ամեն դեպքում, չեմ բացառում:

 – Նման դեպքերի կանխմանը որքանո՞վ կարող են նպաստել նույն հարևանների կամ ընտանիքի անդամների ահազանգերը, այսինքն՝ լռությունը նպաստո՞ւմ է, որ ընտանեկան բռնությունները չկանխվեն:

– Ցանկացած բռնության անտեսում վտանգավոր է, քանի որ ձևավորում է անպատժելիության մթնոլորտ, և անձը դա ընկալում է որպես նորմալ, ընդունելի վարքագիծ: Տվյալ պարագայում որևէ նշանակություն չունի՝ ականատեսը փողոցում ուղղակի անցորդ էր, հարևանն էր, թե դպրոցի ուսուցիչն էր, խոսքն այստեղ հասարակական պարտքի մասին է: 

Մենք գործ ունենք անպաշտպան երեխայի հետ, որն օգնության ու աջակցության կարիք ունի, ու եթե նման դեպքերի մասին չբարձրաձայնվի ու չասվի, տրամաբանական է, որ բռնությունն ավելի կխորանա ու կծանրանա: Եթե ի սկզբանե լիներ ինչ-որ միջամտություն, վստահաբար կարող եմ ասել, որ նման ծանր դրսևորում երբեք չէր լինի: 

Ավելին՝ այստեղ շատ կարևորվում է այն փաստը, որ թեկուզև կենսաբանական ծնողն է, այնուամենայնիվ, նա չունի երեխային որպես գույքի վերաբերվելու նման իրավասություն: Բացի այս, եթե ծնողի՝ մեկ անգամ երեխայի նկատմամբ բռնություն գործադրելուց հետո նրա իրավունքները կա՛մ սահմանափակվեն, կա՛մ դրանցից նրան զրկեն, ապա տրամաբանական է, որ բռնությունն այսպիսի գազանային դրսևորում չի ստանա:

– Այսինքն՝ պատկան մարմինների թերացումն այստեղ կա՞:

– Խնդիրը հետևյալն է. մենք ունենք ծնողական իրավունքներից զրկելու ինստիտուտ, որի հիմքերը հստակ նախատեսված են Ընտանեկան օրենսգրքում: Այդ նույն խնամակալության, հոգաբարձության մարմինների գործառույթների մեջ է մտնում այդ ամենի պարզումը, ու եթե իրենք նկատած լինեն նման խնդիր ու արձագանքած չլինեն, այստեղ պետք է քննարկվի նաև նրանց հանցավոր անգործությունը: Քանի որ նման տեղեկատվություն դեռ չկա, դժվար է գնահատական տալ, պետք է քննության առարկա դառնա, բայց եթե դա հաստատվի, նոր կարող ենք ասել, որ պատկան մարմինները չեն գործել:

– Պարո՛ն Թումասյան, այս դեպքից հետո այդ ընտանիքի երեխաների նկատմամբ պետությունն ի՞նչ պարտավորություններ ունի, ի՞նչ պետք է անի:

– Այս պահին, քանի որ երեխաների երկու ծնողն էլ հնարավորություն չունեն երեխայի խնամք ու դաստիարակություն իրականացնելու, պետությունը երեխաներին կտեղավորի ճգնաժամային կենտրոնում, մինչև վերջնական կարգավիճակի պարզումը: Եթե հետագայում այդ երկու ծնողն էլ զրկվեն ծնողական իրավունքից, երեխաների համար կկազմակերպվի այլընտրանքային խնամքի ձև, կամ՝ անգամ կարող են հանձնվել որդեգրման:

– Եղած փաստերը բավարա՞ր են, որ նրանց զրկեն ծնողական իրավունքից:

– Ծնողական իրավունքների առնչությամբ Ընտանեկան օրենսգիրքն այսպես է ասում. «Ծնողը զրկվում է ծնողական իրավունքից, եթե ինքը կատարել է իր երեխայի նկատմամբ դիտավորյալ հանցագործություն», այսինքն՝ եթե այս քրգործի շրջանակներում մենք ունենանք մեղադրական դատավճիռ, ապա դրա հիմքով ընդամենը քաղաքացիական հայց ներկայացնելով՝ դատարանը նրանց կզրկի ծնողական իրավունքից: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am